ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-684-19.10.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-684-19.10.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ», իսկ Նախագծի 1-ին հոդվածից «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 2. Նախագծի 2-րդ հոդվածով «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 4-րդ մասով նշված է. «Սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Նշենք, որ վերը մեջբերված դրույթից հստակ չէ, թե արդյոք նման ցանկ արդեն իսկ գոյություն ունի, թե առկա է անհրաժեշտություն ընդունելու նոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ: Եթե նման ցանկ գոյություն չունի, ապա նշենք, որ Նախագծով սահմանված չէ որեւէ անցումային դրույթ Նախագծից բխող Կառավարության կողմից ընդունվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման վերաբերյալ: Մասնավորապես չեն ապահովվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով նշված պահանջները, դրանք են. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: 3. Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում եւ 3-րդ մասում «փոխհատուցման գումարի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «բացառությամբ 2023 թվականի» բառերը, ինչի արդյունքում դրանք ունենում են հետեւյալ բովանդակությունը. « 2. 2022 եւ 2023 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են` 1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի բացառությամբ 2023 թվականի). 2) 2016-2023 թվականներին ձեւավորված բազմաբնակավայր համայնքների` «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի բացառությամբ 2023 թվականի) հանրագումարին: 3. 2022 եւ 2023 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով. ԴԱ=Դ2016 փաստացի, որտեղ` ԴԱ-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է, Դ2016 փաստացի -ն - 2016 թվականին համայնքներին փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի բացառությամբ 2023 թվականի) ընդհանուր գումարն է»: Այսպես՝ վերը մեջբերվածից բխում է, որ քննարկվող նորմով սահմանվում են 2022 եւ 2023 թվականներին հատկացվող դոտացիաների վերաբերյալ կարգավորումներ: Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքներին հատկացվող դոտացիաների գումարները հաստատվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով, ինչից բխում է, որ 2023 թվականին հատկացվող դոտացիաների գումարներն արդեն իսկ հաստատված են 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2023 թվականն արդեն մոտենում է ավարտին՝ նշենք, որ հասկանալի չէ, թե ինչ նպատակով է սահմանվում բացառություն 2023 թվականին հատկացված դոտացիաների մասին: 4. Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, որով սահմանված է. «Անկախ սույն օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից` 2017 թվականին եւ հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում եւ հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարը)»: Վերոգրյալից բխում է, որ Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է համայքներին տրվող դոտացիաների ստորին սահման, այն է՝ առնվազն 2016 թվականին հատկացված դոտացիաների չափը: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ որպես այս փոփոխության պատճառ նշված է. «( ) համահարթեցման դոտացիայի հաշվարկները պետք է իրականացվեն ոչ միայն ըստ համայնքների բյուջետային ապահովվածության գործակցի («բ» մաս), այլ նաեւ ըստ համայնքների բնակչության քանակի («ա» մաս): Հետեւաբար, այս համատեքստում հարկ է նկատել, որ Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը գործնականում կորցնում է կիրառականությունը: Բացի այդ, վերջինս իրավական տեսանկյունից ակնհայտ հակասության մեջ է Օրենքի 6-րդ հոդվածում նախանշված կարգավորման հետ ( )»: Այսպես՝ ստացվում է, որ ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչելը կապված է Օրենքի 6-րդ հոդվածի՝ 2024 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտնելու հետ: Այս կապակցությամբ նշենք, որ Օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում են 3500-ից պակաս բնակչություն ունեցող, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրեր ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի հաշվարկման վերաբերյալ կարգավորումներ: Ընդ որում՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ համայնքի դոտացիա ստանալը «ա» մասով չի բացառում նույն համայնքի կողմից նաեւ «բ» մասով դոտացիա ստանալու հնարավորությունը: Դրանից բխում է, որ «բ» մասով տրվող դոտացիաներին (որոնք Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն 2016 թվականին տրամադրվող դոտացիաներից պակաս ամեն դեպքում չէին կարող լինել) ավելացվելու է «ա» մասով տրվող դոտացիան եւս: Այսինքն՝ նույնիսկ 2024 թվականից սկսած Օրենքի 6-րդ հոդվածի գործելու դեպքում բացառվում է 2016 թվականին համայնքներին հատկացվող դոտացիաներից պակաս չափով դոտացիայի հատկացման հնարավորությունը: Հետեւաբար հասկանալի չէ, թե որպես համայնքներին հատկացվող դոտացիաների ստորին սահման 2016 թվականին հատկացված դոտացիաների չափը սահմանելը ինչպես է հակասում Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 07.11.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 07.11.2023թ.
Նախագծով առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները պայմանավորված են «Ֆինանսական համահարթեման մասին» օրենքում կիրառվող «հողի հարկ» եւ «գույքահարկ» արտահայտությունները ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված «անշարժ գույքի հարկ» եւ «փոխադրամիջոցների գույքահարկ» արտահայտություններին համապատասխանեցմամբ, սահմանամերձ համայնքներին լրացուցիչ անվտանգային ծախսեր կատարելու նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման հնարավորության ապահովմամբ, համայնքների խոշորացման արդյունքում համահարթեցման դոտացիայի հաշվարկներում կիրառվող համայնքի բարձրադիրության եւ վերջինիս կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնների տեսակարար կշիռների անհրաժեշտ փոփոխությամբ, մասշտաբի ծախսային գործոնի արժեքի հաշվարկման բնակչության թվաքանակի վերադասակարգմամբ, տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի գործակցային փոփոխությամբ, ինչպես նաեւ 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաների չափերը հետագա տարիներին համահարթեցման դոտացիաների հաշվարկներում որպես սահմանաչափ չդիտարկելու հանգամանքով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ (հեռ.՝ 011 513-603) 23.10.2023թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), որի նպատակը Օրենքի ամբողջ ծավալով կիրառման ապահովման անհրաժեշտությունն է, ինչպես նաեւ համայնքների խոշորացման արդյունքում համահարթեցման դոտացիաների հաշվարկման մեխանիզմների ակտուալության ապահովումը: Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է` Օրենքում կիրառվող «հողի հարկ» եւ «գույքահարկ» արտահայտությունները ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված «անշարժ գույքի հարկ» եւ «փոխադրամիջոցների գույքահարկ» արտահայտություններով փոխարինմամբ, սահմանամերձ համայնքներին լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման հնարավորության ապահովմամբ, համայնքների խոշորացման արդյունքում համահարթեցման դոտացիայի հաշվարկներում կիրառվող համայնքի բարձրադիրության եւ վերջինիս կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնների տեսակարար կշիռների անհրաժեշտ փոփոխությամբ, մասշտաբի ծախսային գործոնի արժեքի հաշվարկման բնակչության թվաքանակի վերադասակարգմամբ, տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի գործակցային փոփոխությամբ, ինչպես նաեւ 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաների չափերը հետագա տարիներին համահարթեցման դոտացիաների հաշվարկներում որպես սահմանաչափ չդիտարկելու հանգամանքով: Այդ նպատակով առաջարկվում է համահարթեցման դոտացիայի հաշվարկներում կիրառվող համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի 15% տեսակարար կշիռը սահմանել 20%, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի տեսակարար կշիռը 25%-ից սահմանել 20%, ինչպես նաեւ վերանայել մասշտաբի ծախսային գործոնի արժեքի հաշվարկման բնակչության թվաքանակի միջակայքերը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 23.10.2023թ.
|