ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-685-20.10.2023-ՊԱ-011/0) եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6851 -20.10.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-685-20.10.2023-ՊԱ-011/0) եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6851 -20.10.2023-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 

Միաժամանակ առաջարկում ենք  «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «/այսուհետեւ Օրենք/» եզրույթը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծում «Նույնականացման քարտերի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

Առաջարկում ենք նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «Օրենք» բառը փոխարինել «օրենք» բառով, քանի որ նշված նախագծի 1-ին հոդվածում, որպես Օրենք, սահմանված է «Նույնականացման քարտերի մասին» օրենքը, այլ ոչ՝ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Սույն առաջարկությունները բխում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:

Առաջարկում ենք նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «/այսուհետեւ՝ Օրենք/» ձեւակերպումը փոխարինել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով հայերենի բացահայտության նշանները:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ ներկայացված առաջարկությունների հիման վրա առաջարկում ենք Նախագծերի փաթեթը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                 ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

26.10.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.` 011-513-248)

26.10.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ, այն է՝ ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, ինչպես նաեւ օրենքի 5-րդ հոդվածի 18-րդ մասում եւ 9-րդ հոդվածի 3.1-րդ մասում կատարել համապատասխան լրացում եւ փոփոխություն՝ պայմանավորված նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրման ու գործարկման հետ եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով:

Ներկայացված փոփոխությունների նպատակն է գործողության մեջ թողնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշումը, ապահովելու համար ՀՀ քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները՝ անձը հաստատող փաստաթղթի տրամադրումը (փոխանակումը), մինչեւ նոր համակարգի ամբողջությամբ ներդրումը եւ փաստաթղթերի բլանկների ձեռք բերումը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

23.10.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Համաձայն Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ նախատեսվում է ՀՀ-ում ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ՝ տալով այնպիսի լուծումներ, որ այն հնարավորություն ունենա բնակչությանը մատուցել թվային ծառայություններ: Այս ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակում ընտրվել են միջազգային խորհրդատուներ, ովքեր արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները՝ ՀՀ կարիքներին համահունչ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ: Քննարկվել են «Նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման անվտանգության պահանջները եւ մրցույթի շրջանակը», որով նախատեսվել է ավարտին հասցնել ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագրի եւ նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման մրցութային փաթեթը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցույթը կայանալու, հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելու, կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի բլանկները թողարկելու, մատակարարելու եւ համակարգը վերջնական գործարկելու ու լիարժեք սպասարկում իրականացնելու համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ, ուստի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում պարբերաբար փոփոխություններ կատարելուց զերծ մնալու նպատակով Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրի տրամադրման ժամկետը սահմանել մինչեւ նոր համակարգի ամբողջությամբ ներդնումն ու գործարկումը: 

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն նախատեսել նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում՝ ուժը կորցրած ճանաչելով օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝          ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

02.11.2023թ.