ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-710-14.11.2023-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-710-14.11.2023-ՖՎ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենք 9-րդ հոդվածում լրացնել 22-րդ մաս՝ հետեւյալ բովանդակաությամբ. «Սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի վեց տոկոսի սահմաններում վերաբաշխել սույն օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով սույն օրենքով հաստատված հատկացումների գումարները»: 

Այս կապակցությամբ նշենք, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ)»: Այսինքն՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն՝ թույլատրվում է կատարել վերաբաշխումներ տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի ընդամենը երեք տոկոսի սահմաններում, մինչդեռ Նախագծով սահմանվում է վեց տոկոսի սահմանաչափ: Այս կապակցությամբ նշենք, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի կարգավորումներին հակասող դրույթներ սահմանելիս «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով հատուկ նշում է կատարվում այդ մասին: Այսպես օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենք 9-րդ հոդվածի 20-րդ մասով նշված է. «կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին, հիվանդության հետեւանքների (այդ թվում նաեւ` տնտեսական) չեզոքացմանը եւ վերացմանն ուղղված, անվտանգային մարտահրավերների դիմակայմանը, տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով Կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանաչափերը»: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Հաշվի առնելով ժամանակի սղության գործոնը՝ նշենք, որ բացակայել է Նախագիծը ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.11.2023թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.11.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք)՝ թույլատրելով ՀՀ կառավարությանը Օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի վեց տոկոսի սահմաններում վերաբաշխել Օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով հաստատված հատկացումների գումարները: Առաջարկվող լրացումը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի շրջանակներում մեծածավալ չնախատեսված հատկացումների տրամադրման եւ այդ նպատակով ծախսերի վերաբաշխումների իրականացման անհրաժեշտությամբ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

20.11.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), որի նպատակն է թույլատրել ՀՀ կառավարությանը Օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 6%-ի սահմաններում վերաբաշխում կատարել Օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ՝ ծրագրերի միջոցառումների միջեւ: 

Նախագծով առաջարկվող լրացումը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի շրջանակներում մեծածավալ չնախատեսված հատկացումների տրամադրման եւ այդ նպատակով ծախսերի վերաբաշխումների իրականացման անհրաժեշտությամբ:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

20.11.2023թ.