ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-694-30.10.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 

Միաժամանակ նշենք, որ Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 299-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով անշարժ գույքի օտարման մի շարք գործարքների համար չի պահանջվում պարտադիր նոտարական վավերացման պահանջ՝ այդ պայմանագրերի կնքման համար սահմանելով կողմերի ստորագրությունների ճանաչման եղանակը:  Նախագծով նախատեսվում է նվիրատվության պայմանագրի համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ հանելով նշված գործարքը առանց նոտարական վավերացման Կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձեւով կնքելու հնարավորությունը: Որպես սույն փոփոխության հիմնավորում՝ Նախագծին կից ներկայացված է նվիրատվության, որպես առավել բառձր ռիսկայնություն ունեցող գործարք լինելու, եւ նոտարի կողմից պայմանագրի կողմի իրական կամքը բացահայտելու  հանգամանքը, քանի որ (մեջբերում) «նոտարներն ունեն առավել լայն լիազորություններ զսպելու հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը»: Նշենք, որ Օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասը բացի նվիրատվությունից, Կադաստրի կոմիտեի կողմից Կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձեւով կնքելու հնարավորություն նախատեսում է նաեւ անշարժ գույքի օտարման մի շարք այլ գործարքների համար, որոնք եւս կարող են որոշակի իրավիճակներում ռիսկային լինել (օրինակ՝ վարձակալության եւ անհատույց օգտագործման պայմանագրերը) կամ շինծու գորրծարք հանդիսանալու ռիսկ պարունակել: Այսինքն՝ Նախագծի ընդունման անհրաժեշտության հիմքում դրված հանգամանքները կարող են վերաբերելի լինել ոչ միայն նվիրատվության գործարքին այլ նաեւ նոտարական վավերացման պարտադիր պահանջից բացառությունների շարքում ներառված այլ գործարքներին: Հատկանշական է, որ հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը զսպելու՝ այն է գործարքը ստորագրած անձանց իրական կամքի եւ սահմանված ձեւով արտահայտված կամահայտնության համապատասխանությունը բացահայտելու կամ գործարքի բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը պարզելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաեւ Օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասում նշված մյուս գործարքների պարագայում: Հետեւաբար առաջարկում ենք ապահովել Նախագծով նախատեսված փոփոխության անհրաժեշտության հիմնավորվածությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ ներկայացված դիտարկման հիման վրա առաջարկում ենք ապահովել Նախագծի հիմնավորվածությունը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

14.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

14.11.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության, ինչպես նաեւ վերացնել Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները Կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձեւով կնքելու իրավասությունը: Ակնկալվում է, որ Նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի նվիրատվության գործարքների մասով քաղաքացիների եւ պետության իրավունքների առավել արդյունավետ պաշտապանությանը՝ հաշվի առնելով, որ նոտարներն ունեն առավել լայն լիազորություններ զսպելու հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

13.11.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանելով նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության:

Վերոնշյալ փոփոխության արդյունքում կվերացվի նաեւ Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները Կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձեւով կնքելու իրավասությունը:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում)՝ նոտարն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ունի առավել լայն գործիքակազմ՝ ապահովելու քաղաքացիների իրավական պաշտպանությունը, զերծ պահելու վերջիններիս իրավական անտեղյակության հետեւանքով այնպիսի գործարքների կնքումից, որոնք չեն արտահայտում քաղաքացու իրական կամքը եւ կարող են խախտել վերջիններիս իրավունքները: 

Հեղինակն ակնկալում է, որ Նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի  նվիրատվության գործարքների մասով քաղաքացիների իրավունքների եւ պետության շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը՝ հաշվի առնելով նոտարների՝ հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը զսպելու առավել լայն լիազորություններ/հնարավորություններ ունենալու հանգամանքը: 

Համաձայնելով Հիմնավորման մեջ նշված վերը հիշատակված պնդումների հետ՝ այդուհանդերձ պետք է նշել, որ առաջարկվող փոփոխության դեպքում քաղաքացիներն ստիպված կլինեն անշարժ գույքի նվիրատվության գործարքների կնքման դեպքում կրել նոտարական վավերացման հետ կապված լրացուցիչ ծախսեր (պետ. տուրքի վճարում, նոտարի կողմից մատուցվող ծառայության վճար), ինչի կապակցությամբ առաջարկում ենք վերանայել (նվազեցնել) վերոնշյալ գործարքների նոտարական վավերացման համար սահմանված վճարները: 


Եզրահանգում

Կարծում ենք, որ համապատասխան իրավական ակտերում պետք է նախատեսվեն փոփոխություններ՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման կապակցությամբ վճարների նվազեցման վերաբերյալ: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

17.11.2023թ.