ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-703-13.11.2023-ԳԿ-011/0), «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7031 -13.11.2023-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7032 -13.11.2023-ԳԿ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7033 -13.11.2023-ԳԿ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7034 -13.11.2023-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7035 -13.11.2023-ԳԿ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7036 -13.11.2023-ԳԿ-011/0) եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7037 -13.11.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-703-13.11.2023-ԳԿ-011/0), «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7031 -13.11.2023-ԳԿ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7032 -13.11.2023-ԳԿ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7033 -13.11.2023-ԳԿ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7034 -13.11.2023-ԳԿ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7035 -13.11.2023-ԳԿ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7036 -13.11.2023-ԳԿ-011/0) եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-7037 -13.11.2023-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «Աշխատանքային» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի վերնագիրը: Նույն դիտարկմամբ Նախագծի 15-րդ հոդվածի 13-րդ մասում «աշխատանքային օրենսգրքի» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Հիմնադրամների մասին» օրենքի անվանման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, որի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 20-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 42-րդ հոդվածի 8-րդ մասում «Պետական տուրքի մասին» օրենքի անվանման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետում կիրառված է «եւ (կամ)» ձեւակերպումը: Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետում կիրառված «եւ (կամ)» ձեւակերպումը:

4. Նախագծի 5-րդ հոդվածը վերնագրված է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում պետական քաղաքականության խնդիրները»: Մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված են ՄԿՈՒ մասնակիցների խնդիրները: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնի համաձայն. «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն համապատասխանեցնել բովանդակությանը: 

5. Նախագծի 8-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի համաձայն. «ՄՈՒՀ-ում օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաեւ՝

(…)

2) եթե դասընթացն իրականացնում է օտարերկրյա մասնագետը.»:

Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի համաձայն. «ՄԿՈՒ բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝ (…) 9) մասնագիտական կրթություն ստանալու հավասար հնարավորությունները եւ ներառականությունը՝ յուրաքանչյուր ուսանողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան.»:

Համադրելով վկայակոչված նորմերը կարող ենք եզրահանգել, որ դասընթացը օտարերկրյա մասնագետի կողմից անցկացվելու դեպքում ուսուցման կազմակերպումը օտար լեզվով հնարավոր դարձնելը կարող է վտանգի տակ դնել մասնագիտական կրթություն ստանալու հավասար հնարավորությունների սկզբունքի երաշխավորումը, քանզի համապատասխան օտար լեզվին չտիրապետող ուսանողը չի կարողանա մյուս ուսանողների հետ հավասար պայմաններում ստանալ մասնագիտական կրթություն։ Ուստի առաջարկում ենք կատարված դիտարկման հիման վրա Նախագծի 8-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետը համապատասխանեցնել մասնագիտական կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքներին։ 

6. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգը ներառում է՝

1) ՄՈՒՀ-երի որակի ապահովման ներքին համակարգը.

2) ՄՈՒՀ-երի որակի ապահովման արտաքին համակարգը.

3) որակի արտաքին գնահատման կամ հավաստման կառույցները:»։

Ապա նույն հոդվածի 2-րդ մասը մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի բաղադրիչ է համարում «որակի ներքին եւ արտաքին գնահատումները», իսկ 3-րդ եւ 4-րդ մասերը բացահայտում են այդ հասկացությունների բովանդակությունը։ Նախագծի 12-րդ հոդվածի 1-4-րդ մասերի համակարգային վերլուծությունը հանգեցնում է «ՄՈՒՀ-երի որակի ապահովման ներքին համակարգ», «ՄՈՒՀ-երի որակի ապահովման արտաքին համակարգ» եւ «ներքին գնահատում», «արտաքին գնահատում» հասկացությունների հարաբերակցման խնդրի։ Եթե այդ հասկացությունները բովանդակային առումով Նախագիծը համարում է նույնական, ապա առաջանում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:» պահպանման խնդիր։ Եթե վերոնշյալ տերմինները նույանբովանդակ միտք չեն արտահայտում, ապա առաջանում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեկ այլ պահանջի, այն է՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները:» խախտում։

Ուստի առաջարկում ենք ապահովել Նախագծի 12-րդ հոդվածով կիրառվող հասկացությունների ընկալման միանշանակությունը։

7. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «Քրեակատարողական օրենսգրքի» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի վերնագիրը:

8. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Պետական ՄՈՒՀ-ի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, լիազոր մարմինը, ՄՈՒՀ-ի կոլեգիալ կառավարման մարմինը (կառավարման խորհուրդ, հոգաբարձուների խորհուրդ, այսուհետ՝ խորհուրդ), եւ ՄՈՒՀ-ի գործադիր մարմինը (տնօրեն,  պետ, ռեկտոր, ծրագրի կամ ստորաբաժանման ղեկավար (այսուհետ՝ տնօրեն):»։ Ցանկանում ենք նշել, որ նորմի տվյալ ձեւակերպման պայմաններում անհասկանալի է, թե ՄՈՒՀ-ի խորհրդի վերաբերյալ  Նախագծի մյուս հոդվածներով նախատեսվող կարգավորումները ուղղված են կառավարման, թե հոգաբարձուների խորհրդի համար իրավական կարգավորումներ սահմանելուն։ Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրամշակել՝ ապահովելով վերջինիս հստակությունը։

9. Նախագծի 22-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանվում է պետական ՄՈՒՀ-ի խորհրդի ձեւավորումը, որի համաձայն. «Պետական ՄՈՒՀ-ի  խորհուրդը ձեւավորվում է հետեւյալ համամասնությամբ.

1) երկուսին առաջադրում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ ՄՈՒՀ-ի որակավորումների (ուղղվածության) ոլորտի իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ոլորտը սպասարկող գործատուների  ներկայացուցիչներից կամ ոլորտում հեղինակավոր այլ անձանցից,

2) երկուսին առաջադրում են ՄՈՒՀ-ի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կառույցները (հասարակական միավորումները, կազմակերպությունները)՝ ՄՈՒՀ-ի հետ տվյալ ոլորտում առավել ակտիվ համագործակցող կամ կրթական ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպություններից,

3) երեքին առաջադրում են տվյալ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ լիազորված մարմինները՝ երկուսին՝ մանկավարժական աշխատողների եւ մեկին՝ ուսանողության ներկայացուցիչներից:»:

Հարկ ենք համարում նշել, որ վերը մեջբերված իրավադրույթում սահմանված է պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամների առաջադրման վերաբերյալ իրավակարգավորումներ: Միեւնույն ժամանակ Նախագծում բացակայում է առաջադրված անձանց նշանակման վերաբերյալ իրավադրույթներ: Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամի լիազորությունների դադարման հիմքում նշվում է պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամին նշանակած եւ առաջադրած մարմնի կողմից նրան խորհրդի անդամի պաշտոնից վաղաժամկետ ազատման մասին: Սույն դրույթից բխում է, որ պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամին նշանակում եւ առաջադրում է որեւէ մարմին, սակայն պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամների նշանակման գործընթացը Նախագծում չի սահմանվում: Հիմք ընդունելով վերագյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծում պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամների առաջադրման եւ նշանակման վերաբերյալ իրավադրույթները՝ Նախագծում ապահովելով պետական ՄՈՒՀ-ի խորհրդի ձեւավորման բավարար չափով որոշակի եւ հստակ իրավադրույթների առկայությունը: Սույն առաջարկը կապահովի իրավակիրառ սուբյեկտների կողմից համապատասխան վարքագծի դրսեւորման հնարավորությունը:

10. Նախագծում հասկացությունների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով Նախագծի 22-րդ հոդվածի 11-րդ մասում «Խորհրդի նախագահ» բառերն առաջարկում ենք փոխարինել «խորհրդի նախագահ» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի ամբողջ տեքստում քննարկվող եզրույթի փոքրատառով գրելաձեւը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ  իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

11. Նախագծի 35-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի ենթակետերի հայերենի այբուբենի փոքրատառերով համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով: »

12. «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 8-րդ կետով «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին  մասի 17.1-ին կետում նախատեսվում է «ամփոփիչ ատեստավորում» բառերը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգում» բառերով: Հարկ ենք համարում նշել, որ «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17.1-ին կետում «ամփոփիչ ատեստավորում» ձեւակերպումը բացակայում է: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք ապահովել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 8-րդ կետում կատարված հղման հստակությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կանոնից:

13. «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ պարբերությունից հանել «միջին» բառը: Հարկ ենք համարում նշել, որ «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը բաղկացած է երեք պարբերությունից: Ուստի առաջարկում ենք ապահովել Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխության հղման հստակությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը:

14. «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերություններից հանել «նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին» բառերը: Հարկ ենք համարում նշել, որ «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունում կիրառված է «նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին» բառերը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 1-ին կետով «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունում նախատեսված փոփոխությունը: 

15. «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է լրացում եւ փոփոխություն կատարել «Կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում: Մինչդեռ «Կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 2022 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-391-Ն օրենքի 2-րդ հոդվածով: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածը:

16. «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 21-րդ հոդվածի 2-րդ մասն անհասկանալի տրամաբանությամբ բաժանված է 7-ից 12-րդ կետերի: Առաջարկում ենք ապահովել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 21-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի համարակալման տրամաբանական հաջորդականությունը:

17. «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 19-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 41-րդ հոդվածի 2-րդ մասում 4-րդ կետից հետո կրկին հաջորդաբար համարակալված են 1-ից 4-րդ կետեր: Առաջարկում ենք ապահովել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 19-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 41-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի համարակալման տրամաբանական հաջորդականությունը:

18. «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 20-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 42-րդ հոդվածի 3-րդ մասն անհասկանալի տրամաբանությամբ բաժանված է 3-րդ եւ 4-րդ կետերի: Առաջարկում ենք ապահովել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 20-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 42-րդ հոդվածի 3-րդ մասի կետերի համարակալման տրամաբանական հաջորդականությունը:

19. «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 25-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 19-րդ հոդվածի վերնագրին: 

20. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում է միայն մեկ փոփոխություն: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթից, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»:

21. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: 

22. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 17-րդ հոդվածին հաջորդում է 19-րդ հոդված: Առաջարկում ենք ապահովել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածների համարակալման հաջորդականությունը:

23. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով նախատեսված է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում կատարել փոփոխություններ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթից:

24. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի անվանման առաջին հիշատակումից հետո սահմանել կիրառության կրճատ տարբերակ, որից հետո միայն կիրառել «Օրենք» կրճատ ձեւակերպումը: Սույն առաջարկը կապահովի քննարկվող նախագծում հղումների հաստակությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պահանջը, որի համաձայն. «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: 

25. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածին հաջորդում է 5-րդ հոդված: Ուստի առաջարկում ենք ապահովել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածների համարակալման հաջորդականությունը:

26. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով լրացումներ չեն կատարվում, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթը:

27. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանագմանքը, որ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում «Լիցենզավորման մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

28. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում 5-րդ եւ 6-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ: Հարկ ենք համարում նշել, որ քննարկվող նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխության տեքստից բխում է, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում նախատեսվում է նաեւ լրացնել 5.1-ին եւ 6.1-ին կետեր, մինչդեռ լրացման մասին նշումը բացակայում է: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերախմբագրել «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն՝ ապահովելով նախագծով կատարվող լրացման մասին նշման առկայությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

04.12.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

                       Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

04.12.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է նորովի կարգավորել մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈւ) համակարգի գործունեության, ոլորտի կառավարման ու ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ դրանց մասնակից իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունները: «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագիծը սահմանում է ՄԿՈւ համակարգի նպատակներն ու խնդիրները, ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներն ու սոցիալական երաշխիքները, անձի նախասիրություններին, հնարավորություններին ու աշխատաշուկայի կարիքներին եւ զարգացման միտումներին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի իրացման նպատակով մասնագիտական կրթության ծրագրերի, դրանք իրականացնող կազմակերպությունների գործունեության կազմակերպական-իրավական հիմքերը, արդյունքների ճանաչումն ու փոխճանաչումը: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում, հեղինակի կարծիքով, կլուծվեն ՄԿՈւ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների եւ հմտությունների ձեւավորմանը, գործատուների ներգրավմանը եւ սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը եւ որակավորումների փոխճանաչմանը: 

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների, ինչպես նաեւ տվյալ ոլորտի կազմակերպական-տնտեսական հիմքերի հստակեցման տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ:

1. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով տրվում են ՄԿՈւ բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, որոնց մի մասը խմբագրման եւ հստակեցման կարիք են զգում: Մասնավորապես, տվյալ մասի՝ 

ա) 1-ին կետով, որպես ՄԿՈւ բնագավառում պետական քաղաքականության սկզբունք, սահմանվում է. «հասարակության մտավոր ներուժի եւ աշխատուժի վերարտադրությունը  ու զարգացումը, աշխատաշուկայի մրցունակությունը», թեեւ պարզ է, որ այս առումով պետությունը ոչ թե անմիջականորեն «վերարտադրում է աշխատուժը», այլ դրա համար անհրաժեշտ կամ նպաստավոր պայմաններ է ստեղծում: Մյուս կողմից, որպես սկզբունք, անհասկանալի եւ անբացատրելի է մնում «աշխատաշուկայի մրցունակությունը», քանի որ որեւէ օբյեկտի կամ սուբյեկտի մրցունակությունը իմաստ կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ տվյալ սուբյեկտն ունի մրցակից (հակառակ դեպքում՝ անիմաստ է դառնում բուն մրցունակության գաղափարը): Ենթադրելի է, որ «աշխատաշուկայի մրցունակության» տակ Նախագծի հեղինակը նկատի է ունեցել ոչ թե բուն աշխատաշուկան, այլ այդ աշխատաշուկայում միջին մասնագիտական հաստատությունների (ՄՈւՀ) շրջանավարտների մրցունակության բարձրացման գաղափարը: Հաշվի առնելով նշվածը, առաջարկում ենք տվյալ սկզբունքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «հասարակության մտավոր ներուժի եւ աշխատուժի վերարտադրության ու զարգացման, ինչպես նաեւ աշխատաշուկայում ՄՈւՀ-ի շրջանավարտների մրցունակության բարձրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը»,

բ) 2-րդ կետից առաջարկում ենք հանել «եւ հարատեւ կրթության ապահովումը» բառերը, իսկ սկզբունքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «կրթական գործընթացի անընդհատության եւ հաջորդականության ապահովումը», քանի որ «հարատեւ կրթությունը» խիստ տեսական եւ անիրագործելի գաղափար է,

գ) առաջարկում ենք հանել 3-րդ կետով տրված սկզբունքը, ըստ որի՝ ՄԿՈւ բնագավառում պետական քաղաքականության սկզբունք է սահմանվում. «ՄԿՈւ մրցունակությունը եւ հրապարակայնությունը», քանի որ համակարգի (տվյալ դեպքում՝ ՄԿՈւ-ի) մրցունակության մասով (որպես մրցունակության սուբյեկտի) արդեն իսկ նշվեց մեր կողմից, իսկ գաղափարն էլ արդեն իսկ իրացված է 1-ին կետում, իսկ «հրապարակայնության» առումով էլ նշենք, որ նախ՝ չի հասկացվում, թե ու՞մ է վերաբերում «հրապարակայնություն» բառը՝ պետությանը, թե՞ ՄԿՈւ բնագավառին: Եթե խոսքը գնում է պետության մասին, ապա հրապարակայնությունը պետական քաղաքականության համընդհանուր սկզբունք է եւ տվյալ դեպքում, կարծում ենք, ավելորդ է դրա հատուկ շեշտադրումը, իսկ եթե խոսքը ՄԿՈւ բնագավառի սուբյեկտների կողմից հրապարակային գործելու սկզբունքի մասին է, ապա առավել եւս դրա շեշտադրումն ավելորդ է, քանի որ այս  բնագավառի սուբյեկտների համար հրապարակայնությունը ոչ թե սկզբունք է, այլ ուսանողներ ներգրավելու հիմնական պայման, ուստի առանց հրապարակայնության տվյալ բնագավառի ուսումնական հաստատություններն ուղղակի չեն կարող գոյատեւել,

դ) 7-րդ կետով տրվող սկզբունքի տեքստում, մտքի հստակեցման նպատակով, «պետական առանձնացված քաղաքականության իրականացումը» բառերն առաջարկում ենք փոխարինել «պետական քաղաքականության առանձնահատկությունների սահմանումը» բառերով,

ե) առաջարկում ենք հանել 10-րդ կետով սահմանված սկզբունքը («մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստումը՝ հաշվի առնելով անձի պահանջմունքները, զարգացման առանձնահատկությունները, պետության կարիքները, աշխատաշուկայի ժամանակակից պահանջները եւ զարգացման միտումները»), քանի որ «մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստումը» ընդամենը բառախաղ է (այլապես ստացվում է, որ մասնագետներ կարելի է պատրաստել նաեւ առանց մասնագիտական կրթության), իսկ խոշոր առումով տվյալ միտքը ոչ թե սկզբունք է իրենից ներկայացնում, այլ հանդիսանում է ՄԿՈւ բնագավառի հիմնական խնդիրը կամ նպատակը, այն է՝ պատրաստել որոշակի մասնագետներ (տվյալ միտքը կարելի է ձեւակերպել նաեւ Նախագծի հաջորդ՝ 5-րդ հոդվածում): 

2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից (ըստ որի՝ ՄԿՈՒ բնագավառում պետական քաղաքականության խնդիրներից է. «ՄԿՈՒ համակարգի շարունակական զարգացումը եւ մրցունակության բարձրացումը, լրացուցիչ եւ շարունակական կրթության հնարավորությունների ընդլայնումը.») առաջարկում ենք հանել «եւ մրցունակության բարձրացումը» բառերը, քանի որ մրցունակության գաղափարն արդեն իսկ ձեւակերպված է որպես սկզբունք (որպիսին այն իրականում հանդիսանում է), իսկ ՄԿՈւ-ի մրցունակության մասին էլ արդեն իսկ մեր կողմից նշվեց սույն եզրակացության 1-ին կետի «ա» ենթակետում:

3. Նախագծի 7-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանվում է, որ. «Կրթական ծրագրի յուրաքանչյուր մակարդակում ոլորտային որակավորումների շրջանակի չափանիշները կրթության պետական կառավարման լիազոր մարմինը հաստատում է համապատասխան ՄՈւՀ-ում կրթական ոլորտի տվյալ մասնագիտական ուղղվածության ծրագրի փորձարկման եւ արդյունավետության գնահատման հիման վրա:»: Խնդիրը կայանում է նրանում, որ ցանկացած երեւույթի, առավել եւս՝ ծրագրերի արդյունավետության գնահատումը բարդ եւ տվյալ երեւույթի գնահատման հատուկ մեթոդաբանություն պահանջող գործընթաց է, ինչը կարելի է իրականացնել տարբեր մեթոդների եւ չափանիշների հիման վրա: Այս կապակցությամբ անհրաժեշտ է մշակել եւ ընդունել «ՄՈՒՀ-ում կրթական ոլորտի տվյալ մասնագիտական ուղղվածության ծրագրի փորձարկման եւ արդյունավետության գնահատման կարգ», որի ընդունման լիազորություն տվյալ Նախագծով սահմանված չէ:

4. Նախագծի 11-րդ հոդվածը, որով կարգավորում են մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի եւ որակավորման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, հստակեցման եւ լրամշակման կարիք է զգում: Մասնավորապես, տվյալ հոդվածի՝

ա) 8-րդ մասով սահմանվում է, որ. «Կրթական ծրագրի իրականացման իրավունքը եւ համապատասխան որակավորման լիցենզիան ՄՈւՀ-ին տրվում են անժամկետ:», այն դեպքում, երբ գործնականում տվյալ մոտեցումն այնքան էլ իրեն չի արդարացնում, քանի որ լիցեզիա ստանալու համար սուբյեկտներն ապահովում են պահանջվող պայմանները, սակայն ժամանակի ընթացքում այդ պայմանները փոփոխվում են եւ, ըստ էության, սուբյեկտները չհամապատասխանելով լիցենզավորման համար սահմանված նորմերին՝ շարունակում են ունենալ գործունեության լիցենզիա: Այս առումով արդեն իսկ մի քանի ոլորտների մասով տեղի է ունենում պետական քաղաքականության փոփոխություն եւ անժամկետ լիցենզիաներն աստիճանաբար փոխարինվում են ժամկետային լիցենզիաներով՝ դրանց երակարացման հանարավորությամբ, ուստի առաջարկում ենք վերաիմաստավորել տվյալ մոտեցումը՝ նշված հանգամանքների լույսի ներքո,

բ) 10-րդ մասով սահմանվում է, որ. «ՄՈւՀ-ին տրված համապատասխան մակարդակի կրթական ծրագրի իրականացման կամ որակավորման լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել լիազոր մարմինը՝ «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված հիմքերով եւ կարգով:», սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ՄՈւՀ-ի լիցենզավորման համար պայմաններ են սահմանվում նաեւ հենց տվյալ Նախագծով (կամ այլ կերպ ասած՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքով), հետեւաբար՝ միայն «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված հիմքերի շեշտադրումը բավարար լինել չի կարող, առավել եւս, որ նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 19-րդ հոդվածով առաջարկվող՝ «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի նոր շարադրանքին համապատասխան. «Լիցենզավորման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման, բողոքարկման եւ այլ իրավահարաբերությունները կարգավորվում են լիցենզավորման եւ կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով:», 

գ) տվյալ Նախագծում բացակայում են նաեւ լիցենզիաների կասեցման եւ գործողության վերականգնման հետ կապված հարաբերությունների կարգավորումը կամ համապատասխան օրենքի դրույթներին այդ մասով հղումները:

5. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի բաղադրիչ են որակի ներքին եւ արտաքին գնահատումները:», սակայն այդ գնահատումների կարգ կամ կարգի սահմանման լիազորություն Նախագծով նախատեսված չէ:

6. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասում խոսք է գնում «Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կամ միկրոորակավորման (որոշակի ձեռք բերված ուսումնառության արդյունքների) կրթական ծրագրի» մասին, սակայն որեւէ հստակություն չի մտցվում, թե որո՞նք են ուսումնառության այն «որոշակի արդյունքները», որոնց համար պետք է ուսանողին տրվի համապատասխան փաստաթուղթ, ուստի առաջարկում ենք տվյալ հոդվածում սահմանել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում միկրոորակավորումը եւ որոնք են այդպիսի որակավորման համար սահմանվող չափանիշները (մեր կարծիքով, որպես միկրոորակավորման կրթական ծրագրի գլխավոր պայման անհրաժեշտ է սահմանել այդ ծրագրով գոնե մեկ կամ մի քանի ամբողջական մոդուլների դասավանդումը): 

7. Նախագծի 37-րդ հոդվածով սահմանվում են մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի ֆինանսավորման հետ կապված դրույթներ: Տվյալ հոդված վերջում առաջարկում ենք հստակ ամրագրել, որ ՄՈւՀ-ի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթն ամբողջությամբ ուղղվում ՄՈւՀ-ի ֆինանսավորմանը կամ նպատակների իրականացմանը՝ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով:

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել ընդամենը մեկ նկատառում՝ կապված Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 8.5.1.1.-րդ կետի հետ: Ըստ այդ կետի շարադրանքի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունքի համար տրվող լիցենզիայի համար նախատեսվում է գանձել պետական տուրք՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով, այն դեպքում, երբ տվյալ Նախագծին կից ներկայացված՝ փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքի մեջ նույն տեղում գրված է «բազային տուրքի 10-ապատիկի չափով» բառերը: Այս կապակցությամբ առաջարկում ենք լրացուցիչ հստակեցնել պետական տուրքի սահմանվող չափը: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման եւ հստակեցման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

21.11.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարելավել մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտը՝ շրջանառության մեջ դնելով «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագիծը, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով հարակից օրենքներում:

Նախագծերի փաթեթի ընդունումը կապված է ռազմավարական փաստաթղթերի հետ, մասնավորապես՝ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական եւ Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրերի։

Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը մասնագիտական կրթության եւ ուսուցման (այսուհետ՝ նաեւ ՄԿՈՒ) ոլորտի զբաղունակության բարելավումն է:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը զարգացող աշխատաշուկայի պահանջների եւ առաջադեմ կրթական համակարգերի հնարավորությունների տեսանկյունից բավարար չէ, մասնավորապես՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացման, գործատուների ներգրավման եւ սոցիալական գործընկերության ընդլայնման առումով։ 

Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծերի փաթեթի հեղինակի կողմից առաջարկվում է՝

  •  որակյալ կրթություն կազմակերպելու եւ աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար ապահովել գործատուների հետ սերտ համագործակցություն,
  •  ընդլայնել դուալ ուսուցման համակարգը,
  •  օրենքով սահմանել ՄԿՈՒ ոլորտում կիրառվող մի շարք հասկացություններ, ինչպիսիք են՝ սոցիալական գործընկերւթյուն, աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, գործնական ուսուցման վարպետ, մասնագիտական ուսուցման հրահանգիչ եւ այլն,
  •  սահմանել ուսումնական հաստատության միայն «քոլեջ» տեսակը՝ տարբերակելով վերջինիս կողմից ըստ լիցենզիայի իրականացվող կրթական ծրագրերի մակարդակները՝ արհեստագործական եւ միջին մասնագիտական,
  • վերանայել ՄԿՈՒ  կրթական ծրագրերի իրականացման մեթոդաբանական հիմքերը, որակի ապահովման ու վերահսկողության կառուցակարգերը, կրթական ծրագրերի կազմակերպման ձեւերը՝ նախատեսելով առկա, հեռավար եւ դրսեկության ձեւերի մեթոդաբանական համադրությամբ կրթական ծրագրի իրականացման հնարավորություն
  •  ապահովել ՄԿՈՒ ստանալու  համար հավասար մասնակցության հնարավորություն եւ որակի ապահովում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար,
  •  հստակեցնել մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի եւ կառավարման խորհրդի  անդամին  ներկայացվող պահանջները  եւ այլն:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների հիմքում մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (այսուհետ՝ նաեւ ԱՀՈՒ) համակարգի կատարելագործումը եւ ընդլայնումն է, ինչպես նաեւ սոցիալական գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը: Մասնավորապես, Նախագծերի փաթեթում ներառված «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպում հետեւյալ ձեւերով՝

-   դուալ ուսուցում՝ կրթական ծրագրի մակարդակում ըստ որակավորման առանձնահատկության ուսումնառության կազմակերպման ձեւ, որն  իրականացվում է միաժամանակ  մասնագիտական ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ նաեւ ՄՈՒՀ) եւ գործընկեր կազմակերպությունում,

-   պրակտիկա՝ աշխատանքի վայրում ուսումնառության փուլ,

-   աշխատանքի ընթացքում ուսումնառություն՝ կազմակերպվում է ընթացիկ աշխատանքային միջավայրում: 

Կարեւորելով ՄՈՒՀ-երի ու գործատուների միջեւ համագործակցությունը, Նախագծով ամրագրվում է, որ պետությունը՝ հաշվի առնելով աշխատուժի շուկայի կազմը եւ կառուցվածքը, երաշխավորում է սոցիալական գործընկերների պատվերով եւ ֆինանսավորմամբ մասնագիտական կրթություն եւ ուսուցում, վերջիններիս մասնակից դարձնելով համապատասխան մակարդակի որակավորումն ապահովող կրթական ծրագրի ուսումնամեթոդական փաթեթի մշակմանն ու հաստատմանը, ինչպես նաեւ վերջնարդյունքների գնահատմանը:

ԱՀՈՒ-ի ընդլայնման եւ սոցիալական գործընկերիներին մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին մասնակից դարձնելու  վերաբերյալ նշենք հետեւյալը:

ԱՀՈՒ-ն վերաբերվում է ուսումնառության բոլոր տեսակներին, որոնք տեղի են ունենում իրական աշխատանքային միջավայրում: Այն անհատին տրամադրում է հաջողությամբ աշխատանք գտնելու եւ մասնագիտական կարիերայի զարգացմանն անհրաժեշտ հմտություններ: Աշկերտությունը, պրակտիկան եւ աշխատանքի ընթացքում ուսումնառությունը ԱՀՈՒ հիմնական տեսակներն են[1]:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի պատրաստ մասնագետներ թողարկելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը աշխատանքի վրա հիմնված ուսուցման դուալ համակարգն է: Դուալ ուսուցման արդյունավետ իրականացումը կնվազեցնի ձեռնարկությունների կողմից աշխատակիցներին լրացուցիչ ուսուցում տրամադրելու անհրաժեշտությունը[2]:

Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը օգնում է սովորողներին ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ եւ կարողություններ, որոնք համապատասխանում են աշխատաշուկայի պահանջներին, բայց չեն կարող ձեռք բերվել միայն ակադեմիական միջավայրում: ԱՀՈՒ փորձը եւ վաղ աշխատանքի անցման դրական արդյունքները մեծապես շահեկան են սովորողի համար, քանի որ կրճատում են վերջինիս՝ առաջին աշխատանք գտնելու վրա ծախսած ժամանակը: 

Եվրոպական երկրներում, որտեղ սովորողը ունի աշխատողի կարգավիճակ՝ դուալ կրթության համակարգում Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում, Ֆրանսիայում ու Մեծ Բրիտանիայում աշկերտության համակարգում երիտասարդների գործազրկության մակարդակն ավելի ցածր է:

Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը ՄԿՈՒ հաստատություններին հնարավորություն է ընձեռում իրենց կրթական ծրագրերն իրականացնել ձեռնարկությունների պահանջներին համապատասխան եւ դրանք հաշվի առնել կրթական ծրագրերի մշակման, դասավանդման, գնահատման ու մասնագիտական կողմնորոշման ժամանակ:

Եվրոպայում աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունն ապացուցված արդյունավետ միջոց է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ ձեռք բերելու գործում, որտեղ սոցիալական գործընկերները կարեւորագույն դեր են կատարում՝ նպաստելով շրջանավարտների հմտությունների անհամապատասխանության եւ գործազրկության նվազմանը[3]:

Աշխատանքի ժամանակ ուսուցումը եւ աշխատանքի վայրում ուսուցումը համարվում են ուսուցման արդյունավետ ձեւ, որը թույլ է տալիս միանգամից կիրառել ձեռքբերված հմտություններն ու գիտելիքները: Աշխատանքի ընթացքում ուսուցումը կախված է հենց աշխատանքի վայրում որակի ապահովումից, որտեղ աշխատողները սովորում են բարդ առաջադրանքներ կատարելով, օգտագործելով իրենց դատողությունը, ցուցաբերում գործընկերներից նոր գիտելիքներ ու հմտություններ վերցնելու կարողություն (Cedefop, 2004b, էջ 168-172)[4]:

ՄԿՈՒ հաստատությունների շուրջ մինչ այժմ առկա է մասնագիտական կրթության «երկրորդ լավագույն տարբերակը» լինելու կարծրատիպը: Այնուամենայնիվ, աշխարհում աճող հմտությունների բացը վերափոխում է ՄԿՈՒ հաստատություններին՝ դարձնելով նրանց հմուտ աշխատուժի հիմնական մատակարարներ աշխատաշուկայում: Զարգացնելով սովորողների գործնական հմտությունները եւ պատրաստելով նրանց աշխատանքի՝ ՄԿՈՒ հաստատությունները հնարավորություն ունեն փակելու աշխատաշուկայում առկա հմտությունների բացը:

Մասնավոր հատվածի հետ ակտիվ համագործակցությունը ֆիննական ՄԿՈՒ համակարգի հաջողության հիմքն է: Գործատուների եւ ՄԿՈՒ հաստատությունների համագործակցության շնորհիվ ուսանողները ստանում են պրակտիկ ուսուցում եւ ձեռք են բերում կիրառական գիտելիքներ: ՄԿՈՒ-ները աջակցում են աշխատուժի վերաորակավորման եւ կատարելագործման գործընթացին հատուկ մոդուլների ներդրման միջոցով: Արդյունքում, աշխատակիցները կուտակում են աշխատաշուկայում պահանջված հմտություններ եւ գիտելիքներ՝ առանց լիարժեք կրթական աստիճան ստանալու[5]:

Վերոգրյալից հետեւում է, որ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը եւ ՄՈՒՀ-երի ու գործատուների միջեւ համագործակցությունը մեծ դերակատարում ունի կրթություն-աշխատաշուկա անցումը հեշտացնելու տեսանկյունից: Ուստի, հաշվի առնելով վերը նշվածը, կարծում ենք, որ մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ԱՀՈՒ ընդլայնումը կնպաստի աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստմանը, սովորողները ձեռք կբերեն համապատասխան գիտելիքներ, հմտություններ եւ կարողություններ, որոնք կհամապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին, գործազրկության մակարդակը կնվազի՝ հատկապես երիտասարդների շրջանում:

3. Սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման պայման է համարվում ուսանողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու պարտավորությունը՝ հանրային եւ մասնավոր ՄՈՒՀ-երի դեպքում: 

Նշենք, որ մի կողմից նման մոտեցումը ընդունելի է, քանի որ ՄՈՒՀ-երի կողմից ուսանողներին ֆինանսական աջակցություն տրամադրելով կլուծվեն սովորողների սոցիալական խնդիրները (որոշ չափով) նրանց համար սահմանելով նպաստներ, կենսաթոշակներ, զեղչեր, իսկ մյուս կողմից նման դրույթի ամրագրումը, մեր կարծիքով, կարող է պատճառ հանդիսանալ մասնավոր ՄՈՒՀ-ում ուսման վարձի թանկացման, ինչը, իր հերթին, սոցիալական առումով բացասական ազդեցություն  կարող է ունենալ բնակչության ցածր եկամուտ ունեցող խավի համար: Ուստի, կարծում ենք, Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը վերանայման կարիք ունի՝ վերը նշված համատեքստում:

3.2. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագծի 15-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն. «12. Եթե կրթական ծրագրի որակավորման համապատասխան բնագավառում աշխատանքը օրենսդրությամբ սահմանված է որպես ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար, ապա մինչեւ տասնութ տարեկան աշկերտը կարող է ներգրավվել գործնական աշխատանքային ուսուցման մեջ, եթե ապահովված են անչափահասի առողջության, անվտանգության եւ բարոյականության պահպանման համապատասխան պայմաններ եւ անհատական պաշտպանության միջոցներ,...»:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենքսգրում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 17-րդ հոդվածի «ա)» ենթակետով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունում «վնասակար համարվող աշխատանքներում» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը: Առաջարկվող լրացման արդյունքում ստացվում է, որ արգելվում է մինչեւ տասնութ տարեկան անձանց ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաեւ մինչեւ տասնութ տարեկան անձանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքներում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենքսգրում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 17-րդ հոդվածի «բ)» ենթակետով առաջարկվող Օրենսգրքի 257-րդ հոդվածի նոր 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Այսինքն, տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձինք մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, եթե դա պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով եւ անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքները ապահովելու համար: Այս դեպքում, գործատուն ապահովում է անչափահասի առողջության, անվտանգության եւ բարոյականության պահպանման համապատասխան պայմաններ եւ անհատական պաշտպանության միջոցներ: 

Նշված օրենքների նախագծերով մինչեւ տասնութ տարեկան անձանց կողմից մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու տեւողության վերաբերյալ որեւէ դրույթ նախատեսված չէ:

Վերոգրյալի հետ կապված նշենք, որ երեխաների աշխատանքին առնչվող կարգավորումները, ի թիվս այլ միջազգային իրավական ակտերի, սսահմանված են Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (այսուհետ՝ նաեւ Խարտիա) 7-րդ հոդվածով, որը երաշխավորում է երեխաների եւ երիտասարդների պաշտպանվածության իրավունքը: Մասնավորապես, Խարտիայի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երեխաների եւ երիտասարդների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 18 տարեկանը` այն ընդունված աշխատանքների առնչությամբ, որոնք համարվում են վտանգավոր կամ վնասակար են առողջությանը:

Համաձայն Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մեկնաբանությունների՝ ներպետական օրենսդրությամբ պետք է սահմանված լինեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ, որոնք բացահայտում են «վտանգավոր աշխատանք» եզրույթը՝ կամ թվարկելով նման աշխատանքի ձեւերը, կամ սահմանելով այն ռիսկերի տեսակները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական), որոնք առաջանում են այդ աշխատանքի ընթացքում։

 Ըստ Կոմիտեի՝ մինչեւ 18 տարեկան անչափահասները չպետք է ներգրավվեն արգելված աշխատանքներում, որոնք իրենց բնույթով վնասում են առողջությանը, անվտանգությանը կամ բարոյականությանը:

Մինչեւ տասնութ տարեկան անձինք կարող են ծանր եւ վնասակար աշխատանքներ կատարել օրական չորս ժամից ոչ ավելի, սակայն պայմանով, որ խստորեն պահպանվեն սանիտարական եւ առողջապահական նորմերը[6]։

Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասում կատարել լրացում սահմանելով, որ մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավված մինչեւ տասնութ տարեկան անձանց համար աշխատաժամանակը չի կարող գերազանցել օրական չորս ժամը:

4. Նախագծերի փաթեթում ներառված մյուս օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Ընդհանուր առմամբ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները, մեր կարծիքով, կարող են դրական ազդեցություն ունենալ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստման, ուսանողների տեսական եւ գործնական համապատասխան կարողությունների եւ հմտությունների ձեւավորման եւ զբաղվածության ապահովման տեսանկյունից: 

Միաժամանակ, հաշվի առնելով վերը նշված նկատառումները, կարծում ենք, Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                             Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարողներ՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

                         Լ. Սարգսյան         (հեռ. 011-513-270)

30.11.2022թ. 

--------------------------------------------------------------------------------

[1] Inter-agency Group on Technical and Vocational Education and Training, 2017. 

[2] Աշխատաշուկայի անհամապատասխանության եւ հմտությունների բացերի քարտեզագրման ելակետային հետազոտություն:

[3] Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային խորհուրդ 2019թ.:

[4] https://mkuzak.am/wp-content/uploads/Targm-2-hay.pdf

[5] Աշխատաշուկայի անհամապատասխանության եւ հմտությունների բացերի քարտեզագրման ելակետային հետազոտություն:

[6] Վտանգավոր եւ անառողջ գործունեություններում 18 տարեկանից ցածր անձանց ներգրավման արգելք: