ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-686-23.10.2023-ՏՀ-011/0) եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6861 -23.10.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-686-23.10.2023-ՏՀ-011/0) եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6861 -23.10.2023-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:









Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին  հոդվածով նախատեսվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 1-ին  հոդվածում լրացում կատարել՝ նախատեսելով ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի բանակցային ուժեղ դիրք ունենալու հանգամանքը՝ շեշտադրելով սուբյեկտին՝ ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտին. մասնավորապես (մեջբերում) «1.1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտն ունի բանակցային ուժեղ դիրք, եթե վերջինիս հասույթի չափը գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում կամ վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը, իսկ գյուղատնտեսական արտադրանք իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում կամ վերջին ֆինանսական տարում չի գերազանցել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը: 1.2. Գյուղատնտեսական արտադրանք իրացնող ֆիզիկական անձանց դեպքում Հանձնաժողովը հասույթի չափ չի դիտարկում»: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի մոտ  բանակցային ուժեղ դիրք ունենալու հանգամանքը կախված է երկու պայմանների միաժամանակյա առկայությունից՝ 1. վերջինիս (գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում կամ վերջին ֆինանսական տարում) հասույթի չափի գերազանցելը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափից եւ 2. գյուղատնտեսական արտադրանք իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափի (…) չգերազանցելը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափից: Միաժամանակ նախատեսվում է կարգավորում առ այն, որ Հանձնաժողովը հասույթի չափ չի դիտարկում գյուղատնտեսական արտադրանք իրացնող ֆիզիկական անձանց դեպքում: Այսինքն՝ նշված նախագծով սահմանված է ընդհանուր կանոն գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերողի բանակցային ուժեղ դիրք ունենալու վերաբերյալ եւ միաժամանակ սահմանվում է դրույթ գյուղատնտեսական արտադրանք իրացնող ֆիզիկական անձանց դեպքում Հանձնաժողովի կողմից հասույթի չափ չդիտարկելու վերաբերյալ:  Տվյալ պարագայում Նախագծով սահմանված չէ ընդհանուր կանոնից բացառություն կամ հատուկ նորմ, այն դեպքերի համար, երբ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի հասույթի չափը գերազանցում է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը, սակայն վերջինս գյուղատնտեսական արտադրանքը ձեռք է բերում ֆիզիկական անձ իրացնողից, որի համար հասույթի չափ չի սահմանվում. այլ կերպ ասած բացակայում է գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերողի բանակցային ուժեղ դիրք ունենալու համար անհրաժեշտ պայմաններից մեկը: Ինչի արդյունքում հասկանալի չէ իրացնող ֆիզիկական անձից գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերելիս հաշվի է առնվելու արդյո՞ք միայն բանակցային ուժեղ դիրք ունենալու համար լրացվող 1.1-ին մասով սահմանված պայմաններից մեկը թե ոչ:

Առաջարկում ենք նշված նախագծով նախատեսել կարգավորում, առ այն, որ գյուղատնտեսական արտադրանք իրացնող ֆիզիկական անձանց դեպքում (երբ Հանձնաժողովը հասույթի չափ չի սահմանում) Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի՝ բանակցային ուժեղ դիրք ունենալու համար բավարար է միայն վերջինիս հասույթի չափը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափին գերազանցելը: 

Առաջարկում ենք նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին  հոդվածում «1.1-րդ» գրելաձեւը փոխարինել «1.1-ին» գրելաձեւով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը:

2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: (...)»: 

Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  4-րդ հոդվածի վերնագրին:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում լրացվող «1.» թիվին հաջորդող պարբերությունները համարակալելիս առաջարկում ենք յուրաքանչյուր թվից հետո դնել փակագիծ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «(…) Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

4. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված լրացումն անհրաժեշտ է կատարել ոչ թե որեւէ հասկացությունից հետո՝ նախադասություն լրացնելու տեսքով, այլ պարզապես Օրենքի 2-րդ հոդվածում նոր 2-րդ մաս լրացնելու միջոցով. հետեւրաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետը ձեւակերպել հետեւյալ կերպ՝ «3) լրացնել նոր 2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝ (…)»: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից:

5. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր 15.8-րդ հոդվածի 1-ին մասով, որպես առեւտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանման արգելք, նախատեսված է՝ «Արգելվում է առեւտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանումը եւ կիրառումը մատակարարների հետ հարաբերությունների հաստատման, ընթացիկ ու դադարեցման գործընթացում, բացառությամբ, եթե դա ունի ողջամիտ եւ օբյեկտիվ տարբերության հիմք, այդ թվում՝ պայմանավորված է տնտեսական պայմաններով (գործոններով) կամ առանձին խմբի կարգավիճակով:»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ առեւտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանման եւ կիրառման արգելքից բացառություն է սահմանվում միայն ողջամիտ եւ օբյեկտիվ տարբերակման համար, որի շարքում ընդգրկվում է առանձին խմբի կարգավիճակ ունենալը. այսինքն՝ առեւտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանումը կարող է պայմանավորված լինել առանձին խմբի կարգավիճակով: Նշված ձեւակերպումից հասկանալի չէ՝ ինչ է իրենից ենթադրում առանձին խմբի կարգավիճակ ունենալը, ինչին է վերաբերում առանձին խմբի կարգավիճակ ունենալու հանգամանքը (օրինակ՝ ապրանքին թե մատակարարին). նշված եզրույթի բովանդակության բացահայտումը  հատկապես անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի գնահատել տարբերակված մոտեցման ողջամիտ եւ օբյեկտիվ լինելու հանգամանքը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «առանձին խմբի կարգավիճակ ունենալը», որպես ողջամիտ եւ օբյեկտիվ տարբերության հիմք, որոշակի չէ, առաջարկում ենք հստակեցնել նշված ձեւակերպումը՝ դրույթի որոշակիությունն ապահովելու նպատակով: 

6. Նախագծի 2-րդ հոդվածով նոր լրացվող 15.11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր, մինչդեռ մատակարարման պայմանագրի կնքման ձեւի վերաբերյալ իմպերատիվ պահանջն արդեն իսկ սահմանված է Քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 2-րդ մասում, հետեւաբար Նախագծով նույն կարգավորումը սահմանելը, կարծում ենք, անհիմն կրկնություն է: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներից: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների որոշակիությունը, հստակությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

10.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

10.11.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է. 

1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ 

- նախատեսել բանակցային ուժեղ դիրքի չարաշահումների նոր դրսեւորումներ,

- նախատեսել գյուղատնտեսական արտադրանքի իրացման շուկայում բանակցային ուժեղ դիրքի առկայության շեմեր,

- սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա Հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված առանձին ընթացակարգային գործողությունների իրականացման հնարավորություն,

- լրացնել Հանձնաժողովի նախագահի կողմից միջազգային ոչ պարտադիր բնույթի փաստաթղթեր, այդ թվում՝ հուշագրեր ստորագրելու իրավական հիմք եւ շտկել օրենքում առկա տեխնիկական բնույթի խնդիրներ,

2) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

- սահմանել առեւտրային ցանցի եւ մատակարարների հարաբերությունների ընդհանուր պահանջներ,

- ամրագրել առեւտրային ցանցի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկ,

- նախատեսել մատակարարի ապրանքի ընտրության չափանիշները եւ պայմանները, նոր մատակարարների մուտքն առեւտրային ցանց,

- հստակեցնել առեւտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները,

- սահմանել առեւտրային ցանցի կողմից մատակարարին վճարման ենթակա առավելագույն ժամկետներ,

- նախատեսել ապրանքների ցուցադրման պայմաններն առեւտրային ցանցում, այդ թվում՝ ապրանքների գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքների առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմաններ եւ կարգ:

Ընդհանուր առմամբ առաջարկվող կարգավորումների լրացումը դրական ազդեցություն կարող է ունենալ մրցակցային միջավայրի բարելավման եւ պաշտպանության տեսանկյունից, սակայն առավել հստակություն ապահովելու նկատառումով առաջարկում ենք Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող նոր՝ 15.8.-րդ հոդվածի 1-ին մասի «եթե» բառից հետո ավելացնել «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ» բառերը, քանի որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի համար օրենքով նման լիազորություն նախատեսված չէ, իսկ առաջարկվող մասից էլ անհայտ է մնում՝ թե ո՞վ պետք է  որոշի մատակարարների հետ հարաբերությունների հաստատման, ընթացիկ ու դադարեցման գործընթացում խտրական պայմանների սահմանման եւ կիրառման հիմքի ողջամտությունը եւ օբյեկտիվությունը:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն դրա կազմում ընդգրկված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նշված դրույթը, կարծում ենք, հստակեցման անհրաժեշտություն է զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

27.10.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունն, ըստ հեղինակի, կայանում է նրանում, որ արագ տեմպերով զարգացող եւ ընդլայնվող խոշոր առեւտրային ցանցերի մուտքը, մի կողմից, բարձրացնում է սպասարկման որակը, ապահովում ապրանքների պահպանման պայմանները, գնումներ կատարելու համար առավել հաճելի, անվտանգ ու բարենպաստ միջավայրը, մինչդեռ, մյուս կողմից, բերում է սպառողական ապրանքների կենտրոնացմանը: 

Խնդիր է նաեւ առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ մատակարարված ապրանքների դիմաց վճարման հետաձգումները (հասնելով մինչեւ մեկ տարվա), ինչը մատակարար ընկերությունների համար ստեղծում է ֆինանսական լուրջ խնդիրներ եւ կանխիկի շրջանառության խնդիր, ինչն ուղղակիորեն ազդում է վերջնական սպառողների վրա: 

Հարկ է նշել, որ առեւտրային ցանցերը, առավելություն ձեռք բերելով մատակարարների հանդեպ, գրավում են շուկայի մեծ մասը եւ ազդում են սպառողների վրա՝ տեսականու, գնի եւ այլ պայմանների վրա ազդելու միջոցով: Խնդրի հետ կապված, Նախագծերի փաթեթի հեղինակը ուսումնասիրել է միջազգային փորձը (Սլովակիա, ՌԴ, Պորտուգալիա, Ավստրալիա, ՄԲ, Ավստրիա), ըստ որի առեւտրային ցանցերի եւ մատակարարների շահերը հավասարակշռելու, բարեխիղճ եւ արդար մրցակցային միջավայր ապահովելու համար կիրառում են որոշ իրավական կարգավորումներ (հատուկ կարգավորումներ, մրցակցային օրենսդրություն եւ այլն): 

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման արդյունքում հեղինակն ակնկալում է ստեղծել օրենսդրական հիմքեր «առեւտրային ցանց-մատակարար» հարաբերությունների, ինչպես նաեւ  գյուղատնտեսական արտադրանքների իրացման շուկայի համար, որոնք կնպաստեն արդար առեւտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը եւ սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը:

Հեղինակն առաջարկում է նաեւ հավասարակշռել առեւտրային ցանցերի եւ մատակարարների շահերը, զսպել հնարավոր ռիսկերը եւ ապահովել բարեխիղճ, արդար եւ մրցակցային միջավայր:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն եւ կբերի Նախագծերի փաթեթով հետապնդվող խնդիրների լուծմանը:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

30.10.2023թ.