ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-723-27.11.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-723-27.11.2023-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) վերնագրի հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավադրույթում ամրագրված հաջորդականությանը, որի համաձայն. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 341-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր՝ 4-րդ կետի համաձայն. «4) բանկային հաշվի քաղվածքը ստանալու վերաբերյալ հարկ վճարողին կատարված հարցման դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչեւ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 77-րդ կետով սահմանված տեղեկություններին համապատասխանող բանկային հաշվի քաղվածքը ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) ստանալու օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան 180 օրով:»: 

Վերոնշյալ դրույթում Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 77-րդ կետին հղում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 77-րդ կետում սահմանված է «բանկային հաշվի քաղվածք» հասկացությունը, այն է. «77) բանկային հաշվի քաղվածք` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած իրավական ակտերով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթ (քաղվածք):»: Հարկ է նկատել, որ փաստաթուղթը բանկային հաշվի քաղված կարող է որակվել միայն եթե պարունակում է մեջբերված դրույթում նշված տեղեկությունները: Հետեւաբար «բանկային հաշվի քաղվածք» հասկացության կիրառումն արդեն իսկ բավարար է Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 77-րդ կետով սահմանված տեղեկություններին համապատասխանությունն արտահայտելու համար: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 341-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր՝ 4-րդ կետը՝ կիրառելով միայն սահմանված հասկացությունը: 

3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 350.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն. «Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով` մինչեւ շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 78-րդ կետում սահմանված է «բանկային հաշվի ամփոփ տեղեկություն» հասկացությունը, այն է. «78) բանկային հաշվի ամփոփ տեղեկություն` հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաեւ հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի եւ ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալներ:»:

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 4-րդ հոդվածում սահմանված է բանկային գաղտնիքը, մասնավորապես. «1. Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ նրա առեւտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական դիզայնի մասին տեղեկությունները եւ նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, եւ բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ:

2. Բանկերի վերահսկողության կապակցությամբ բանկերի եւ դրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին հայտնի դարձած սույն հոդվածի առաջին մասում սահմանված տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք: Բանկերը համարվում են Կենտրոնական բանկի հաճախորդներ:»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում մասնավոր անձի, տվյալ դեպքում՝ հաճախորդի վերաբերյալ ցանկացած տեղեկությունը,որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, եւ բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, գնահատվում է որպես բանկային գաղտնիք:

 Սահմանադրական դատարանը հարկ է համարել նշել նաեւ, որ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիշյալ դրույթներում օրենսդիրն իրավացիորեն ընտրել է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների թվարկման զուգակցումը մասնավոր անձի կողմից ցանկացած այլ տեղեկությունը գաղտնի պահելու մտադրության հետ, որի մասին բանկը տեղյակ էր կամ կարող էր տեղյակ լինել: Հետեւապես, ակնհայտ է, որ այդ օրենքում բանկի եւ իր հաճախորդի միջեւ հաղորդակցության շրջանակներում գաղտնիության ռեժիմով պաշտպանվում է հաճախորդին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը գաղտնի պահելու մտադրություն ունի հաճախորդը, եւ որի այդ մտադրությունն ուղղակիորեն կամ անուղղակի հասու է բանկին:

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի այս ձեւակերպումները վկայում են այն մասին, որ բանկային գաղտնիքը ներառում է որեւէ բանկի հետ հաղորդակցվող մասնավոր անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որն այդ անձը վստահում է բանկին, եւ որն ինքն է անհրաժեշտ համարում գաղտնի պահել` անկախ բանկի գնահատականից, իսկ այդ մտադրության մասին բանկի ողջամիտ տեղեկացվածությունը բավարար է պետության կողմից դրա անձեռնմխելիության ապահովման եւ պաշտպանության համար:

Վերոնշյալ դրույթներից բխում է, որ բանկային հաշվի ամփոփ տեղեկությունը բանկային գաղտնիք է, քանի որ այն բացահայտվում է որպես հարկ վճարողի բանկային հաշվի վերաբերյալ տվյալներ:

Սահմանադրության 31-րդ հոդվածում երաշխավորվում է մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը, որի համաձայն. «1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

2. Մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:»:

Ըստ Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում բանկային գաղտնիքի հասկացության ուսումնասիրության արդյունքում` հաշվի առնելով նաեւ ՄԻԵԴ-ի վերաբերելի որոշումները՝ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքը ներառում է նաեւ բանկային գաղտնիքը: Ընդսմին` բանկային գաղտնիքը պաշտպանվում է պետության կողմից, ի մասնավորի, ի դեմս Կենտրոնական բանկի` իր հաճախորդ բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների մասով, եւ հենց այդ բանկերի կողմից:

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 350.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում ամրագրված դրույթով բանկային գաղտնիք համարվող բանկային հաշվի ամփոփ տեղեկությունը հրապարակվում է: Սույն պնդումը հիմնավորվում է «Բանկային գաղտնիքի մասին օրենքի» 6-րդ հոդվածում նախատեսված իրավադրույթից, ըստ որի բանկային գաղտնիքի հրապարակում է համարվում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններն երրորդ անձանց հայտնի դարձնելը: Նույն օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված է, որ երրորդ անձ են համարվում բացի տվյալ բանկից եւ իր հաճախորդից, բոլոր այլ անձինք: Այսպես՝ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 350.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում ամրագրված դրույթով հարկային մարմնի կողմից հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկություններն էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերից՝ կենտրոնական բանկի միջոցով ստանալու վերաբերյալ կարգավորումն առնչվում է անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին: Նախագծին կից ներկայացված հիմնավորմաբ համաձայն. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նպատակը հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային հաշիվների քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է:»: Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 350.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում ամրագրված դրույթով մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի օրենքով սահմանափակումը՝ բանկային գաղտնիք համարվող բանկային հաշվի ամփոփ տեղեկությունը հրապարակելը, կարծում ենք՝ անհրաժեշտ է դիտարկել Սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքի համատեքստում:

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:»:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին: Մասնավորապես՝ համաչափության սկզբունքի տարրերից յուրաքանչյուրին՝ բովանդակային առումով, Սահմանադրական դատարանը մանրամասն անդրադարձել է իր՝ 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման մեջ: Ըստ այդմ՝ «Համաչափության սկզբունքի առաջին տարրը հիմնական իրավունքի սահմանափակման նպատակի լեգիտիմությունն է, այն է` Սահմանադրությամբ նախատեսված լինելը: Դա նշանակում է, որ օրենսդիրը, իրականացնելով հիմնական իրավունքի սահմանափակման իր լիազորությունը, պետք է հիմնվի Սահմանադրությամբ նախատեսված նպատակների վրա: Բոլոր այն դեպքերում, երբ այդ նպատակներն ուղղակիորեն ամրագրված են սահմանափակվող հիմնական իրավունքին կամ ազատությանը վերաբերող սահմանադրական դրույթներում (…), օրենսդիրն իրավասու է միայն դրանք կոնկրետացնել օրենքներում, մնացյալ դեպքերում օրենսդիրն ինքն է բացահայտում սահմանափակման` օրենքով սահմանված նպատակի սահմանադրական բովանդակությունը` հիմնվելով Սահմանադրության վերաբերելի նորմերի մեկնաբանության վրա:

Հավաստիանալով իր կողմից պարզված սահմանադրական նպատակի առկայության մեջ` օրենսդիրն այնուհետեւ պետք է ընտրի դրան հասնելու միջոցները: Հետեւապես, ընտրված միջոցների սահմանադրականությունը կանխորոշվում է առաջին հերթին դրանցով հետապնդվող նպատակով:

Ինչ վերաբերում է օրենսդրի կողմից միջոցների ընտրությանը` սահմանադրորեն արդարացված նպատակին հասնելու համար, ապա, նախ` դրանք պետք է պիտանի լինեն հիշյալ սահմանադրական նպատակին հասնելու համար: Այսինքն՝ այնպիսի օրենսդրական միջոցներն են պիտանի, որոնցով օրենսդիրն ի զորու է հասնել հետապնդվող նպատակին, այլ կերպ` երբ ապահովված է հավանականությունը, որ արդյունքը, որին ձգտում է օրենսդիրը, ի հայտ կգա:

Համաչափության սկզբունքի հաջորդ տարրն օրենսդրի կողմից ընտրված միջոցի անհրաժեշտությունն է, այսինքն՝ այն, որ այդ միջոցը` այլ միջոցների համեմատ նույն ներգործությամբ, պետք է ենթադրի ամենամեղմ միջամտությունը որեւէ հիմնական իրավունքին կամ ազատությանը: Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու բոլոր պիտանի միջոցներից պետք է ընտրվի այն օրենսդրական միջոցը, որը նպատակին հասնելու նույն հավանականությամբ, այսինքն՝ նույն արդյունավետությամբ, սակայն առավել մեղմ է սահմանափակում որեւէ հիմնական իրավունք կամ ազատություն:

Համաչափության սկզբունքի վերջին` չորրորդ տարրը պահանջում է, որ օրենսդիրն իր կողմից ընտրված պիտանի եւ անհրաժեշտ միջոցը համեմատի սահմանափակվող հիմնական իրավունքի կամ ազատության սահմանադրական նշանակության հետ` պարզելու համար, որ այդ միջոցներով արդյունքում պետությունն իրապես հասնում է հետապնդվող նպատակին, եւ սահմանափակվող հիմնական իրավունքը կամ ազատությունն իր նշանակությամբ չի պահպանում իր գերակայությունը այն հանրային շահերի նկատմամբ, որոնք պահպանելու նպատակով էլ օրենսդիրը դիմում է հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման: Վերջնարդյունքում դա նշանակում է, որ որեւէ հիմնական իրավունքի կամ ազատությանը չմիջամտելը կամ այն երաշխավորելը, կախված դրանց էությունից, կանոն է, իսկ դրա սահմանափակումը` բացառություն, որը պետք է հիմնավորվի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում: Ընդսմին, որքան ավելի ինտենսիվ է սահմանափակումը, այնքան ավելի է մեծանում սահմանափակումը հիմնավորելու բեռը»:

Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում նշել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ չի բացահայտվում Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 350.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում ամրագրված դրույթով մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման Սահմանադրությամբ ամրագրված որեւէ նպատակը, նախատեսված դրույթի անհրաժեշտության օբյեկտիվ հիմքը,  մասնավորապես պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության երաշխավորումը: Այսպես՝ Սահմանադրությամբ նախատեսված նպատակի բացակայությունը չի բխում համաչափության սկզբունքի առաջին տարրի՝ հիմնական իրավունքի սահմանափակման նպատակի լեգիտիմությունից: Բացի այդ, անհարժեշտ է հավաստել՝ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 350.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում ամրագրված դրույթով հարկային մարմնին բանկային գաղտնքի համարվող բանկային ամփոփ տեղեկությունները հայտնի դարձնելն արդյո՞ք ամենամեղմ միջամտությունն է անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին, եւ արդյո՞ք այն միակ եղանակն է Սահմանադրությամբ նախատեսված որեւէ նպատակի հասնելու համար: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 350.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում ամրագրված դրույթն առաջարկում ենք վերանայել Սահմանադրության համաչափության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 13-րդ հոդվածում սահմանված են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը հարկային եւ մաքսային մարմիններին: «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 13-րդ հոդվածում Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 350.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում ամրագրված դրույթով բանկային հաշվի ամփոփ տեղեկության տրամադրման վերաբերյալ որեւէ նշում չի կատարվում: Մինչդեռ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածում նախատեսված իրավադրույթներում սահմանված է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը` միայն «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված դեպքերում, հիմքերով եւ պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձեւով հաղորդելն է: Այն անձինք կամ կազմակերպությունները, բացառությամբ բանկերի, որոնց բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել դրանց ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունեն այդ տեղեկությունները տրամադրել: Կենտրոնական բանկը իրավունք չունի պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին կամ որեւէ այլ անձի տրամադրել բանկերի վերահսկողության կապակցությամբ բանկերի հաճախորդների վերաբերյալ իրեն հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները: Այսպես՝ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 350.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում ամրագրված դրույթի նախատեսումը հանգեցնում է բանկային գաղտնիք համարվող բանկային հաշվի ամփոփ տեղեկության տրամադրմանը հարկային  մարմնին, որը չի սահմանվում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում՝ որպես հարկային մարմնին բանկային գաղտնիքի տրամադրման օրենքով նախատեսված դեպք:

4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 350.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն. «Սույն մասով նախատեսված էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը եւ տեղեկությունների փոխանցման կարգը եւ փոխանցվող տվյալների տիպային ձեւաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:»

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 350.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է. «Հարկային մարմնի կողմից սույն մասով սահմանված հարկ վճարողին հարցման կարգը եւ ձեւը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագրի եւ տեղեկությունների փոխանցման կարգի եւ փոխանցվող տվյալների տիպային ձեւաչափի, ինչպես նաեւ հարկային մարմնի կողմից հարկ վճարողին հարցման կարգի եւ ձեւի, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգի Կառավարության կողմից ընդունման նախատեսվող ժամկետները Նախագծի անցումային դրույթներում սահմանված չեն:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հովածի 5-րդ մասի համաձայն. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում սահմանել Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները, ինչպես նաեւ Նախագծի այն մասերը, որոնք գործելու են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո:

5. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասին հաջորդող կետերի բաժանված չհամարակալված պարբերությունն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»

7. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասին հաջորդող չհամարակալված պարբերության 1-ին կետի «ա» ենթակետում «Հանրային ծառայության մասին» օրենքի անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն՝ առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, որի համաձայն. « Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասին հաջորդող չհամարակալված պարբերության 1-ին կետի «գ» ենթակետում եւ 2-րդ կետի «ե» ենթակետում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին, ինչպես նաեւ 2-րդ կետի «գ» ենթակետում «Հանրային ծառայության մասին» օրենքի անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքի տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

18.12.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

18.12.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծն ուղղված է ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորմանը: Այդ նպատակով առաջարկվում է սահմանել, որ հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերից՝ կենտրոնական բանկի միջոցով: Այն ներառում է հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաեւ հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված եւ ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

05.12.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Համաձայն ներկայիս իրավակարգավորումների, ՀՀ հարկային օրենգրքով հարկային մարմինը, հանդիսանալով հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառությունը ապահովող մարմին, չունի համապատասխան հնարավորություն՝

- ռիսկերի կառավարման համակարգում ինտեգրելու նաեւ դրամական հոսքերի վերաբերյալ տեղեկատվությունը (որն առավել թիրախային կդարձնի ընտրողականության սկզբունքը), քանի որ չի տիրապետում հարկ վճարելու պարտականություն ունեցող հարկ վճարողների դրամական հոսքերի վերաբերյալ որեւէ տեղեկատվության, որը ըստ էության ուղղակիորեն կարող է կապ ունենալ հարկային պարտավորությունների կատարման հետ,

- ստուգումների եւ ուսումնասիրությունների ընթացքում բանկային քաղվածքները հարկային մարմնին տրամադրելու պարտավորություն ունեցող, սակայն դրանք չտրամադրող` ոչ օրինապահ հարկ վճարողների նկատմամբ կիրառելու համապատասխան պատասխանատվության միջոցներ:

Նախագծով առաջարկվում է կարգավորել ռիսկերի կառավարման համակարգում ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացները: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

07.12.2023թ.