ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-688-23.10.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-688-23.10.2023-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «(…) Օրենսգրքերում փոփոխություն կամ լրացում կատարվում է օրենքով:»:

Նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծում նորմերը շարադրել հերթական համար ուեցող հոդվածների տեսքով, քանզի Նախագիծը ունի օրենքի կարգավիճակ եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները նրան վերաբերելի են: 

2. Նախագծում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

Միաժամանակ առաջարկվում է Նախագծում պահպանել դասական թվականների ճիշտ գրելաձեւը:

3. Առաջարկում ենք ուղղել Օրենքսգրքի 129.2-րդ հոդվածին կատարված հղումը, քանի որ վերջինս բաղկացած է 4 պարբերությունից, եւ Նախագծով չի կարող նրա 7-րդ պարբերությունում նախատեսվել փոփոխություն:

4. Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքում, մասնավորապես՝ 129.2-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից»: Արդյունքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է լիազորված մարմին (պաշտոնատար անձին) ապացույց (տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր) ներկայացնելու պարտավորությունից:

Ըստ Նախագծի հիմնավորման նման փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագրի ներկայացումը որպես ապացույց հանդիսանում է անձի նկատմամբ նույն իրավախախտման հիմքով կիրառվող կրկնակի պատասխանատվության միջոց, քանզի պրակտիկայում այս նորմի կիրառման ժամկետները եւ այլ խնդիրները անարդարացիորեն բարձրացնում են անձանց կողմից վճարվող տուգանքների չափերը: 

Չհամաձայնելով Նախագծի հիմնավորմամբ ներկայացված պնդման հետ՝ ցանկանում ենք նշել, որ Օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական զանցանքը հետեւյալն է՝ «Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը», որի կատարման համար կիրառվում է «տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով» վարչական տույժ: Միաժամանակ 129.2-րդ հոդվածը նախատեսվում է այդ տուգանքի սահմանաչափի 75 տոկոս իջեցում իրավախախտում կատարած այն անձանց համար, ովքեր 

1) լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում են իրավախախտման հատկանիշները,

2) այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) են ներկայացնում համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր):

Ելնելով վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ Օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հիմքով կիրառվող պատասխանատվության տեսակը եւ չափը հստակ սահմանված են Օրենսգրքով: Միաժամանակ Օրենսգրքի 129.2-րդ հոդվածը նախատեսում է որոշակի պայմաններ, այն է՝ 24 ժամվա ընթացքում իրավախախտման վերացում եւ դրա վերաբերյալ ապացույցի ներկայացում իրավասու մարմին, որոնց միաժամանակյա առկայությամբ ակտիվանում է Օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը եւ իրավախախտում կատարած անձը ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից: Ուստի 24 ժամվա ընթացքում իրավախախտման հետեւանքները վերացնելու վերաբերյալ իրավասու մարմին ապացույցի ներկայացումը չի կարող դիտարկվել որպես անձի նկատմամբ նույն իրավախախտման հիմքով կիրառվող կրկնակի պատասխանատվության միջոց: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք 4-րդ կետում ներկայացված դիտարկումների հիման վրա վերախմբագրել Նախագծի հիմնավորումը եւ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

07.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

07.11.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1292 հոդվածի 7-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում են իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից», որով իրավախախտում կատարած անձը կազատվի լիազոր մարմնին (պաշտոնատար անձին) համապատասխան ապացույց (տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր) ներկայացնելու պահանջի կատարումից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

30.10.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենսգրքում՝ 1292 հոդվածի 7-րդ պարբերությունը շարադրելով հետեւյալ խմբագրությամբ՝ 

«Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից»՝ վարչական իրավախախտում կատարած անձին ազատելով լիազորված մարմին (պաշտոնատար անձին) ապացույց (տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր) ներկայացնելու պարտավորությունից:

Վերոնշյալից բխում է, որ անձը, որն իրավախախտման հայտնաբերման պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, այսինքն՝ կնքում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի 25 տոկոսի չափով եւ ստիպված չի լինի իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերոնշյալ պայմանագիրը ներկայացնել լիազորված մարմին (պաշտոնատար անձին), որպեսզի սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի 25 տոկոսի չափից  ավել տուգանք չվճարի:

Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ներկայումս էլեկտրոնային հարթակով պայմանագրի կնքման դեպքում լիազոր մարմինը հաշված ժամերի ընթացքում ստանում է այդ տեղեկատվությունը հարթակի միջոցով:

Սոցիալական առումով Նախագիծը կունենա դրական ազդեցություն: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

09.11.2023թ.