ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-667-25.09.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-667-25.09.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
09.10.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 6-րդ մասում լրացում կատարել, ինչի արդյունքում նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում համապատասխանաբար նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները, որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, ( ) շարունակելու են պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր նշանակման համար սահմանված ժամկետի ավարտը: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածում լրացվում է նաեւ 6.1-ին մաս, որի ուժով մեկամսյա ժամկետում նոր նշանակում (վերանշանակում) չկատարելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարն ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ նախարարի նշանակման կամ համայնքի ղեկավարի դեպքում՝ պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում նախարարի տեղակալի կամ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նոր նշանակում կամ վերանշանակում տեղի չունենալու դեպքում, ժամանակավոր պաշտոնակատարն ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից: Նախագծին կից ներկայացված հիմնավորումից բխում է, որ նշված կարգավորմամբ համակարգվում է մեկամսյա ժամկետում նոր նշանակում չկատարելու իրավական հետեւանքները: Սույնի հետ կապված նշենք հետեւյալը. Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի գործող կարգավորմամբ սահմանված է. «Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում համապատասխանաբար նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները, որպես ժամանակավոր պաշտոնակատարներ ( ) շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնում նոր նշանակում կատարելը: Նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նոր նշանակումը կատարվում է համապատասխանաբար նախարարի նշանակման, իսկ համայնքի ղեկավարի դեպքում՝ պաշտոնի ստանձնման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:»: Այսինքն՝ համապատասխան պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող անձանց կողմից մեկամսյա ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում կատարելը վերջիններիս համար իմպերատիվ պահանջ է եւ կոչված է ապահովելու համապատասխան մարմինների բնականոն գործունեությունը: Մինչդեռ Նախագծով նախատեսված կարգավորումների արդյունքում համապատասխան պետական մարմիններն այլեւս կաշկանդված չեն լինի մեկամսյա ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում կատարելու պարտականությամբ, ինչի արդյունքում կարող է անմիջական վտանգ ստեղծվել համապատասխան մարմինների բնականոն գործունեության համար՝ պայմանավորված դրանց չկազմավորմամբ կամ չհամալրմամբ: Կարծում ենք, որ Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի գործող բովանդակությունից արդեն իսկ բխում է մեկամսյա ժամկետում նշանակում կատարելու պահանջի պարտադիր ուժ ունենալը, ուստիեւ նշված պարտականությունը նախարարի եւ համայնքի ղեկավարի համար համապատասխանաբար նշանակման եւ պաշտոնի ստանձնմանը հաջորդող պարտադիր գործառույթ կամ լիազորություն է, հետեւաբար չի կարող չիրականացվել: Նույն տրամաբանությունը վերաբերում է նշված սուբյեկտների այլ պարտադիր լիազորություններին կամ վերջիններիս համար նախատեսված սահմանադրական մյուս պարտադիր պարտականություններին: Հետեւաբար, հիմք ընդունելով համապատասխան մարմինների կազմավորման կամ համալրման հրամայական անհրաժեշտությունը, կարծում ենք, Նախագծով մեկամսյա ժամկետում նշանակում չկատարելու վերաբերյալ կարգավորում սահմանելը, կորցնում է այդ պահանջի պարտադիրությունը, ինչը կարող է վտանգ ստեղծել համապատասխան մարմիններում վերջիններիս գործառույթների երաշխավորված իրականացման համար: Բացի այդ, Նախագծով նախատեսված կարգավորումներից հասկանալի չէ նաեւ, թե մեկամսյա ժամկետում նոր նշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարի ազատման պարագայում թափուր պաշտոնը երբ է համալրվելու: Նույն դիտարկումները վերաբերելի են նաեւ Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումներին: 2. Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Հանրային ծառայության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 05.10.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 05.10.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է հստակ կարգավորման ենթարկել վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության, ինչպես նաեւ Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում, վարչական պաշտոն զբաղեցնող անձի եւ նախարարի ու համայնքի ղեկավարի տեղակալի՝ համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, առաջարկվում է՝ - անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի (ինչպես նաեւ նախարարի, համայնքի ղեկավարի) փոփոխության դեպքում նոր նշանակում կատարելու համար սահմանել ժամանակավոր պաշտոնակատարին զբաղեցրած պաշտոնից նախապես ազատելու պահանջը, ընդ որում՝ ազատումը պետք է իրականացվի նույն ընթացակարգով, որը կիրառվում է ներկայումս տվյալ պաշտոնում նշանակելու եւ ազատելու դեպքում՝ տվյալ պաշտոնում նշանակելու եւ ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից (ըստ անհրաժեշտության, համապատասխան պաշտոնատար անձի առաջարկության հիման վրա), - հստակեցնել օրենքում մատնանշված մեկամսյա ժամկետում նոր նշանակում չկատարելու դեպքում առաջացող իրավական հետեւանքները՝ սահմանելով նոր նշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ կարգավորում՝ համապատասխան անհատական իրավական ակտի հիման վրա (որը պետք է ընդունվի տվյալ պաշտոնում նշանակելու եւ ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից, ըստ անհրաժեշտության, համապատասխան պաշտոնատար անձի առաջարկության հիման վրա), - վերը նշված խնդիրների լուծմանն ուղված կարգավորումներ սահմանել նաեւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 02.10.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծով առաջարկվում է՝ - վարչական կամ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի, ինչպես նաեւ նախարարի, համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում նոր նշանակում կատարելու համար սահմանել ժամանակավոր պաշտոնակատարին զբաղեցրած պաշտոնից նախապես ազատելու պահանջը: Ընդ որում՝ ազատումը պետք է իրականացվի նույն ընթացակարգով, որը կիրառվում է ներկայումս տվյալ պաշտոնում նշանակելու եւ ազատելու դեպքում՝ տվյալ պաշտոնում նշանակելու եւ ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից (ըստ անհրաժեշտության, համապատասխան պաշտոնատար անձի առաջարկության հիման վրա). - հստակեցնել Օրենքում մատնանշված մեկամսյա ժամկետում նոր նշանակում չկատարելու դեպքում առաջացող իրավական հետեւանքները՝ սահմանելով նոր նշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ կարգավորում՝ համապատասխան անհատական իրավական ակտի հիման վրա: Չնայած այն հանգամանքին, որ Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում, այդուհանդերձ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը եւ առաջարկությունը. - հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասում, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է համապատասխան պաշտոններում նոր նշանակում կատարելու մեկամսյա ժամկետ՝ հաշված համապատասխանաբար նախարարի նշանակման/համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձնման/անմիջական ղեկավարի նշանակման օրվանից՝ առանց որեւիցե բացառություն/վերապահում նախատեսելու, մինչդեռ վերոնշյալ հոդվածներում Նախագծով առաջարկվող լրացմամբ սահմանվում է, որ վերոնշյալ ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում՝ համապատասխանաբար ժամանակավոր պաշտոնակատարը եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնում նշանակելու եւ ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից ընդունված անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Ստացվում է, որ Օրենքի համապատասխան դրույթների եւ առաջարկվող լրացման միջեւ առկա է հակասություն. - առաջարկում ենք նաեւ Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի, 6-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասություններում «նոր նշանակումը» բառերից հետո ավելացնել «վերանշանակումը» բառը՝ փակագծերի մեջ. Եզրահանգում
Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումը եւ առաջարկությունը՝ կարծում ենք, որ Նախագիծը լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 09.10.2023թ.
|