ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-701-13.11.2023-ՏՀ-011/0), «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7011 -13.11.2023-ՏՀ-011/0), «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7012 -13.11.2023-ՏՀ-011/0) եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7013 -13.11.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-701-13.11.2023-ՏՀ-011/0), «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-7011 -13.11.2023-ՏՀ-011/0), «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-7012 -13.11.2023-ՏՀ-011/0) եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7013 -13.11.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 1-ին կետով կատարված փոփոխության արդյունքում Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվելու է, որ հարկային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոնները զբաղեցվում են ոչ միայն հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ վերապատրաստում անցած հարկային ծառայողներից, այլեւ նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում, որը վերաբերում է հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների մրցութային կարգով համալրմանը: Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի գործող կարգավորումը վերաբերում է թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնները համալրելու հնարավոր եղանակներին եւ սուբյեկտներին՝ այն է համալրում հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ համալրում վերապատրաստում անցած հարկային ծառայողներից՝ հարցազրույցի միջոցով: Մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխության արդյունքում ստացվում է հարկային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոնները զբաղեցվում են ( ) սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում: Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասն իրավական շփոթ կարող է առաջացնել, քանի որ նշված մասը կարգավորումներ է նախատեսում մասնավորապես թափուր պաշտոններ առաջանալու դեպքի համար, այդ թափուր պաշտոնների զբաղեցման հնարավոր եղանակների համար, հետեւաբար այլ դեպքի մասին հղում կատարելը չի բխում տվյալ նորմի բովանդակությունից: Առաջնորդվելով վերոգրյալով՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված «ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում» բառերից հետո լրացնել «՝ մրցույթի միջոցով» բառերը՝ շեշտադրելով թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոնը համալրելու հնարավոր եղանակը: 2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել նոր 3.1-ին եւ 3.2-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ՝ «3.1. Հարկային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում, մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը, հաշվի առնելով սույն օրենքի 17-րդ հոդվածով եւ 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը՝ այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: 3.2. Հարկային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել հարկային ծառայության կադրերի ռեզերվից սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն հարկային ծառայողին, որը հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով հարկային ծառայության պաշտոնից»: 1) նոր լրացվող 3.1-ին մասի բովանդակությամբ թափուր պաշտոնները կադրերի ռեզերվում գտնվող հարկային ծառայողների միջոցով զբաղեցնելու ժամկետ սահմանված է « մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը»: Նույն հոդվածի 3-րդ մասը վերաբերում է (...) հարցազրույցի միջոցով հարկային ծառայության թափուր պաշտոնները համալրելուն: Այսպիսով՝ Օրենքը, որպես թափուր պաշտոնների համալրման ընդհանուր կանոն, սահմանում է հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ վերապատրաստում անցած հարկային ծառայողներից հարցազրույցի միջոցով այդ թափուր պաշտոնները զբաղեցնելը: Օրենքի 17.2-րդ հոդվածով, որպես թափուր պաշտոնների համալրման ընդհանուր կարգ սահմանված է հարցազրույցի միջոցով հարկային ծառայության պաշտոնի նշանակումը: Նախագծի 2-րդ հոդվածով նոր լրացվող 3.1-ին դրույթի բովանդակությունից բխում է, որ հարկային ծառայողների թափուր պաշտոնները կարող են զբաղեցվել նաեւ կադրերի ռեզերվում գտնվող հարկային ծառայողների կողմից՝ վերջիններիս հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով՝ մինչեւ հարցազրույցի միջոցով այդ պաշտոնների համարումը: Այսինքն՝ Նախագծով նախատեսվում է հարկային ծառայության պաշտոնում նշանակելու ընդհանուր կանոնից շեղում կամ շրջանցում, մինչդեռ սահմանված չէ հստակ ժամկետ, թե կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ պայմանագիր կնքելուց հետո առավելագույնը երբ պետք է նշանակումներն իրականացվեն ընդհանուր կանոններով՝ հարցազրույցի միջոցով: Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում եւս սահմանել համապատասխան հոդվածների գործողության ժամկետը կամ հստակեցնել, թե հարկային ծառայողների թափուր պաշտոնները կադրերի ռեզերվում գտնվող հարկային ծառայողների կողմից զբաղեցնելուց հետ ինչ ժամկետում այդ պաշտոնները պետք է համալրվեն Օրենքով սահմանված ընդհանուր կանոններով՝ հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ վերապատրաստում անցած հարկային ծառայողներից հարցազրույցի միջոցով: Սույն առաջարկությունը բխում է հարկային ծառայության անցնելու համար միատեսակ չափանիշներ եւ ընթացակարգ նախատեսելու անհրաժեշտությունից: 2) Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկային ծառայողի հասկացության սահմանումից բխում է, որ հարկային ծառայող է համարվում այն անձը, ով՝
Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ հարկային ծառայության պաշտոն կարող են զբաղեցնել այն անձինք, ովքեր
Կադրերի ռեզերվում գրանցված հարկային ծառայողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու արդյունքում նախ վերջիններս չեն համապատասխանում Օրենքով սահմանված «հարկային ծառայող» եզրույթին, քանի որ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը կադրերի ռեզերվից հանելու հիմք է, բացի այդ վերջիններիս համար չեն պահպանվում Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ պահանջները: 3) նոր լրացվող 3.2-րդ մասով սահմանված «պաշտոն զբաղեցնող» դրույթը, կարծում ենք, ավելորդ է, քանի որ հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվում են այն հարկային ծառայողները, ովքեր ազատված են հարկային ծառայության պաշտոնից (հիմք՝ Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկային ծառայողի եւ 12-րդ հոդվածով սահմանված հարկային ծառայության հասկացությունները), հետեւաբար հասկանալի չէ նշված դրույթի համատեքստում պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողին հղում կատարելը: Նույն դիտարկումները համապատասխանաբար վերաբերելի են նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Հարկային ծառայության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 28.11.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 28.11.2023թ.
Նախագծերի փաթեթն (այսուհետ՝ Փաթեթ) ուղղված է հարկային եւ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունների կանոնակարգմանը: Մասնավորապես, առաջարկվող լրացումներով սահմանվում է, որ հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում, մինչեւ նշված օրենքներով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 23.11.2023թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություն կատարել «Հարկային ծառայության մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հարկային եւ մաքսային ծառայություններում թափուր եւ ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքների համաձայն՝ մաքսային եւ հարկային ծառայություններում բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են մաքսային եւ հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ վերապատրաստում անցած մաքսային ծառայողներից հարցազրույցի միջոցով: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ հնարավոր է դեպքեր, երբ մաքսային եւ հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում ընդգրկված մասնակիցների թիվը բավարար չլինի Պետական եկամուտների կոմիտեում (այսուհետ՝ ՊԵԿ) առկա թափուր պաշտոնները համալրելու համար կամ թեկնածուների ցուցակում ընդգրկված մասնակիցը պաշտոնի նշանակման համար հարցազրույցի փուլը չհաղթահարի եւ ցուցակում այլ թեկնածուներ չլինեն: ՊԵԿ-ի գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո հարկային եւ մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հարկային եւ մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող թեկնածուի բացակայության դեպքում այդ թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել այլ անձի հետ (այդ թվում՝ ռեզերվում գտնվող) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության տվյալ թափուր պաշտոնում նշանակում կատարելը, բայց ոչ ավելի քան մեկ տարի ժամկետով: Բացի վերը նշվածից, Նախագծերի փաթեթով նախատեսվում է դրույթ, ըստ որի հարկային եւ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը եւ այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարողներ՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) Լ. Սարգսյան (հեռ. 011-513-270) 22.11.2023թ.
|