ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-687-23.10.2023-ՊԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6871 -23.10.2023-ՊԻ-011/0) եւ «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6872 -23.10.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-687-23.10.2023-ՊԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6871 -23.10.2023-ՊԻ-011/0) եւ «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6872 -23.10.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացվող նոր՝ 25.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն. «1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքը կարող է տնօրինվել հետեւյալ եղանակներով.

(…)

3) շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելով, իսկ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում՝ ոչնչացնելով (շուտ փչացող գույքի դեպքում) կամ Կառավարության որոշմամբ սահմանված այլ եղանակով տնօրինելով.»:

Վերոնշյալ իրավադրույթի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Իրավական որոշակիության ապահովման նպատակով առաջարկում ենք «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքի տնօրինման անհապաղ իրացման եղանակը սահմանելիս նշում կատարել իրացման ձեւի մասին, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

Քննարկվող դրույթը սահմանում է նաեւ շուտ փչացող գույքի տնօրինման ոչնչացման եղանակը՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում: Հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 25.1-ին հոդվածի 4-րդ մասում շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերի, կարգի եւ տնօրինման եղանակի սահմանման վերաբերյալ Կառավարությանը լիազորող նորմը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր 25.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշում կատարել նաեւ շուտ փչացող գույքի ոչնչացման կարգի մասին: 

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 25.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն. «4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող եւ պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը եւ տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված եղանակների ընտրության մեթոդաբանությունը եւ տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 25.1-ին հոդվածի 1-ին մասում նախատեսված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման եղանակների ցանկը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 25.1-ին հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավադրույթը Կառավարությանը լիազորում է շուտ փչացող գույքի տնօրինման այլ եղանակների սահմանման իրավազորություն: Այսպես՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման եղանակները սահմանվում են Օրենքով, սակայն նախատեսվում է նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով Օրենքում նախատեսվածից տարբերվող պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման եղանակների սահմանման հնարավորություն: Կարծում ենք՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման եղանակների ամբողջական ցանկը պետք է սահմանել Օրենքում:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 27-րդ հոդվածի 1-ին  մասում առաջարկում ենք «օրենքով» բառից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, որի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

4. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ  իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրին:

5. «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասին հաջորդում է 2-րդ մաս: Առաջարկում ենք ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերի համարկալման հաջորդականությունը: 

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում հղում է կատարվում նույն նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասին:

6. «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ (ըստ հանջորդականության 3-րդ) մասում նախատեսվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասում «4-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով: Հարկ ենք համարում նշել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասում «4-րդ» ձեւակերպումը կիրառված է երկու անգամ: Հետեւաբար առաջարկում ենք հստակեցնել, թե քննարկվող փոփոխությունը ո՞ր «4-րդ» ձեւակերպմանն է վերաբերում: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պահանջից, որի համաձայն. «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

7. «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն. «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը եւ 2-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ են մտնում ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ակտերի ընդունմանը հաջորդող օրվանից:»:

Վերոնշյալ դրույթների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 2-ին: «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է. «3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:»: Մեջբերված անցումային դրույթից բխում է, որ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ենթադրվում է, որ ընդունվում են մինչեւ 2024 թվականի հունվարի 2-ը:

Հարկ ենք համարում նշել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելու պահից, այն է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, որով սահմանված է քննարկվող նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի եւ 2-րդ հոդվածի 1-ին մասի ուժի մեջ մտնելու համար այլ ժամկետ: 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվելու ժամկետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում նախատեսված օրենքի նախագծի ընդուման կարգում սահմանված ժամկետները, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու սահմանված ժամկետը՝ կարծում ենք, որ կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթի 2-րդ մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելու ժամկետն ավելի շուտ լինի, քան նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը (այդ թվում՝ 3-րդ հոդվածի 2-րդ մասը), ինչն իրավական տեսանկյունից կարող է խնդրահարույց լինել, քանի որ առանց ուժի մեջ մտած օրենսդրական ակտի (տվյալ պարագայում քննարկվող նախագծի), «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետ կապված նորմերը չեն կարող ուժի մեջ մտնել: 

Հետեւաբար առաջարկում ենք «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթով առանձին հոդվածների համար ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանելիս հաշվի առնել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանդրական օրենքում նախատեսված օրենքի նախագծի ընդունման կարգում սահմանված ժամկետները եւս:

8. «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք ուղղել վրիպակը, մասնավորապես՝ հանել դրույթում կիրառված 2-րդ «ակտերի» բառը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

13.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունումը կառաջացնի այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն հետեւյալ հիմնավորմամբ.

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է լրացնել նոր նախադասություն, այն է. «Սույն օրենքի իմաստով նվեր չեն համարվում ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը:»:

Նույն նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի համաձայն. «4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետեւյալ նվերները.

1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.

2) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.

3) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները.

4) օրենքով սահմանված դեպքերում որպես պարգեւատրում, պետական պարգեւ կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ Վարչապետի կողմից որպես պարգեւատրում տրվող զենքը:»:

Մեջբերված լրացման եւ փոփոխության արդյունքում ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով այլեւս չեն համարվում նվեր եւ հանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների թույլատրելի նվերների շարքից:

Հարկ ենք համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը սահմանված են դատավորի կողմից ընդունման ենթակա նվերների շարքում: 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված լրացումը եւ նույն նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխությունն առաջացնում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն՝ «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխանությունն ապահովելու նպատակով:

Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

13.11.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված եւ պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով այս նվերները հանրային ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերելու եղանակով իրացնելու, շուտ փչացող գույքի իրացման եղանակների վերաբերյալ կարգավորումներ: Փաթեթով առաջարկվում է նաեւ հստակեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքով թույլատրելի համարվող նվերների շրջանակը՝ դրանց շարքում նախատեսելով նաեւ որպես պարգեւատրում կամ պետական պարգեւ տրամադրվող գույքը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

06.11.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, «Հանրային ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝  Օրենք), ինչպես նաեւ «Պետական արարողակարգի մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված եւ Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ եւ 9-րդ մասերի հիմքերով պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ:

Նախագծերի փաթեթով, մասնավորապես՝

- նախատեսվում են Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքի տնօրինման եղանակները.

- սահմանվում է, որ Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ եւ 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքն ամրացվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին եւ տնօրինվում վերջինիս կողմից՝ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված դեպքերում հիմք ընդունելով Պետական արարողակարգի ծառայության եզրակացությունը.

- սահմանվում է, որ Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ եւ 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունը դարձած թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված նվերները տնօրինվում են «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված կարգով.

- հստակեցվում է Օրենքով թույլատրելի համարվող նվերների շրջանակը՝ դրանց շարքում նախատեսելով նաեւ պարգեւատրումը, պետական պարգեւը կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում Վարչապետի կողմից որպես պարգեւատրում տրվող զենքը:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ներդնել Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ եւ 9-րդ հիմքերով պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման արդյունավետ գործիքակազմ, ապահովել պետության սեփականություն դարձած նվերների տնօրինման ընթացակարգի միասնականությունը եւ կանխատեսելիությունը, ապահովել պետական սեփականություն հանդիսացող գույքի միասնական սկզբունքներով, նպատակային եւ արդյունավետ կառավարումն ու տնօրինումը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

09.11.2023թ.