ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-712-17.11.2023-ՊԻ-011/0), « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7121 -17.11.2023-ՊԻ-011/0), « Լիցենզավորման մասինե օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7122 -17.11.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-712-17.11.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7121 -17.11.2023-ՊԻ-011/0), «Լիցենզավորման մասինե օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7122 -17.11.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (…)»:

Նշենք, որ այս դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրերին:

2.  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք հստակեցնել, թե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում կոնկրետ որտեղ է կատարվում համապատասխան լրացումը:

3.  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կատարել ընդամենը մեկ լրացում, հետեւաբար առաջարկում ենք այդ նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով: Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:

4.  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Օրենք» կրճատ տարբերակը վերոնշյալ նախագծում այլեւս չի կիրառվում: Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կարգավորումից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծերի փաթեթը հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնները՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

20.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

20.11.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի ու իրավաբանական անձանց պետական հաշվառումը եւ գրանցումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն, ինչպես նաեւ անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված հարկի կամ հարկման բազայի նվազեցման կարգը, չափերը եւ ժամանակահատվածը սահմանելու վերաբերյալ Կառավարությանը վերապահել որոշում ընդունելու իրավասություն:

Փաթեթում ընդգրկված  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածը լրացնել 3?1? մասով հետեւյալ բովանդակությամբ? «3.1. Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված Կառավարությունը կարող է սահմանել հարկի կամ հարկման բազայի նվազեցում՝ Կառավարության սահմանած կարգով, չափերով եւ ժամանակահատվածով: »: Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, «Հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով»: Նախագծով առաջարկվում է սահմանել բացառություն, համաձայն որի հիշյալ կարգավորումը չի տարածվում է լրացվող 3?1? մասի վրա: Կարծում ենք, անգամ այդ լրացման դեպքում կառաջանա հակասություն Հարկային օրենսգրքի այլ հոդվածների հետ, որոնցով հարկային արտոնությունների սահմանումը նախատեսված է բացառապես օրենքով: Այսպես, հարկի կամ հարկման բազայի նվազեցումը, համաձայն Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի, հարկային արտոնությունների տեսակներ են: Հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ «Հարկային արտոնության սահմանում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, եթե այդ օրենքներով ուժի մեջ մտնելու այլ ժամկետ սահմանված չէ »: Հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվող  համապարտադիրության սկզբունքից բխում է, որ բոլոր հարկ վճարողները պարտավոր են Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում, կարգով եւ չափով հաշվարկել եւ վճարել հարկեր ու վճարներ: Իսկ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարկը սահմանվում է որպես  պետական եւ (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր եւ անհատույց գումար, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով եւ ժամկետներում: Նշվածից բխում է, որ Կառավարությունը չի կարող սահմանել հարկի կամ հարկման բազայի նվազեցում, քանի որ դա հակասում է ոչ միայն Հարկային օրենսգրքի վերը թվարկված դրույթներին, այլեւ չի բխում հարկային քաղաքականության տրամաբանությունից:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունը հաշվի առնելու տեսանկյունից:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

21.11.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում նախատեսվում է՝ 

-  ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն.

-  ստեղծել իրավական հիմքեր այն իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն.

-  սահմանել անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը,  իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու կարգի առանձնահատկությունները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

17.11.2023թ.