ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Ք-679-13.10.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Ք-679-13.10.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Որոշակի տեսակի հանցագործության քրեական օրենքով նկարագրված հատկանիշների համակցությունը ձեւավորում է կոնկրետ հանցակազմ: Հանցակազմը արարքի քրեական օրենքով սահմանված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հատկանիշների համակցությունն է: Այդ հատկանիշները քրեական իրավունքի տեսության մեջ անվանվում են հանցակազմի տարրեր: Հանցակազմի տարրերն են՝ սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ, օբյեկտ, օբյեկտիվ կողմ:

Հանցակազմի տարրերի միաժամանակյա առկայությունը պարտադիր է կատարված արարքում հանցագործության առկայության փաստը հաստատելու համար: Համապատասխանաբար, թվարկված տարրից որեւէ մեկի բացակայությունը կվկայի, որ արաքը հանցագործություն չէ, ուստի կբացակայի նաեւ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը:

Մեր կողմից քննարկվող հարցում հետաքրքրություն է ներկայացնում հանցագործության օբյեկտիվ կողմի բացահայտումը: Օբյեկտիվ կողմը արարքի արտաքին կողմն է, որը դրսեւորվում է գործողությամբ կամ անգործությամբ, հանրորեն վտանգավոր հետեւանքով, արարքի եւ հետեւանքի միջեւ պատճառական կապով, արարքի կատարման տեղով, ժամանակով, եղանակով եւ միջոցներով:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) նոր լրացվող 420.1-ին հոդվածը, ունենալով հետեւյալ տեսքը՝ «Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:», կարող է խնդրահարույց լինել օբյեկտիվ կողմի որոշակիության տեսանկյունից, քանի որ հստակ չէ «որեւէ այլ պետության կազմում ճանաչելը» որպես արարք դրսեւորվում է որեւէ պայմանագրի ստորագրման, հայտարարության կամ այլ գործողության, թե առհասարակ որեւէ իրավիճակում անգործություն դրսեւորելու միջոցով: Նկարագրված լինելով ձեւական հանցակազմով՝ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 420.1-ին հոդվածը կարող է իրակաիրառ պրակտիկայում ունենալ տարընկալումներ, խնդրահարույց լինել հանցագործության իրավաբանական որակման փուլում, քանզի իրավակիրառ մարմինը կունենա լայն հնարավորություն դրսեւորելու տարբերակված մոտեցում՝ մի դեպքում որոշակի արարքի կատարումը մեկնաբանման միջոցով որակելով որպես Օրենսգրքում նոր լրացվող 420.1-ին հոդվածով նախատեսված հանցագործություն, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ: Հետեւաբար նշված խնդիրներից խուսափելու նպատակով առաջարկում ենք լրամշակել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 420.1-ին հոդվածը՝ այն դարձնելով առավել որոշակի, հստակ եւ կանխատեսելի:

2. Վերնագրից առաջ նշված «ՆԱԽԱԳԻԾ» բառը առաջարկում ենք հանել, քանի որ Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում այն արդեն նշված է:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 420.1-ին եւ 420.2-րդ հոդվածների վերնագրերը առաջարկում ենք գրել թավ տառերով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):» պահանջը պահպանելու համար, քանի որ Օրենսգրքում հոդվածների վերնագրերը գրված են թավ տառերով եւ անհրաժեշտ է ապահովել միասնական տեսք: Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել դասական թվականների ճիշտ գրությունը, այն է՝ «420.1-ին», «420.2-րդ»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

30.10.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

30.10.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում նախատեսել քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ընդունելու կամ ճանաչելու, Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար՝ անկախ դրսեւորման եղանակներից, սահմանելով ազատազրկում` տասից տասնհինգ տարի ժամկետով՝ նպատակ ունենալով կանխարգելել պաշտոնատար անձի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ընդունելու կամ ճանաչելու, Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարք՝ անկախ դրսեւորման եղանակներից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգի պահպանման նկատառումներով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

20.10.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Նախագծով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել՝

- 420.1 հոդվածով, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով».

- 420.2 հոդվածով, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»: 

Նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը դիտարկվում է՝ հենվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանի եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրի իրավական բնույթի վերաբերյալ մեկնաբանությունների վրա` վկայակոչելով իրավաբան գիտնականների աշխատությունները, անդրադառնալով 2010թ. հրապարակված Սահմանադրության մեկնաբանություններին,  Սահմանադրական դատարանի 12.01.2010թ. որոշմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 08.07.1992թ. որոշմանը: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Նախագիծն ուղղակիորեն սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

02.11.2023թ.