ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-683-19.10.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը, քանի որ Նախագծում «Պաշտպանության մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: Նշենք նաեւ, որ «Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխության արդյունքում նշված հոդվածը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմինները պարտավոր են ( )». մինչդեռ նշենք, որ Սահմանադրության 159-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ պետական կառավարման համակարգի մարմիններ են, ի թիվս այլնի, նախարարությունները եւ նախարարություններին ենթակա մարմինները. ընդ որում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով փրկարար ծառայությունը, ոստիկանությունը, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը նախատեսված են որպես նախարարությանը (Ներքին գործերի նախարարությանը) ենթակա մարմիններ, այլ ոչ՝ նախարարության մարմիններ: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ հասկացությունների միատեսակ կիրառության կարեւորությունը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով կա՛մ «ոստիկանության մարմինները պարտավոր են» բառերը փոխարինել « ներքին գործերի նախարարությունը պարտավոր է » բառերով, կա՛մ «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարությանը ենթակա» բառերով: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում: Միաժամանակ ներկայացված առաջարկությունների հիման վրա առաջարկում ենք ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 30.10.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 30.10.2023թ.
Նախագծով առաջարկվում է «Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով, ինչը բխում է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի կիրառումից, ըստ որի՝ Ոստիկանության գործառույթների իրականացումը վերապահվել է ՆԳ նախարարությանը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ (հեռ.՝ 011 513-603) 20.10.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագիծը պատրաստվել է՝ 16.12.2022թ. ընդունված ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու եւ «Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Ոստիկանության գործառույթների իրականացումը ՆԳ նախարարությանը վերապահելու նպատակով: Նախագծի ընդունման արդյունքում Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով Ոստիկանությանը վերապահված գործառույթներ իրականացնող լիազոր մարմին կսահմանվի ՆԳ նախարարությունը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ /011/ 513 235 /ներք. 16-18/ 02.11.2023թ.
|