ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-697-06.11.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-697-06.11.2023-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, այն է. «Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ այս լրացման կապակցությամբ նշված է. «2006 թվականի մարտի 2-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ բացակայում է նորմատիվ իրավական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող լիազորող նորմը (...) Ելնելով վերոգրյալից՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է սահմանել իրավական հիմք (...)»: Մինչդեռ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր դրույթով նշված գործառույթի համար արդեն իսկ սահմանված է լիազորող նորմ «Օտարերկրացիների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2.1-ին մասով, այն է. «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը, կացության վկայականի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Հետեւաբար կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման անհրաժեշտություն չկա: Այս դիտարկումը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներից: Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով նշված է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները (...)», իսկ նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը»: 2. Օրենքի 17-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված է. «Սույն հոդվածով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` քաղաքացիության դադարեցման հետեւանքով` ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա (14-18 տարեկան երեխայի դեպքում ներկայացվում է նաեւ երեխայի գրավոր համաձայնությունը)` սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված ընդհանուր հիմունքներով»: Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է վերը մեջբերված դրույթում «դադարեցնելու համար» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 4-րդ գլխով» բառերը: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածով կատարվող լրացումը հակասում է հենց Օրենքի կարգավորումներին: Այսպես՝ ըստ Նախագծով կատարվող լրացման երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա քաղաքացիության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միայն Օրենքի 4-րդ գլխով: Մինչդեռ առկա են համապատասխան կարգավորումներ նաեւ Օրենքի 5-րդ եւ 6-րդ գլուխներում: Նախագծի 3-րդ հոդվածով կատարվող լրացման արդյունքում ստացվում է, թե երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հետ կապված հարաբերությունների նկատմամբ չեն գործում Օրենքի 5-րդ եւ 6-րդ գլուխներով սահմանված դրույթները: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով նշված լրացումների արդյունքում կատարվող հղումները հակասում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նշված է, որ արգելվում է կատարել «շրջանաձեւ հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում նախորդ նորմին»: Մինչդեռ Նախագծով կատարվող լրացումների արդյունքում Օրենքի 17-րդ հոդվածի վերջի պարբերությամբ հղում է կատարվում Օրենքի 4-րդ գլխին, իսկ Օրենքի 4-րդ գլխով նույն կարգավորումների հետ կապված նորից հղում է կատարվում Օրենքի 17-րդ հոդվածին: 3. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր՝ 8.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետությունում իր բնակությունն oրինականացնելու համար կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթից բխում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձինք իրենց բնակությունն օրինականացնելու համար չդիմելու դեպքում պարտավոր են դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում: Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար պարտադիր պայման է այլ պետության քաղաքացիություն ունենալը (ի թիվս այլնի): Վերոգրյալը հիմք ընդունելով, կարող ենք փաստել, որ վերոնշյալ աձանց նկատմամբ տարածվում են «Օտարերկրացիներ մասին» օրենքով սահմանված կարգավորումները, մասնավորապես՝ արտաքսման վերաբերյալ դրույթները: Այսպես՝ «Օտարերկրացիներ մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է, որ այդ օրենքով նախատեսված դեպքերում իրավասու պետական մարմնի կողմից օտարերկրացու հարկադիր հեռացումը Հայաստանի Հանրապետությունից կոչվում է արտաքսում: Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 27-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8.1-ին մասով սահմանված կարգավորումը դրանով սահմանված ժամկետում բնակությունը չօրինականացնելու համար որպես հետեւանք նախատեսում է տվյալ անձի արտաքսումը: «Օտարերկրացիներ մասին» օրենքի 31-րդ հոդվածով նշված է, որ արտաքսման համար հիմք է հանդիսանում «Օտարերկրացիներ մասին» օրենքի 30-րդ հոդվածով նշված դեպքերից որեւէ մեկի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքից կամավոր չհեռանալը: Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 27-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8.1-ին մասով սահմանված դեպքը, որպես այդպիսին, սահմանված չէ «Օտարերկրացիներ մասին» օրենքի 30-րդ հոդվածով նշված դեպքերի շարքում: Մասնավորապես «Օտարերկրացիներ մասին» օրենքի 30-րդ հոդվածով հստակ սահմանված են այն դեպքերը երբ օտարերկրացին պարտավոր է հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող դեպքը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրաց անձի (օտարերկրացու)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալու պարտադիր դեպք, «Օտարերկրացիներ մասին» օրենքի 30-րդ հոդվածով նշված դեպքերի շարքում սահմանված չէ եւ չի կլանվում նշված հոդվածով սահմանված դեպքերից որեւէ մեկի մեջ: Վերոգրյալը հիմք ընդունելով առաջարկում ենք «Օտարերկրացիներ մասին» օրենքում Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալու եւ արտաքսելու հիմքերը համապատասխանեցնել Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող դրույթի կարգավորման հետ: Բացի այդ՝ հատկանշական է, որ Նախագծի 2-րդ հոդվածում առկա է վրիպակ, 5-րդ հոդվածում՝ դասական թվականի ոչ ճիշտ գրելաձեւ, ինչպես նաեւ Նախագծի հոդվածների սխալ համարակալում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տըեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենքի, «Օտարերկրացիների մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 22.11.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 22.11.2023թ.
Նախագծով առաջարկվում է սահմանել իրավական հիմք՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն (հիշյալ որոշումը մինչ այժմ նորմատիվ հիմք չունի), ինչպես նաեւ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ստեղծմամբ պայմանավորված՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման լիազորությունը վերապահել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը: Բացի այդ, առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քաղաքացի ճանաչվելու հնարավորության ժամկետը երկարաձգել մինչեւ 2026 թվականը, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ-ում դեռեւս բնակվում են ազգությամբ հայեր կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք չունեն որեւէ երկրի քաղաքացիություն եւ դիմում են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու եւ անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար, ինչպես նաեւ նախատեսվում է հստակեցնել երեխաների քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 14.11.2023թ.
Կառավարության կողմից ներկայացվել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու հանգամանքով, մասնավորապես, պետք է սահմանել այնպիսի իրավական հիմք, որը հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ ՝ «Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Նախագծով առաջարկվում է նաեւ՝ - «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ՀՀ քաղաքացի ճանաչվելու հնարավորության ժամկետը երկարաձգել մինչեւ 2026թ-ի դեկտեմբերի 31-ը, - հստակեցնել երեխաների քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները, - հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրությամբ հստակ ժամկետներ սահմանված չեն ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակությունն օրինականացնելու համար, նախատեսել ողջամիտ ժամկետ՝ նշված անձանց ՀՀ-ում բնակությունն օրինականցնելու կամ ՀՀ տարածքից դուրս գալու համար: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 21.11.2023թ.
|