ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-721-27.11.2023-ՏՀ-011/0) եւ «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7211 -27.11.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-721-27.11.2023-ՏՀ-011/0) եւ «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7211 -27.11.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Պետական տուրքի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: 2. Նախագծի 1-ին հոդվածով՝ «Պետական տուրքի մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) նոր լրացվող 20.3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «ը» ենթակետին հաջորդում է «13.9.1» կետը, առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նոր լրացվող 20.3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համարակալման հաջորդականությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, համաձայն որի՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»: 3. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո»: Ինչից բխում է, որ Նախագծով սահմանված բոլոր կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են` 1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝ ա. պետական տուրքը, (...)»: Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված վճար՝ պետական տուրք, ավիացիայի բնագավառի մի շարք ծառայությունների համար: Այդպիսի դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից: Հաշվի առնելով Նախագծի շրջանառության մեջ դրվելու ժամկետը, այն կարող է քննարկվել եւ ընդունվել 2024 թվականին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ Նախագիծը կարող է ուժի մեջ մտնել օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան՝ 2024 թվականին, հաջորդող հարկային տարվա՝ 2025 թվականի սկզբից: Մինչդեռ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում քննարկվող Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանված է պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված ժամկետը՝ համապատասխանեցնելով այն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված դրույթների ընդունման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներին: 4. Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի նոր լրացվող 20.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) միջազգային ստանդարտներով սահմանված ճշգրիտ վայրէջքի համար II/III կարգախմբով վազքուղու աերոդրոմի սերտիֆիկատի (այսուհետ՝ սերտիֆիկատ) պահպանության համար՝ գանձվում է պետական տուրք տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով»: Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ «Սույն օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) տրման կամ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման ամսաթվից ոչ ուշ:»: Վերոգրյալից ելնելով ստացվում է, որ սերտիֆիկատի պահպանության համար նախատեսված պետական տուրքի տարեկան վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար պետք է կատարվի մինչեւ առաջիկա տարին սկսելը: Հարկ է նկատել, որ Նախագծում բացակայում են անցումային դրույթներ ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների՝ սերտիֆիկատի պահպանության համար առաջին տարվա տարեկան պետական տուրքը վճարելու կարգի եւ ժամկետների վերաբերյալ: Անցումային դրույթի բացակայության պայմաններում վերոնշյալ սերտիֆիկատի պահպանության համար պետական տուրքի տվյալ տարվա վճարումը հնարավոր չի լինի կատարել Օրենքով նախատեսված ժամկետում, քանի որ տվյալ տարվա պետական տուրքի վճարման Օրենքով նախատեսված ժամկետը, այն է՝ մինչեւ առաջիկա տարին սկսելը, վրա հասած կլինի: Այս դեպքում առաջարկում ենք կա՛մ սահմանել Նախագծի ուժի մեջ մտնելու տարվա համար սերտիֆիկատի պահպանման համար տարեկան վճարում չկատարել՝ վճարել միայն դրան հաջորդող տարվա սերտիֆիկատի պահպանության պետական տուրքը, կա՛մ ուժի մեջ մտնելու տարվա համար սահմանել այդ տարվա սերտիֆիկատի պահպանման համար տարեկան պետական տուրքի վճարման Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված ժամկետից տարբերվող ժամկետ: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Նախագծով նախատեսված պետական տուրքի տարեկան վճարումներին: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 18.12.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 18.12.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքներում կատարել լրացումներ, որոնց համաձայն ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների համար կգանձվի պետական տուրք՝ ելնելով միջազգային փորձից, համաձայն որի աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից որոշ ծառայություններ մատուցվում են վճարովի հիմունքներով: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 1. Նախագծերի փաթեթում ընդգրկված՝ Կ-721-27.11.2023-ՏՀ-011/0 փաստաթղթային կոդով օրենքի նախագիծը վերնագրված է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», սակայն իրականում նշված լրացումը կատարվում է «Ավիացիայի մասին» օրենքում, ուստի առաջարկում ենք ճշտել այս նախագծի վերնագիրը եւ այն շարադրել որպես «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», իսկ մյուս կողմից՝ Կ-7211-27.11.2023-ՏՀ-011/0 փաստաթղթային կոդով նախագիծը, որը վերնագրված է որպես «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», իրականում հանդիսանում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, հետեւաբար՝ առաջարկում ենք այս նախագծի վերնագիրը եւս ճշտել եւ այն վերանգրել որպես «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ: 2. Նախագծերի փաթեթով առաջարկվող պետական նոր տուրքերի ինչպես քանակը (թվով 155 ծառայության համար), այնպես էլ դրանց դրույքաչափերը (առանձին ծառայությունների համար, օրինակ, այն հասնում է 50 մլն դրամի) բավականին մեծ են, ինչը նշանակում է, որ այս նախագծերի ընդունման արդյունքում ավիացիայի բնագավառում ծառայություններ մատուցողների ֆինանսական բեռը (ծառայությունների ինքնարժեքը) զգալիորեն կմեծանա, ինչն էլ, բնականաբար, կհանգեցնի նրանց կողմից մատուցվող ծառայությունների սակագների թանկացմանը: 3. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ. «Նախագծի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք՝ որը միտված է ավիացիայի զարգացմանը եւ ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը:»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ՝ ա) սահմանվող պետական տուրքի գումարները չեն կարող անմիջականորեն ուղղվել ավիացիայի բնագավառի զարգացմանը, քանի որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր մուտքերի մուտքագրումը եւ ելքերի կատարումը` պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվով:»: Սա նշանակում է, որ ցանկացած բնագավառում պետական տուրքի սահմանումը դեռեւս երաշխիք չէ, որ տվյալ բնագավառի ֆինանսավորումը կարող է մեխանիկորեն ավելանալ, իսկ նշված պետական տուրքերի գանձումն էլ հետապնդում է զուտ ֆիսկալ նպատակ, բ) տվյալ բնագավառում պետական նոր տուրքերի սահմանումը, ըստ էության, որեւէ կապ չունի նաեւ այդ բնագավառի մրցունակության բարձրացման հետ, եթե խոսքը չի գնում անմիջականորեն մատուցվող ծառայությունների որակի կտրուկ բարձրացման մասին, քանի որ՝ - ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները տվյալ դեպքում չեն վերաբերում ծառայությունների որակի բարձրացմանը (դրանք նախատեսվում է գանձել այն ծառայությունների համար, որոնք առանց այդ էլ մատուցվում են), - հարկ է հստակեցնել նաեւ թե ի՞նչ մրցունակության մասին է գնում խոսքը: Մասնավորապես, եթե խոսքը գնում է «ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացման» մասին, ապա հասկանալի է, որ այն վերաբերում է միջազգային շուկաներում ՀՀ ավիացիայի բնագավառի կողմից մատուցվող ծառայությունների մրցունակ լինելուն, քանի որ հանրապետության ներսում այս բնագավառն ուղղակի մրցակիցներ չունի, իսկ միջազգային ավիաշուկայում մրցունակության բարձրացման համար առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել առնվազն երկու պայման՝ ծառայությունների բարձր (մրցակիցներին առնվազն չզիջող) որակ եւ այդ ծառայությունների համար հնարավորինս ցածր սակագներ: Ինչպես արդեն նշվեց, առաջարկվող լրացումները որեւէ ուղղակի կապ չունեն ավիացիայի բնագավառի ծառայությունների որակի բարձրացման հետ, իսկ մյուս կողմից՝ այդ լրացումները, հակառակը, կարող են էականորեն թանկացնել նշված ծառայությունների արժեքը եւ ստիպել բարձրացնելու դրանց սակագները՝ նպաստելով միջազգային շուկայում ՀՀ ավիացիայի բնագավառի մրցունակության մակարդակի անկմանը: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք է զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 01.12.2023թ. Սոցիալական փորձաքննության արդյունքները Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում: Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար, սակայն, չեն գանձվում պետական տուրք եւ վճար: Այս առնչությամբ Կոմիտեի կողմից ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Մասնավորապես ուսումնասիրվել են Վրաստանի, Լատվիայի, Սինգապուրի եւ մի շարք այլ երկրների փորձը: Այսպիսով, Նախագծերի փաթեթով նախատեսվում է ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների համար գանձել պետական տուրք: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք, որը միտված է ավիացիայի զարգացմանը եւ ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ առաջարկությունը. Առաջարկում ենք վերանայել (նվազեցնել) օդային երթեւեկության սպասարկման կարգավարի որակավորման, ավիացիոն բժշկական փորձագետի համապատասխանության վկայականի տրամադրման համար, թռիչքային եւ սրահի անձնակազմի անդամների վկայագրման համար նախատեսվող պետական տուրքերի չափերը: Եզրահանգում Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունը՝ Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 12.12.2023թ.
|