ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-690-30.10.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-690-30.10.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 189-րդ հոդվածում սահմանել նոր՝ 3.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ. «(…) առեւտրային գործունեության թույլտվությունը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առեւտրային գործունեության թույլտվությունը տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է տվյալ անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու պայմանագիր: Ընդ որում՝ մրցույթի կարգը սահմանվում է Կառավարության կողմից: Քննարկվող նորմում նշված է, որ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր: Այս կապակցությամբ նշենք, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական եւ անտառային հողերի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները»: Այսինքն՝ եւ՛ պետության, եւ՛ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու իրավասություն տրված է միայն համայնքների ղեկավարներին: Այս դեպքում կարող ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 189-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասում սահմանված դրույթն առ այն, որ համապատասխան պայմանագիրը կարող է կնքվել նաեւ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմնի կողմից, հակասում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Պետությանը, համայնքներին սեփականության իրավունքով պատկանող եւ պետական, համայնքային սեփականություն հանդիսացող շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը չեն կարող հանձնվել վարձակալության»: Սրանից բխում է, որ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերով եւ շինություններով զբաղված հողամասերը վարձակալությամբ հանձնել ընդհանրապես չի թույլատրվում: Դրանից հետեւում է, որ վարձակալությամբ կարող են տրամադրվել միայն համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող շենքերով եւ շինություններով չզբաղեցված հողամասերը:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 3.1-ին մասի եւ Հողային օրենսգրքի 76-80-րդ հադվածներով սահմանված կարգավորումների համադրության արդյունքում հասկանալի չէ, թե մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիրը նախորդում է թե հաջորդում է համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը մրցութային կարգով վարձակալության հանձնելու գործընթացին, թե նշված հողերի համար որոշակի բացառություններ են սահմանված: Նշենք նաեւ, որ Հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով կարգավորումներ են սահմանված սահմանային հողերի օգտագործման վերաբերյալ, որի կարգը սահմանում է Կառավարությունը, մինչդեռ նման կարգ Նախագծի 1-ին հոդվածի համատեքստում սահմանված չէ: 

2. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 261-րդ հոդվածում նախատեսվում է սահմանել մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու նոր հիմք, այն է՝ իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու համար սահմանված իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայության պայմանը չկատարելու հիմքը: 

Այս կապակցությամբ նշենք, որ Օրենքի 261-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, որ մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածով: Այսպես՝ Միության մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ մաքսային ներկայացուցիչը պարտավոր է պահպանել մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու թե՛  Միության մաքսային օրենսգրքով եւ թե՛ ներպետական օրենսդրությամբ սահմանված պայմանները:

Վերոգրյալի արդյունքում, կարող ենք փաստել, որ Օրենքի 261-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումն արդեն իսկ իր մեջ ներառում է Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 256-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասում նշված՝ իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու համար սահմանված իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայության պայմանը չկատարելու հիմքով մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու դեպքը: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածը հանել: 

Նշենք, որ այս առաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներից: Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով նշված է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները (...)», իսկ նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը»:

3. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 284-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս. «Անմաքս առեւտրի խանութների վայրերը սահմանում է Կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցմամբ»: Հարկ է նկատել, որ Օրենքի 284-րդ հոդվածն ունի «Իրավաբանական անձին անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները» վերտառությունը, մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 284-րդ հոդվածում լրացվող դրույթը սահմանում է Կոմիտեի համար լիազորող նորմ՝ անմաքս առեւտրի խանութների վայրերը սահմանելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ անմաքս առեւտրի խանութների վայրերը սահմանելը իրավաբանական անձին անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանների մեջ չի մտնում: Հետեւաբար ստացվում է, որ Օրենքի 284-րդ հոդվածում լրացվում է այդ հոդվածի վերնագրին չհամապատասխանող դրույթ: Այս դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջով, այն է. «(…) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը (…)», եւ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 284-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասով սահմանվող դրույթը լրացնել այդ դրույթի բովանդակությանը համապատասխանող վերնագիր ունեցող հոդվածում:

4. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 287-րդ հոդվածում լրացնել նոր՝ 1.1-ին մաս, որով սահմանված է. «Անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրից անմաքս առեւտրի խանութի տիրապետողին հանելու հիմք է հանդիսանում անմաքս առեւտրի խանութի տիրապետողի կողմից նախաորակավորման արդյունքում ստանձնած պարտավորությունների չկատարումը»: Վերոգրյալը դրույթն անհրաժեշտ է դիտարկել անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրի (այսուհետ նաեւ՝ Ռեեստր) եւ նախաորակավորման վերաբերյալ Օրենքով սահմանված կարգավորումների համադրությամբ: Այսպես՝ Օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Միության մաքսային օրենսգրքի 427-րդ հոդվածի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու պայման է նաեւ անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելը»: Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 284-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վայրերում կարող են գործունեություն իրականացնել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նախաորակավորված անձինք՝ մրցույթի արդյունքում»: Այսպես՝ Օրենքի 284-րդ հոդվածի վերը մեջբերված դրույթներից բխում է, որ Ռեեստրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է նախ՝ լինել նախաորակավորված, եւ հետո միայն մասնակցել համապատասխան մրցույթին: Այսինքն՝ Ռեեստրում ընգրկվելու համար անհրաժեշտ փուլերում մրցույթի փուլը հաջորդում է նախաորակավորմանը: 

Հարկ է նկատել, որ Օրենքի գործող կարգավորումներով նախաորակավորման վերաբերյալ սահմանված միակ դրույթը 284-րդ հոդվածի 2-րդ մասն է, որով, սակայն, սահմանված չէ որեւէ կարգավորում, որը հնարավորություն կտար հասկանալու, թե նախաորկավորման արդյունքում կոնկրետ ինչ պարտավորություններ է ստանձնում անմաքս առեւտրի խանութի տիրապետող հանդիսացող անձը: Առաջարկում ենք Օրենքով հստակ սահմանել, թե կոնկրետ ինչ պարտավորություններ է ստանձնում անձը նախաորակավորման փուլում, որոնք խախտելը կարող է հանդիսանալ վերջինիս Ռեեստրից հանելու հիմք: Նշենք, որ Օրենքում եւ Նախագծում նախաորակավորման վերաբերյալ այլ կարգավորումներ չլինելու պարագայում հասկանալի չէ նաեւ, թե ինչու է անձը ստանձնում պարտավորություններ նախաորակավորման, այլ ոչ թե դրան հաջորդող մրցույթի փուլում, բացի այդ՝ հասկանալի չէ անձի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համար նախատեսված ժամետը, եթե անձն ընդգրկվում է Ռեեստրում միայն նախաորակավորմանը եւ մրցույթին մասնակցելուց հետո, ապա ինչպես է նախաորակավորման արդյունքում ստանձնած պարտավորությունները չկատարելը հանդիսանում Ռեեստրից հանվելու հիմք. այսինքն՝  Նախագծի կարգավորումներից բխում է, որ միայն նախաորոկավորված լինելը Ռեեստրում ընդգրկվելու հիմք չէ եւ պարտադիր է նաեւ մրցույթի մասնակցելը եւ հաղթելը, հետեւաբար ինչպես կարող է դուրս գալ անձը Ռեեստրից, եթե դեռեւս ընդգրկված չէ այնտեղ:

5. Նախագծի 8-րդ հոդվածով սահմանված է. «Մինչեւ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը, անմաքս առեւտրի խանութների համար Կոմիտեի կողմից սահմանված վայրերում գործունեություն կարող են իրականացնել մինչեւ Օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախաորակավորման կարգի ընդունումը անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ներառված անձինք»: 

Հարկ է նկատել, որ Օրենքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: Իսկ Օրենքի 338-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված է, որ Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Այսինքն՝ Օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասից բխող Կառավարության որոշման ընդունման առավելագույն ժամկետ է սահմանվել 2023 թվականի հոկտեմբերի 17-ը, մինչդեռ Օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասից բխող նախաորակավորման կարգը դեռեւս ընդունված չէ:

6. Նախագծի 10-րդ հոդվածով սահմանված է. «Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում»: Առաջարկում ենք «իրավական» բառից առաջ լրացնել «ենթաօրեսնդրական նորմատիվ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատվի իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ», ինչպես նաեւ «Նորմատվի իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, համապատասխանությունը Օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

20.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

20.11.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, մասնավորապես՝ մաքսային ներկայացուցիչների եւ անմաքս առեւտրի խանութների տիրապետողների, ինչպես նաեւ մաքսային հսկողության գոտիներում գործունեություն իրականացնող անձանց գործունեության առավել արդյունավետ համակարգի ներդրում՝ մաքսային հսկողության արդյունավետության ապահովման եւ իրականացվող գործունեության կառավարելիության ապահովման նպատակով: Մասնավորապես՝ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ.

- մաքսային հսկողության այն գոտիներում, որոնք կհանդիսանան պետական կամ համայնքային սեփականություն, առեւտրային գործունեության իրականացումը կկազմակերպվի մրցույթի հիման վրա, որը կսահմանվի ՀՀ կառավարության կողմից, եւ մրցույթի արդյունքում հաղթող անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր,

- իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման սահմանել իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայությունը, ինչպես նաեւ նախատեսել մաքսային ներկայացուցիչների կողմից մատուցվող ծառայությունների սակագների հրապարակայնության պահանջ,

- անմաքս առեւտրի խանութների կազմակերպման համար նախաորակավորված իրավաբանական անձանց ընտրությունը եւ համապատասխան ռեեստրում ներառումն իրականացնել մրցութային կարգով, ինչպես նաեւ նախատեսել այդպիսի գործունեության իրականացումը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից որոշված վայրերում,

- անմաքս առեւտրի խանութների պարտավորությունների մեջ լրացնել նախաորակավորման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաեւ լրացնել իրավաբանական անձանց կողմից մաքսային մարմին ներկայացվող՝ համապատասխան ռեեստրում ընդգրկվելու դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

06.11.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը պայմանավորված է անմաքս առեւտրի խանութների կազմակերպման գործունեության ընդհանուր պայմանների եւ մատուցվող ծառայությունների որակի բարելավմամբ:

Նախագծով առաջարկվող լրացումներով, հեղինակը նախատեսում է սահմանել, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում (օրինակ՝ մաքսային կետերում), առեւտրային գործունեությունն իրականացվի մրցույթով՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, որի արդյունքում հաղթող ճանաչված անձանց հետ կկնքվեն վարձակալության պայմանագրեր: 

Միեւնույն ժամանակ, մաքսային հսկողության գոտի հանդիսացող մասնավոր տարածքներում (օրինակ՝ ժամանակավոր պահպանման պահեստներ) նախատեսվում է, որ այս կամ այն առեւտրային գործունեության իրականացումը կսահմանվի որպես նվազագույն պահանջ (օրինակ՝ անկանխիկի վճարման հնարավորության ապահովում), իսկ տնտեսվարողն արդեն կորոշի, թե ում հետ է կնքում պայմանագիր:

Նախագծով, հեղինակն առաջարկում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց՝ մասնավորապես մաքսային ներկայացուցիչների եւ անմաքս առեւտրի խանութների տիրապետողների, ինչպես նաեւ մաքսային հսկողության գոտիներում գործունեություն իրականացնող անձանց առավել արդյունավետ համակարգի ներդրում՝ մաքսային հսկողության արդյունավետության ապահովման եւ իրականացվող գործունեության կառավարելիության ապահովման նպատակով:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծով առաջարկվող լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

06.11.2023թ.