ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-706-13.11.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7061 -13.11.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-706-13.11.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7061 -13.11.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածով, 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանվում են մեկից ավելի փոփոխություն: 

Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:

2. Նախագծի 1-ին հոդվածում «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքին (այսուհետ՝ Օրենք) հղում կատարելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»: Մասնավորապես՝ առաջարկում ենք հանել Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը, իսկ «Օզոնային շերտի պահպանության մասին» բառերն իրենց չակերտներով հանդերձ՝ տեղափոխել «2006» թվից առաջ:

3. Հարկ է նկատել, որ  Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված են արգելքներ կարգավորող նյութերի եւ օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար: Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված է. «Առաքման թույլտվության տրամադրումը մերժվում է (...) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով»: Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս 2-րդ եւ 3-րդ կետերը, որոնց հղում է կատարված վերաբերում են օզոնային շերտը քայքայող եւ ՀՖԱ-երի ներմուծման արգելքին, որի ուժով առաքման թույլտվության տրամադրումը մերժվում է: Մինչդեռ նոր լրացվող՝ 4-րդ կետով սահմանված արգելքը չի նախատեսվում որպես առաքման թույլտվության մերժման հիմք: Հետեւաբար՝ կարծում ենք, որ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին հղում կատարելիս «2-րդ եւ 3-րդ» ձեւակերպումը պետք է փոխարինել «2-4-րդ» ձեւակերպմամբ:

4. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 5-րդ կետի վերջին նախադասությամբ նշված է. «Ռեգեներացված նյութերը կարող են ներմուծվել մինչեւ 2039 թվականը ներառյալ»: Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 14-րդ կետով սահմանվում է նոր հասկացություն՝ «ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութ»: Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 5-րդ կետում նշված «Ռեգեներացված նյութերը» բառերը փախարինել «ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութերը» բառերով, եթե այդ երկու հասկացությունները նույն իմաստն են արտահայտում: Նշենք, որ վերոգրյալ առաջարկները բխում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կարգավորումներից, դրանք են. 

«1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

5. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող լրացումը կատարելու արդյունքում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը կունենա հետեւյալ տեսքը. «Արգելվում է (…) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն 2039 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Մոնրեալի արձանագրությամբ սահմանված կարգավորումների: »: 

Ցանկանում ենք նշել, որ օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման արգելքը կողմ չհանդիսացող երկրներից արդեն իսկ նախատեսված է Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Նշված դրույթի նախատեսումը Նախագծով նպատակ է հետապնդում այդ արգելքի գործողության ժամկետի սահմանումը 2039 թվականի հունվարի 1-ից, ինչը իր բնույթով անցումային է եւ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պետք է նախատեսվի Օրենքի անցումային դրույթներում:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 5-րդ կետի երկրորդ նախադասությանը, այն է՝ «Ռեգեներացված նյութերը կարող են ներմուծվել մինչեւ 2039 թվականը ներառյալ»: Առաջարկում ենք այս դեպքում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նախ առանձին կետի տեսքով սահմանել ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութ ներմուծելու արգելքը, որպեսզի իրավունքի սուբյեկտների համար հստակ լինի այն վարքագիծը, որի դրսեւումից պետք է ձեռնպահ մնան, ապա անցումային դրույթներով նախատեսել այդ նորմի գործողության ժամկետի վերաբերյալ առանձնահատկությունները:

6. Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներում դրանց դրույթները տարբեր կերպ են համարակալված՝ Նախագծի 4-րդ հոդվածում դրանք համարակալված են որպես կետեր, իսկ 5-րդ հոդվածում՝ որպես մասեր: Առաջարկում ենք Նախագծում կիրառել համարակալման միատեսակ մոտեցում: 

7. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասում առաջարկում ենք լրացնել նաեւ մասի համարակալումը՝ «4.»:

8. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 8.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Իրավաբանական անձինք եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք պարտավոր են Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով, յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին ներկայացնել հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն: Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում՝ լիազոր պետական մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին»: Քննարկվող դրույթի վերջին նախադասության հետ կապված նշենք, որ դրա ձեւակերպումից հասկանալի չէ, թե լիազոր պետական մարմինը ինչ ժամկետում է պարտավոր համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել տեսչական մարմնին: Առաջարկում ենք այս կապակցությամբ հստակեցնել քննարկվող նորմի վերջին նախադասությունը:

Բացի այդ՝ նշենք, որ քննարկվող նորմի առաջին նախադասությամբ նշված դրույթը, մասնավորապես՝ էլեկտրոնային եղանակով, յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ պարտավորությունը հանդիսանում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացվող նոր՝ 87.5-րդ հոդվածով սահմանվող վարչական պատասխանատվություն նախատեսող դրույթի նյութական հիմքը: Այսպես՝ նյութական հիմքում նշված է տեղեկատվության ներկայացման ժամկետ, այն է՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, ինչից բխում է, որ տեղեկատվությունը ներկայացվում է տարին մեկ անգամ: Մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 87.5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է. «Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում»: Նշենք, որ հասկանալի չէ, թե ինչպես կարող է մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ կատարվել այն խախտումը, եթե այն վերաբերում է տարին մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը չկատարելուն:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 8.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված «Օրենքի» բառն առաջարկում ենք փոխարինել «սույն օրենքի» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը տարածվում են միայն Նախագծում առկա դրույթների վրա: Այսինքն՝ Օրենքի համատեքստում հասկանալի չի լինելու, թե «Օրենք» կրճատ տարբերակը կիրառելիս կոնկրետ որ օրենքին է հղում կատարվում:

9. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքին հղում կատարելիս առաջարկում ենք ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի կատարումը, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: Մասնավորապես՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը շարադրել «օրենսգիրքը» բառից հետո: Միաժամանակ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» արտահայտությունը շարադրել առանց չակերտների եւ հոդվածների համարները գրելիս պահպանել դասական թվականների ճիշտ գրելաձեւը:

11. Նախագծի մի շարք դրույթներով սահմանվող պարտավորությունները, որոնց խախտումները հանգեցնելու են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող վարչական պատասխանատվության, հատկանշական են նաեւ այն առումով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվություն նախատեսող դրույթներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունիսի 1-ից, մինչդեռ, Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վարչական պատասխանատվության համար հիմք հանդիսացող նյութական հիմքերն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ին: Փաստացի ստացվում է մի իրավիճակ, երբ որոշակի արարք կատարելն արգելվում է, սակայն դրա համար ոչ մի բացասական հետեւանք վրա չի հասնում: 

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք վարչական իրավախախտում սահմանող դրույթների եւ դրանց համար նյութական հիմք հանդիսացող դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները համապատասխանեցնել միմյանց:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

                  Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

24.11.2023թ.

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

                  Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

24.11.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել մի շարք նոր հասկացություններ, ինչպես նաեւ հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) հասկացության մեջ ներառել նաեւ ջերմոցային գազեր պարունակող խառնուրդները, քանի որ Հայաստանը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Օզոնի քարտուղարությանը ՀՖԱ-ների գործածության տվյալները ներկայացնելիս պարտավոր է հաշվի առնել թե՛ մաքուր, եւ թե՛ խառնուրդներում դրանց պարունակության չափաբաժնի վերաբերյալ, ինչպես նաեւ Կառավարության եւ պետական լիազոր մարմնի համար սահմանել ոլորտային որոշ լիազորություններ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ոլորտային հարաբերությունների լիարժեք իրավակարգավորում՝ ապահովելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը: Բացի այս, տնտեսավարողների համար նախատեսվում է սահմանել պարտականություն՝ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ սահմանվում է մեկանգամյա օգտագործման տարաներով օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման արգելք:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ սահմանվում է այն պատասխանատվության միջոցը, որը համարժեք է տնտեսավարողների կողմից հնարավոր իրավախախտման կանխարգելման կամ կիրառման համար:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

21.11.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Հայաստանի Հանրապետությունը համաձայն «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ» 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Օզոնի քարտուղարությանը հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) գործածության տվյալները ներկայացնելիս պարտավոր է հաշվի առնել թե՛ մաքուր, եւ թե՛ խառնուրդներում դրանց պարունակության չափաբաժինները:

Նախագծերի փաթեթում ընդգրկված ««Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

- սահմանել մի շարք նոր հասկացություններ, ինչպես նաեւ ՀՖԱ-ների հասկացության մեջ ներառել նաեւ ջերմոցային գազեր պարունակող խառնուրդները,

- Կառավարության եւ պետական լիազոր մարմնի համար սահմանել ոլորտային որոշ լիազորություններ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ոլորտային հարաբերությունների լիարժեք իրավակարգավորում՝ ապահովելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, 

- սահմանել  մեկանգամյա օգտագործման տարաներով օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման արգելք:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

27.11.2023թ.