ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-668-02.10.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-668-02.10.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

16.10.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 3-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.2-րդ մասի 1-ին կետով սահմանվում է իրացման նպատակով ներմուծված? ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկելու առանձնահատկություն, ինչի արդյունքում վերջինիս կողմից վճարվող շահութահարկի հարկման բազան (ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ներմուծման մասով) ավելանում է:

Շահութահարկի հարկման բազայի փոփոխության համատեքստում հարկ է անդրադառնալ շահութահարկի հաշվետու ժամանակաշրջանին: Օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Հաշվետու ժամանակաշրջանը ժամանակահատված է, որի համար հաշվարկվում եւ վճարվում են հարկեր (…) կատարվում են Օրենսգրքով սահմանված այլ պարտավորություններ»: Օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով նշված է, որ շահութահարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին: Օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «(…) Հաշվետու տարին կամ հարկային տարին որեւէ տարվա հունվարի 1-ից մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածն է (…)»: Օրենսգրքի վերը մեջբերված դրույթներից բխում է, որ 2023 թվականի շահութահարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է հանդիսանում 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը: 

Այս տեսանկյունից Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը խնդրահարույց է հետեւյալ պատճառաբանությամբ: Այսպես՝ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 109-րդ հոդվածում լրացվող նոր 1.2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, ինչը համարվում է 2023 թվականի շահութահարկի հաշվարկման եւ վճարման հաշվետու ժամանակաշրջան: Նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով»: Վերը մեջբերված դրույթում «ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերություններ» արտահայտության մեջ «գործող» բառը կիրառելուց բխում է, որ Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված կարգավորումը տարածվում է ոչ թե 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագող, այլ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո գործող հարաբերությունների վրա: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հաշվարկները հարկային մարմին են ներկայացվում հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ կարող ենք փաստել, որ Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված կարգավորումները տարածվում են ողջ 2023 թվականի ընթացքում առաջացած եկամտի նկատմամբ շահութահարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունների վրա:

Հետեւաբար՝ Նախագծի 3-րդ հոդվածը 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու արդյունքում ստացվում է, որ 2023 թվականին (ներմուծված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի օտարման մասով) եկամուտը հաշվարկելիս վճարվող շահութահարկի հարկման բազան հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսում փոխվում է:

Այս կապակցությամբ նշենք, որ շահութահարկ վճարող անձինք, ովքեր 2023 թվականի հունվարի 1-ից սկսած ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոց են ներմուծել իրացման նպատակով, այդ պահին ունեցել են իրավաչափ սպասելիքներ ներմուծված տրանսպորտային միջոցի իրացումից ստացված եկամտի մասով: Հետեւաբար շահութահարկի հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսում շահութահարկի հարկման բազան ավելացնելու վերաբերյալ դրույթ ընդունելը չի բխում օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքից: Հարկ է նշել, որ այս դիտարկումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 18-ին արտահայտած հետեւյալ դիրքորոշմամբ. «(…) Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները? Իրավակարգավորումների եւ իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը (…)» (ՍԴՈ-1148):

Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի հետ կապված հարկ է անդրադառնալ նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ (...) եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը»:

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք կա՛մ Նախագծի 3-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել առնվազն 2024 թվականի հունվարի 1-ը, կա՛մ սահմանել անցումային դրույթ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 1-ը իրացման նպատակով ներմուծված? ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարումից ստացված եկամտի հաշվարկման վերաբերյալ:

2. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում փոփոխություն կատարել, ինչի արդյունքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների շրջանակում ավելացվում են ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704, 8705 ծածկագրերին դասվող? մինչեւ 5 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցները: Ընդ որում՝ մինչեւ 3 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է այնքան, որքան Օրենսգրքի գործող կարգավորումներով սահմանված է 5 տարուց ավելի մինչեւ 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների համար, իսկ մինչեւ 5 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների համար դրույքաչափը սահմանվում է Օրենսգրքի գործող կարգավորումներով նշված 5 տարուց մինչեւ 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների համար սահմանված դրույքաչափի կրկնակի չափով: Նշենք նաեւ, որ Նախագծով 5 տարուց մինչեւ 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկի դրույքաչափը բարձրացվում է 3 անգամ: Վերոգրյալից բխում է, որ Նախագծով կատարվում է բնապահպանական հարկի դրույքաչափերի զգալի փոփոխություն, մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ հստակ նշված չէ, թե կոնկրետ այդ դրույքաչափերի ընտրությունը (բացի այլ երկրներում այդ հարկի ավելի բարձր լինելուց) ինչ հանգամանքներով է պայմանավորված:

3. Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պահանջը, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ ,օրենսգիրքե բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

4. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով նշված է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է Նախագծի ուժի մեջ մտնելուց տարբերվող ժամկետ միայն Նախագծի 5-րդ հոդվածի համար՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցնել, որ բացառությունը վերաբերում է ոչ թե Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասին, այլ 4-րդ մասով նշված դրույթին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

13.10.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

13.10.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել թեթեւ մարդատար մեքենաների ձեռքբերման կամ ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) համար Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 10-րդ կետերով սահմանված սահմանափակումները, որոնք վերաբերվում են ոչ իրացման նպատակով ձեռքբերված (ներմուծված) թեթեւ մարդատար ավտոմեքենաներին: Այդ կետերն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված ուժը կորցրած է ճանաչվում նաեւ Օրենսգրքի 73-րդ հոդվածի 8-րդ մասը: Միաժամանակ, Նախագծի անցումային դրույթներով օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օտարվող թեթեւ մարդատար ավտոմեքենաների մասով սահմանվել է ԱԱՀ-ի գումարները վերաձեւակերպելու դրույթ` պահպանելով մինչեւ փոփոխությունը գործող կարգը, նախատեսելով որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը ոչ իրացման նպատակով ձեռքբերված կամ ներմուծված այդ մեքենաների ձեռքբերման կամ ներմուծման մասով չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարների մասով, եւ այն կիրառել այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք մինչեւ Նախագծի ուժի մեջ մտնելը թեթեւ մարդատար մեքենաների ձեռքբերման կամ ներմուծման մասով օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 10-րդ կետերին համապատասխան ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարել: Անցումային դրույթներով սահմանվել է նաեւ, որ օրենքի 73-րդ հոդվածի 8.1-ին մասով նախատեսվող բացասական տարբերության վերաբերող կարգավորումները չեն կիրառվելու մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 10-րդ կետերին համապատասխան ոչ իրացման նպատակով ձեռքբերված կամ ներմուծված թեթեւ մարդատար ավտոմեքենաների մասով:

Բացի այդ, առաջարկվում է նաեւ փոփոխել ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704, 8705 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը, սահմանելով, որ այն ենթակա է հաշվարկման հետեւյալ դրույքաչափերով՝ մինչեւ 3 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար՝ 2%, 3 տարուց ավելի մինչեւ 5 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար՝ 4%, 5 տարուց ավելի մինչեւ 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար՝ 6%, 10 տարուց ավելի մինչեւ 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար՝ 12%, իսկ 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար՝ 24%, ինչպես նաեւ սահմանել վերը նշված փոփոխություններից բխող այլ կարգավորումներ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, թեեւ հարկ է արձանագրել, որ Նախագծի ընդունմամբ որոշ չափով կբարձրանա ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի հարկային բեռը (բնապահպանական հարկի մասով):

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

09.10.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): 

Ներկայիս իրավակարգավորումներով հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում ԱԱՀ, եթե Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների վաճառքի գործարքից առաջացած ԱԱՀ-ն ավելի մեծ է, քան այդ ապրանքի ձեռքբերման (այդ թվում` ներմուծման) համար վճարված ԱԱՀ-ն: Խնդիրը կայանում է նրանում, որ նման կարգավորման պարագայում` տրանսպորտային միջոցների առեւտրով զբաղվող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռվում հետ ստանալու ԱԱՀ-ի գծով առաջացող բացասական տարբերության գումարը: Հարկ է նշել նաեւ, որ մինչեւ 5 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար բնապահպանական հարկ չի հաշվարկվում, 5 տարուց ավելի մինչեւ 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար հաշվարկվում է բնապահպանական հարկ՝ 2% դրույքաչափով, 10 տարուց ավելի մինչեւ 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների (բացառությամբ 8702 90 809 0 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) համար՝ 10% դրույքաչափով, իսկ 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար՝ 20% դրույքաչափով:

Վերը նկարագրված միջակայքերը եւ դրույքաչափերը նախատեսվում է վերանայել, քանի որ ակնհայտ է, որ շրջակա միջավայրին ավելի փոքր չափով, սակայն վնաս պատճառում են նաեւ մինչեւ 5 տարեկան տրանսպորտային միջոցները, ինչը առավել ընդգծված է վթարված ավտոմեքենաների պարագայում:

Նախագծով առաջարկվում է վերանայել ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների գծով ԱԱՀ-ի հարկման բազայի նվազեցմանը նպաստող կարգավորումները, կանխարգելել օտարվող տրանսպորտային միջոցների գծով եկամտի թերհայտարարագրումը, ինչպես նաեւ վերանայել տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

13.10.2023թ.