ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-704-13.11.2023-ՊԻ-013/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-704-13.11.2023-ՊԻ-013/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառված են տարբեր ձեւակերպումներ. այսպես՝  «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն», «Սահմանադրություն» եւ «ՀՀ Սահմանադրություն», Նախագծի արձանագրման հատվածի 3-րդ կետում «Քրեական օրենսգիրք» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք»: Առաջարկում ենք ձեւակերպումների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն ձեւակերպումները՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

2. Նախագծի 2-րդ պարբերությունում կիրառված «եւ/կամ» ձեւակերպումն առաջարկում համապատասխանեցնել նորմատիվ իրավական ակտում շաղկապների կիրառմանը վերաբերող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին:

3. Նախագծի արձանագրման հատվածի 2-րդ կետում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

4. Նախագծի արձանագրման հատվածի 3-րդ կետում «1992թ.» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «1992 թվականի» ձեւակերպմամբ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է` «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ:»: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

23.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

23.11.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի հայտարարություն, որով ողջունվում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ որպես ՀՀ-ում ժողովրդավարական այդ կարեւորագույն ինստիտուտի գործադրման առաջին հաջողված փորձ, անհրաժեշտ է համարվում հետեւողականորեն զարգացնել քաղաքացիական նախաձեռնությունների իրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումները, որոնք կապահովեն միջազգային լավագույն փորձի ներդրումը ՀՀ-ում, ինչպես նաեւ առաջարկվում է հույժ կարեւոր համարել ՀՀ շուրջ 58 հազար քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ ներկայացված նախագծով հեհտապնդվող նպատակը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պաշտպանության եւ երկրում ժողովրդավարության արմատավորման տեսանկյունից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

20.11.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել է ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): 

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ հայտարարության անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների կողմից պետության օրենսդրական գործունեությանը ուղղակի մասնակցության հնարավորության առաջին հաջողված փորձի կարեւորմամբ, այնպես էլ «Հայաքվե» նախաձեռնության կողմից առաջադրված ազգային-պետական կարեւորագույն 2 օրակարգային հարցերով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ Հայոց Ցեղասպանության նսեմացման դեմ պայքարի: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծն ուղղակիորեն սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ  չի պարունակում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                   ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

23.11.2023թ.