ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-689-26.10.2023-ՊԱ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6891 -26.10.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-689-26.10.2023-ՊԱ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6891 -26.10.2023-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Ցանկանում ենք նշել, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվող կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ հոդվածների տեսանկյունից: Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն. «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»: Իրավահավասարությունը որպես իրավական կատեգորիա ձեւական հավասարությունն է, որը օրենքի շրջանակում նպատակ ունի վերացնել մարդկանց փաստացի անհավասարությունները: Այս սկզբունքի պահպանմանն է ուղված Սահմանադրության 29-րդ հոդվածը՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:»: Գտնում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումները կարող են դրսեւորվել խտրական ձեւով՝ կախված անձի գույքային վիճակից եւ  հանգեցնել Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ սկզբունքների խախտման:

Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:» Սահմանադրական մակարդակում առաջադրված այս պարտականությունը կրում է Սահմանադրության 28-րդ հոդվածի տրամաբանությամբ իրավահավասար վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» մասին օրենքը (այսուհետ՝ Օրենքի) սահմանում է որոշակի սուբյեկտների կողմից այդ պարտականության կատարման կազմակերպման եւ անցկացման կարգը: Նախագծով նախատեսվող Օրենքում փոփոխությունները եւ լրացումները, ըստ էության, մի կողմից որոշակիորեն լայնացնում են օրենքի գործողության դաշտում գտնվող սուբյեկտների շրջանակը՝ բարձրացնելով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց տարիքային առավելագույն շեմը, մյուս կողմից նրանց տալիս են հնարավորություն չկատարելու Սահմանդրությամբ իրենց առաջադրված պարտականությունը՝ նախատեսելով հնարավորություն որոշակի գումար վճարելու միջոցով չանցնել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ անցնել առավել պակաս ժամկետով՝ ի տարբերություն մյուսների: Նման կարգավորման նախատեսումը կարող է դիտարկվել որպես գույքային վիճակով պայմանավորված խտրական վերաբերմունքի դրսեւորում, քանի որ ակնհայտ է, որ օրենքի նման կարգավորումները ոչ միայն չեն պահպանում Սահմանադրության 28-րդ հոդվածի ոգին, այլ նաեւ նրանց կիրառման փուլում առավել ընդգծված են դարձնելու քաղաքացիների գույքային վիճակի տարբերությունները՝ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը շատերի համար դարձնելով ոչ վերաբերելի:

Արդյունքում Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 28-րդ, 29-րդ եւ 14-րդ հոդվածի 3-րդ մասի տեսանկյունից:

2. Նախագծում կիրառված «ՀՈԴՎԱԾ» բառերը առաջարկում ենք գրել «Հոդված» տեսքով՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի համաձայն. «(...) Սույն մասում նշված քաղաքացին սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերով, 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով եւ 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում կարող է 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:»: Նման կարգավորումը անհրաժեշտ է համապատասխանեցնել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին: Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման սպառիչ հիմքերը եւ նրանց կողքին անհրաժեշտ է նախատեսել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի վերաբերյալ կարգավորումը՝ միաժամանակ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասից հանելով «եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից» արտահայտությունը:

4. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի համաձայն. «(...) Սույն մասում նշված քաղաքացին սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերով, 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով եւ 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում կարող է 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:»: Ցանկանում ենք նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասում «սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերով, 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով եւ 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում» արտահայտությունը ավելորդ է, քանզի Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասը նախատեսել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու առանձին հիմք, որը գործում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ վճարելու դեպքում: Ցանկանում ենք նշել, որ այս ազատման հիմքը սկզբունքորեն կարող է գործել այն պարագայում, երբ 21-րդ հոդվածով նախատեսվող հիմքերը չեն գործում եւ անձը ենթակա է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության: Ուստի գտնում ենք՝ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասում «սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերով, 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով եւ 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում» արտահայտության ներառումը նպատակահարմար չէ:

Միեւնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը իրենում արդեն ներառում է Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, ուստի նրանց առանձին նախատեսումը ավելորդ է: Ինչ վերաբերում է 23-րդ հոդվածի 1-ին եւ 24-րդ հոդվածի 1-ին մասերն, ապա ցանկանում ենք փաստել, որ այդ նորմերը կարգավորումներ են պարունակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով կամ ընտանեկան պայմաններով պայմանավորված տարկետում տրամադրելու հիմքերի վերաբերյալ: Ուստի նշված նորմերով սահմանված պահանջներին բավարարելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ քաղաքացուն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ազատման հիմքի կիրառման համար:

5. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում առաջարկվում է նախատեսել նոր 1.2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքները լրացած եւ սույն օրենքի կամ 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչեւ 37 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ 6 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ 1 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչվել, փոխարենը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի իմաստով օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ում նկատմամբ պարտադիր զինվորական կամ այլընտանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում կամ ով սահմանված կարգով զինվորական հաշվառման է վերցվել 27 տարին լրանալուց հետո:»:

Ցանկանում ենք նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.2-րդ մասը նշված խմբագրությունը չի հստակեցնում արդյոք Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքները լրացած եւ Օրենքի կամ 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները մինչեւ 37 տարեկան լրանալը ունեն պարտադիր զինվորական ծառայության անցնելու իմպերատիվ պահանջ: Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.2-րդ մասը ներկա խմբագրությամբ կարող է առաջացնել տարընկալումներ, քանզի միտքը ձեւակերպված է «կարող է» եւ «իր ցանկությամբ» բառերով, որոնք առաջացնում են նորմի դիսպոզիտիվ լինելու վերաբերյալ սխալ ընկալում: Ունենալով զինվորական ծառայության անցնելու պարտադիր կատարման ենթակա պարտականություն՝ իրավունքի սուբյեկտը կարող է ընտրել այդ ծառայության կազմակերպման պայմանները ըստ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.2-րդ մասում առաջարկվող տարբերակերի: Ուստի առաջարկում ենք նախ սահմանել իրավունքի սուբյեկտի համար պարտադիր կատարման ենթակա վարքագիծ, այն է՝ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքները լրացած եւ Օրենքի կամ 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները մինչեւ 37 տարեկան լրանալը պարտավոր են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցնել: Միայն նշված պարտականության սահմանումից հետո կարող են ներկայացվել այդ պարտականության կատարման եղանակները, որոնցից ընտրություն կատարելու հայեցողական իրավունք ունի իրավունքի սուբյեկտը: 

6. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.2-րդ կետի առնչությամբ ցանկանում ենք արձանագրել նաեւ, որ 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» օրենքին  հղում կատարելու փոխարեն անհրաժեշտ է Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.2-րդ կետում օգտագործել հետեւյալ ձեւակերպումը՝ «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքները լրացած եւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները (...)», ինչը իրենում արդեն կներառի 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» օրենքի գործողության ժամանակ սահմանված կարգի խախտումները:

7. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն զինվորական ծառայության կազմակերպման սկզբունք է զինծառայողների արհեստավարժությունը: Օրենքի համակարգային մեկնաբանումը թույլ է տալիս արձանագրել, որ այս սկզբունքը պահպանված է համարվում նվազագույնը 12 ամիս ծառայություն անցնելու պարագայում: Նախագծի 2-րդ հոդվածը նախատեսելով զինվորական ծառայության կազմակերպման հնարավորություններ 1 ամիս կամ 6 ամիս ժամկետներով առաջացնում է վտանգ զինծառայողների արհեստավարժության սկզբունքի չհիմնավորված խախտման, քանզի նախատեսվող ժամկետները բավական կարճ են մարտավարական անհրաժեշտ գիտելիքները յուրացնելու եւ պահանջվող արհեստավարժության մակարդակը զինծառայողների կողմից ձեռք բերելու համար:

8. Առաջարկում ենք Նախագծով նաեւ նախատեսել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին եւ 1.2-րդ մասերում նախատեսվող պայմաններով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումարների վճարման կարգը եւ ժամկետները:

9. Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Օրենքը ճանաչում է հետեւյալ կարգավիճակ ունեցող քաղաքացիների՝ զինվորական ծառայություն անցած ու օրենքով սահմանված կարգով արձակված եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված: Գտնում ենք, որ խնդրահարույց է, թե Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.2-րդ մասով նախատեսվող համապատասխան գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած քաղաքացիները ինչ կարգավիճակ են ստանում: Ուստի առաջարկում ենք հստակեցնել այն անձանց կարգավիճակը, ովքեր իրենց ցանկությամբ զորակոչվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 12 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ 6 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ 1 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչվել, փոխարենը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

Նշված անձանց կարգավիճակի հստակեցումը կարեւոր է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենքի 56-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասի վերլուծության տեսանկյունից: Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պահեստազորում հաշվառվում են` 

1) ժամկետային պարտադիր կամ պայմանագրային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած եւ համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված քաղաքացիները.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները. (...)»: 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարում կատարած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների կարգավիճակի հստակեցումը անհրաժեշտ կդարձնի նաեւ հանել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենքի 56-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին կետը ամբողջությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարում կատարած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կստանան կա՛մ զինվորական ծառայություն անցած ու օրենքով սահմանված կարգով արձակված, կա՛մ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձի կարգավիճակ եւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենքի 56-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասի բովանդակությունը կներառվի Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում:

10. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.2-րդ կետը անհրաժեշտ է դարձնում նաեւ փոփոխություններ կատարել Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ, 24-րդ հոդվածի 5-րդ, 29-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում՝ «27» թիվը փոխարինելով «37» թվով:

11. Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, (...), եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:»: Նախագծով նախատեսվող կարգավորումները փաստացիորեն պարտականություն են առաջադրում 27 տարեկանը լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց համար՝ վատթարացնելով նրանց իրավական վիճակը: Ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ է նախատեսել Նախագիծը ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետներ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած եւ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 19-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասով նախատեսված պահանջներին համապատասխանող անձինք որոշակի կանխատեսում ունենան իրենց իրավիճակի վատթարացման վերաբերյալ եւ համապատասխանեցնեն իրենց վարքագիծը:

12. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումը առաջարկում ենք հանել հետեւյալ պատճառաբանությամբ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 461-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝»: Այսինքն հանցանքի օբյեկտիվ կողմը կարող է առկա լինել միայն այն պարագայում, երբ չկան ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքեր եւ այդ հիմքերի բացակայությամբ ծառայությունից խուսափած անձանց համար Օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է խրախուսական նորմ՝ ազատելով քրեական պատասխանատվությունից որոշակի վարքագծի դրսեւորման դեպքում: Սակայն ցանկանում ենք նշել, որ Օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասը կարող է ակտիվանալ միայն այն պարագայում, երբ կատարվել է Օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված արարքը: Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատման առանձին հիմքեր, որոնք դրսեւորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե համապատասխան գումար վճարելու միջոցով: Ուստի օրենքով սահմանված համապատասխան գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելը արդեն իսկ օրենքով սահմանված կարգով քաղաքացուն ազատում է զինվորական ծառայությունից՝ դրանով իսկ բացառելով նրա կողմից Օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարումը: Ուստի գտնում ենք, որ նպատակահարմար չէ «կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել օրենքով սահմանված գումարը» արտահայտության լրացումը Օրենսգրքում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 14-րդ, 28-րդ եւ 29-րդ հոդվածների տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

15.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

15.11.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած եւ մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով որեւէ պետության զինված ուժերի կազմում զինվորական ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչեւ 37 տարեկան արական սեռի քաղաքացիները: Նշված քաղաքացիներն Օրենքով նախատեսված պայմաններին չբավարարելու դեպքում կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Առաջարկվում է սահմանել նաեւ, որ 27 տարեկանը լրացած եւ սույն օրենքի կամ 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչեւ 37 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ, կամ 6 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն դրամ, կամ 1 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասը միլիոն դրամ, կամ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչվել, փոխարենը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն դրամ: Սրանցից բխող համապատասխան լրացում է առաջարկվում կատարել նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքում:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթ ի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

02.11.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Պատգամավորի կողմից ներկայացվել են ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Համաձայն գործող օրենսդրության (մասնավորապես՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք))՝ 18-ից 27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում: Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական օրենսդրությամբ սահմանված է պատիժ՝ ազատազրկման ձեւով: Եթե քաղաքացին խուսափում է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, նրա նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում եւ իրականացվում են օրենքով սահմանված համապատասխան գործընթացներ: Եթե միչեւ 27 տարին լրանալը քաղաքացին կամավոր ներկայանում եւ անցնում է պարտադիր զինվորական ծառայություն, ապա քրեական հետապնդումը դադարում է, իսկ 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին չի կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը: Ստացվում է, որ 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ պատժվել ազատազրկմամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած եւ մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով որեւէ պետության զինված ուժերի կազմում զինվորական ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչեւ 37 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Առաջարկվում է նաեւ, որ 27 տարեկանը լրացած եւ Օրենքի կամ ուժը կորցրած «Զինապարտության մասին» օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչեւ 37 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ, կամ 6 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն դրամ, կամ 1 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասը միլիոն դրամ, կամ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչվել, փոխարենը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն դրամ:

Նախագծերի փաթեթի հետ կապված` առաջարկում ենք Օրենքի հոդված 19-ի նոր լրացվելիք 1.1 մասում առաջարկվող երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ գումարի չափը վերանայել (ավելացնել)՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք (որոնց ճնշող մեծամասնությունը, կարծում ենք, ազգությամբ հայեր կհանդիսանան եւ որոնցից շատերն այլ երկրներում, հնարավոր է, չեն էլ բնակվել), որոնք որեւէ պետության զինված ուժերի կազմում զինվորական ծառայություն առհասարակ չեն անցել, կարող են ՀՀ պետական բյուջե ընդամենը երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ վճարել եւ ամբողջությամբ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, մինչդեռ Օրենքի եւ ուժը կորցրած «Զինապարտության մասին» օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները (27 տարեկանից մինչեւ 37 տարին լրանալը) ՀՀ պետական բյուջե երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ վճարելու հետ մեկտեղ պարտավոր են նաեւ 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունը՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

15.11.2023թ.