ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-698-07.11.2023-ՊԻ-011/0), «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6981 -07.11.2023-ՊԻ-011/0) եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6982 -07.11.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-698-07.11.2023-ՊԻ-011/0), «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6981 -07.11.2023-ՊԻ-011/0) եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6982 -07.11.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) «ՀՕ-95-Ն» հերթական համարն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավադրույթը, որի համաձայն. «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:»

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսվում է Օրենքի 77-րդ հոդվածի 4-րդ մասում «երկուսը» բառը փոխարինել «հինգը» բառով: Հարկ է նկատել, որ Օրենքի 77-րդ հոդվածի 4-րդ մասում «երկուսը» բառը կիրառված է 2 անգամ: Հետեւաբար հղման հստակությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք նշում կատարել նախատեսված փոփոխությունը ո՞ր «երկուսը» բառին է վերաբերելի՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը:

3. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 44.3-րդ կետում «Քրեական» բառն՝ առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի վերնագիրը: 

4. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասում՝  Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շարքում, լրացնել նոր 44.2-44.3-րդ կետեր, որոնց համաձայն. «44.2) uահմանում է դատարանում գտնվող վարույթներով եւ գործերով հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման եւ համակարգի պահպանության կարգը.

44.3) uահմանում է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով մինչդատական ակտերի դեմ բողոքի եւ դատական վերանայման բողոքի էլեկտրոնային տարբերակի (էլեկտրոնային կրիչի) ներկայացման ձեւի պահանջները.»:

Նախագծի անցումային դրույթներով առաջարկում ենք սահմանել Նախագծի 6-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

(…)

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

5. Նախագծի 14-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին:

6. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովն ընտրում է Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի եւ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներին:»:

Հարկ ենք համարում նշել, որ Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի դատավոր անդամների ընտրության ժամկետի վերաբերյալ դրույթներ Նախագծի անցումային դրույթներում սահմանված չեն: Մինչդեռ Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված անցումային դրույթից բխում է, որ եռամսյա ժամկետում Ընդհանուր ժողովը ընտրում է Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի եւ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներին: Հետեւաբար անհրաժեշտ է Նախագծի անցումային դրույթներում սահմանել նաեւ Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի դատավոր անդամների ընտրության ժամկետն՝ առաջին կազմի ձեւավորման նպատակով: Իրավական շփոթից խուսափելու նպատակով քննարկվող անցումային դրույթում առաջարկում ենք «խորհրդատվական հանձնաժողովի» բառերից հետո լրացնել «անդամներին» բառը՝ անցումային դրույթով սահմանված եռամսյա ժամկետը վերաբերելի դարձնելով նաեւ Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի դատավոր անդամների ընտրությանը:

7. «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Փաստաբանության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նախատեսվում է «ավագանու» բառից հետո լրացնել «, կամ Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամի» բառերը:

«Փաստաբանության մասին» օրենքի 36-րդ հոդվածում սահմանված է փաստաբանի արտոնագրի կասեցումը: Վերոնշյալ լրացմամբ Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու դեպքում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 77-րդ հոդվածում լրացվող նոր՝ 10.3-րդ մասում սահմանված է. «(…) Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամը գործում է անհատույց հիմունքներով:»: Այսպես՝ մի կողմից Նախագծերի փաթեթով նախատեսվում է Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի անհատույց գործունեության վերաբերյալ դրույթ, մյուս կողմից՝ փաստաբանի արտոնագրի կասեցման, որի արդյունքում փաստաբանի գործունեությամբ զբաղվելու արգելք նախատեսող դրույթ: 

Կարծում ենք՝ փաստաբանի արտոնագրի կասեցման վերաբերյալ դրույթի նախատեսումն Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի անհատույց հիմունքներով գործելու նորմի համատեքստում կարող է խնդրահարույց լինել նորմի կիրառելիության տեսանկյունից: 

8. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Սույն օրենքով Օրենքի 2-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամի պաշտոն զբաղեցրած անձինք, որոնց լիազորությունները դադարելու են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:»:

Վերոնշյալ իրավադրույթում հղում է կատարվում «Օրենքի 2-րդ հոդվածին»: Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: Նույն օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է օրենսդրական ակտերին հղում կատարելու կանոնը, այն է. «Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:»: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքին չի տրվել «Օրենք» կրճատ տարբերակը՝ առաջարկում ենք հղում կատարելիս նշել օրենսդրական ակտի՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի, կրճատ անվանումը: 

Բացի այդ առաջարկում են «2-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերը, «2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «բ» ենթակետով» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով քննարկվող նախագծի 1-ին հոդվածով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրվելու հանգամանքը, ինչպես նաեւ հոդվածի կետի ենթակետերի հայերենի այբուբենի փոքրատառերով համարակալումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

28.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:  
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

28.11.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, ըստ որոնց նախատեսվում է՝

- դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձեւավորել էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողով, որը դատավորներին էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով կտրամադրի գաղտնի խորհրդատվություն, 

- դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշիռը բարձրացնել 3 ձայնով,

- դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների կազմում փաստաբանի՝ դատավոր չհանդիսացող անդամ ընտրվելը հիմք համարել նրա փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու համար,

- Բարձրագույն դատական խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում հստակեցնել նոր ընտրություն կազմակերպելու ժամկետները եւ կարգը,

- Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակին վերաբերող կարգավորումները համապատասխանեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի սահմանադրական դերին համահունչ անկախության երաշխիքներին, ինչպես դա նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորի դեպքում,

- «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի հիման վրա գործող եւ որոշակի ոլորտներում գործունեություն ծավալող հիմնադրամներին հնարավորություն ընձեռել առաջադրելու Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածուներ, ինչպես նաեւ դատավորների հավակնորդների թեկնածուների որակավորման քննությանը ներկա գտնվող ներկայացուցիչներ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

14.11.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Փաստաբանության մասին», ինչպես նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1. Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձեւավորել էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողով, որը դատավորներին էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով կտրամադրի գաղտնի խորհրդատվություն, այդ թվում տրամադրված խորհրդատվությունների հիման վրա կմշակի եւ կհրապարակի տեղեկատվական ուղեցույց.

2. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշիռը բարձրացնել 3 ձայնով.

3. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների կազմում փաստաբանի՝ դատավոր չհանդիսացող անդամ ընտրվելը հիմք ընդունել նրա՝ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու համար.

4. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում հստակեցնել նոր ընտրություն կազմակերպելու ժամկետները եւ կարգը.

5. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակին վերաբերող կարգավորումները համապատասխանեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի սահմանադրական դերին համահունչ անկախության երաշխիքներին, ինչպես դա նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորի դեպքում.

6. Հնարավորություն նախատեսել «Հիմնադրամների մասին» օրենքի հիման վրա գործող եւ որոշակի ոլորտներում գործունեություն ծավալող հիմնադրամների համար վերջիններիս կողմից առաջադրելու Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածուներ, ինչպես նաեւ դատավորների հավակնորդների թեկնածուների որակավորման քննությանը ներկա գտնվող ներկայացուցիչների: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

24.11.2023թ.