ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-716-20.11.2023-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7161 -20.11.2023-ՏՏԳՇ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7162 -20.11.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7163 -20.11.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-716-20.11.2023-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7161 -20.11.2023-ՏՏԳՇ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7162 -20.11.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7163 -20.11.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Թույլտվության տրամադրումը մերժվում է սույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգավորումներին չհամապատասխանելու դեպքում»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությանը հղում է կատարվում հենց այդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ այդ հոդվածի 2-րդ մասը բաղկացած է միայն մեկ պարբերությունից եւ դրանում սահմանված չէ թույլտվության տրամադրման մերժման համար հիմք հանդիսացող որեւէ կարգավորում՝ առաջարկում ենք շտկել քննարկվող նորմում կատարված հղումը: Նշենք, որ այս առաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջից: 2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված է. «Թույլտվության տրամադրման եւ մերժման կարգը սահմանում է համայնքի ավագանին»: Այսինքն՝ Օրենքով նախատեսվում է համայնքի ավագանու համար լիազորող նորմ համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման թույլտվության մերժման եւ տրամադրման համար: Նշենք, որ Օրենքի 5.2-րդ եւ 5.3-րդ հոդվածներին համապատասխան «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում համապատասխանաբար Երեւանի քաղաքապետի եւ համայնքի ավագանու լիազորությունները սահմանված են, մինչդեռ վերը մեջբերված նորմում սահմանված՝ թույլտվության տրամադրման եւ մերժման կարգը սահմանելու վերաբերյալ համայնքի ավագանու իրավասության վերաբերյալ համապատասխան լրացում չի կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: 3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5.2-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցից եւ (կամ) դրանց կցորդներից ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ որեւէ ծառայություն մատուցելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, արգելվում է»: Հարկ է նկատել, որ այս արարքը կատարելու համար որեւէ բացասական հետեւանք սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 17-րդ մասին, որով սահմանված է նմանատիպ արարքի համար պատասխանատվություն բացառապես, եթե այն կատարվել է Երեւան համայնքի վարչական տարածքում: 4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն. «Տեսուչն իրավունք ունի շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե ( ) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) կայանել է ոչ իր կողմից ամրագրված` սահմանված վայրերից մեկում ( )»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթի վերաբերյալ հարկ է նշել, որ շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը միայն էլեկտրոնային ամրագրման եղանակով տրամադրելու (հատկացվելու) վերաբերյալ պարտադիր պահանջը, որը սահմանված է Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5.2-րդ հոդվածի 4-րդ մասով, վերաբերում է բացառապես Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի իրականացմանը: Մինչդեռ՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նշված դրույթը վերաբերում է բոլոր համայնքներում իրականացվող շրջիկ առեւտրի թույլատրելի վայրերին: 5. Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5.2-րդ եւ 5.3-րդ հոդվածները նոր խմբագրությամբ շարադրելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում, որով հղում է կատարվում Օրենքի 5.2-րդ հոդվածի կոնկրետ մասերին, այլապես ստացվում է մի իրավիճակ, երբ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նշված հղումները կատարվում են սխալ դրույթների: 6. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: 7. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Համայնքի ավագանին սույն օրենքով նախատեսվող որոշումներն ընդունում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում»: Այսպես՝ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է կարգավորում միայն համայնքի ավագանու կողմից ընդունվող որոշումների վերաբերյալ, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5.2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է համայնքի ղեկավարի կողմից ընդունվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մասին դրույթ: Այս դեպքում հասկանալի չէ, թե Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5.2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը երբ են ընդունվում, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջին: 8. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 41.7-րդ եւ 41.8-րդ ենթակետերով»: Այս կապակցությամբ նշենք, որ նախ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետը չունի որեւէ ենթակետ, երկրորդ՝ վերոնշյալ նախագծով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում են 41.7-րդ եւ 41.8-րդ կետեր, այլ ոչ թե ենթակետեր եւ դրանք համարակալված են որպես կետեր: Այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջից: 9. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 41.7-րդ կետ, որով սահմանված է, որ համայնքի ավագանին սահմանում է շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները եւ գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաեւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները: Վերոգրյալի համաձայն՝ համայնքի ավագանին սահմանում է շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող ժամկետը: Այս կապակցությամբ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները եւ գործունեության իրականացման թույլատրելի ժամերը, ինչպես նաեւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանվում են համայնքի ավագանու որոշմամբ»: Սրանից բխում է, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն համայնքի ավագանին սահմանում է ոչ թե է շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող, այլ՝ շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերի տրամադրման ժամկետը: Առաջարկում ենք Նախագծով եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանված նորմերը համապատասխանեցնել միմյանց: 10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 16-րդ մասում փոփոխություն կատարելու արդյունքում սահմանվում է նոր վարչական պատասխանատվություն, այն է. «Համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելը»: Այս կապակցությամբ նշենք, որ վերը մեջբերված դրույթում նշված պայմանները եւ պահանջները սահմանվում են Նախագծով նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով: Ընդ որում՝ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ Նախագծից բխող ենթաօրենսդրական ակտերը սահմանվում են Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում: Մինչդեռ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանված է, որ այս նախագիծն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո: Վերոգրյալի հիման վրա կարող ենք փաստել, որ Նախագծերի փաթեթով սահմանվող կարգավորւմների համաձայն՝ վարչական պատասխանատվություն սահմանող նորմերն ավելի շուտ են ուժի մեջ մտնում, քան դրանց համար հիմք հանդիսացող նյութական հիմքերը: Փաստացի ստացվում է մի իրավիճակ, երբ որոշակի արարք կատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն, բայց հստակ չէ, թե այդ արգելված արարքն իրենից ինչ է ներկայացնում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 11.12.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 11.12.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է շրջիկ առեւտրային գործունեության տեսակի համար հաստատել իրավական հիմք ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ մյուս համայնքների համար՝ նպատակ ունենալով բարելավել շրջիկ առեւտրի նկատմամբ աճող պահանջարկը, բարձրացնել շրջիկ առեւտրի կետերի շրջանառությունը, համապատասխանաբար՝ նաեւ համայնքներում տեղական տուրքերի մուտքերի ավելացումը, ինչպես նաեւ նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 24.11.2023թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքներում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», որի նպատակը շրջիկ առեւտրի պահանջարկի բարելավումն է, շրջիկ առեւտրի կետերի շրջանառության բարձրացումը, ինչպես նաեւ համայնքներում տեղական տուրքերի մուտքերի ավելացումն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստելը: Նախագծերի փաթեթով ներկայացվող փոփոխություններով եւ լրացումներով, հեղինակն առաջարկում է շրջիկ առեւտրային գործունեության տեսակի համար իրավական հիմք հաստատել ոչ միայն Երեւան քաղաքի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության մյուս համայնքների համար: Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից, Նախագծերի փաթեթի վերաբերյալ, կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունումը՝ սոցիալական առումով, կունենա դրական ազդեցություն, սակայն Նախագծերի փաթեթում ներառված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ «21) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ քսան հազարից մինչեւ հիսուն հազար դրամ.» սահմանված տեղական տուրքերի դրույքաչափը՝ Հայաստանի Հանրապետության մյուս համայնքների համար, մեր կարծիքով, բավականին բարձր է: Հաշվի առնելով մարզերում բնակչության սոցիալական ծանր վիճակը, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների մեծ ներհոսքը՝ առավելապես Հայաստանի Հանրապետության մարզեր, իսկ մյուս կողմից՝ շրջիկ առեւտրի եւ ծառայության կետերի միջոցով սոցիալական հիմնախնդիրների լուծման հնարավորությունը, կարծում ենք, այս մասով տեղական տուրքի սահմանումը չպետք է հետապնդի ընդգծված ֆիսկալ նպատակ, ուստի առաջարկում ենք քննարկել սահմանվող տեղական տուրքի հնարավորինս նվազեցման հարցը: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 30.11.2023թ.
|