ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-724-27.11.2023-ՏՀ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7241 -27.11.2023-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7242 -27.11.2023-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքոմ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7243 -27.11.2023-ՏՀ-011/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7244 -27.11.2023-ՏՀ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7245 -27.11.2023-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7246 -27.11.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-724-27.11.2023-ՏՀ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7241 -27.11.2023-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7242 -27.11.2023-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքոմ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7243 -27.11.2023-ՏՀ-011/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7244 -27.11.2023-ՏՀ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7245 -27.11.2023-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7246 -27.11.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 398-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի 1-ին պարբերության համաձայն. «Հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ չվճարված հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ (բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի) 200 հազար դրամը գերազանցող պարտավորությունների դեպքում՝ չվճարված պարտավորությունների առաջացման օրը, իսկ մինչեւ 200 հազար դրամ պարտավորությունների դեպքում՝ նշված չվճարված պարտավորության առաջացման օրվանից հետո երկու ամիսը լրանալու օրը հարկ վճարողին չվճարված հարկային պարտավորությունների եւ սույն մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններով սահմանված հարկային մարմնի կողմից իրականացման ենթակա գործողությունների մասին Օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվում է հիշեցում եւ առաջարկվում է հիշեցումն ուժի մեջ մտնելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում իր լսված լինելու իրավունքի ապահովման նպատակով առկայության դեպքում հարկային մարմին ներկայացնել գրավոր առարկություններ:»: Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենսգրքի 398-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն. «Սույն մասի 1-ին պարբերությամբ նախատեսված 7 օրացուցային օրվա ժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո չկատարված հարկային պարտավորությունը չդադարելու կամ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունելու վերաբերյալ պատճառաբանված եզրակացության կայացման դեպքում հարկային մարմնի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից ընդունվում է չվճարված հարկային պարտավորությունները գանձելու եւ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում: (…)»: Գործող կարգավորումների համաձայն. «Հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, հարկային մարմնի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ (…) »:

Նախագծով նախատեսվող եւ գործող իրավակարգավորումների վկայակոչումը նպատակ է հետապնդում շեշտադրել այն առանցքային փոփոխությունը, որը Նախագծով սահմանվում է, այն է՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձում առանց վարչական վարույթի նախաձեռնման, քանզի հարկային պարտավորությունները հարկ վճարողներին առաջադրվում են օրենքի ուժով:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող կարգավորումը անհրաժեշտ է դիտարկել «օրենք», «վարչական ակտ», հասկացությունների հարաբերակցման տեսանկյունից: «Օրենք»-ը Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտն է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: 

«Վարչական ակտ»-ը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, եւ ուղղված է անձանց համար իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:»: 

Այսինքն, Սահմանադրությամբ հստակ սահմանվել է յուրաքանչյուրի հարկեր, տուրքեր եւ այլ վճարներ վճարելու պարտականությունը եւ այդ պարտականության համապարտադիրությունը: Օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հարկային պարտավորությունը ծագում է Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:»:

Վերոշարադրյալի արդյունքում ցանկանում ենք փաստել, որ, թեեւ յուրաքանչյուր ոք օրենքի ուժով կրում է պարտականություն հարկեր, այլ վճարներ վճարելու, սակայն յուրաքանչյուր հարկ վճարողի համար չվճարված հարկային պարտավորությունների առկայության դեպքում հարկեր վճարելու պարտականությունը սահմանվում է կոնկրետ դեպքում, օրենքի հիման վրա ընդունված անհատական իրավական ակտով, որը վերաբերում է միայն նրանում անհատապես նշված անձին՝ սահմանելով համապատասխան վարքագծի կանոն, այն է՝ վճարել իրեն առաջադրված հարկային պարտավորությունը: Հետեւաբար, հարկեր, այլ վճարներ վճարելու  պարտավորությունը բռնագանձելու համար առաջին հերթին պարտադիր է անհատական իրավական ակտի՝ վարչական ակտի առկայություն: Վարչական ակտը ընդունվում է վարույթի արդյունքում:

Վերոգրյալի, ինչպես նաեւ Նախագծով նախատեսվող կարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում՝ ցանկանում ենք առարկություն ներկայացնել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենսգրքի 398-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասում նախատեսված հարկային մարմնի կողմից ընդունվող չվճարված հարկային պարտավորությունները գանձելու եւ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշման կարգավիճակի վերաբերյալ։ 

Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով  22.04.2016 թվականի  որոշմամբ գտել է, որ վարչական ակտին բնորոշ են հետեւյալ հատկանիշները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր եւ այլ ձեւի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր եւ սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որեւէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով.այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետեւանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որեւէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար.դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ եւ պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որեւէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտին բնորոշ կարեւորագույն հատկանիշն այն է, որ վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր եւ այլ ձեւի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր եւ սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար։»:

Կարող ենք եզրակացնել, որ չվճարված հարկային պարտավորությունները գանձելու եւ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումը համապատասխանում է թվարկված չափանիշներին, ուստի համարվում է վարչական ակտ։ Նման իրավիճակում անհասկանալի է դառնում, թե ինչպես կարող է առանց վարչական վարույթի հարուցման, (ինչպես նշում է Նախագծի հիմնավորումը) ընդունվել վարչական ակտ։

Անվիճելի համարելով Նախագծի հիմնավորմամբ արտահայտված այն պնդումը, որ անձը չի կարող ազատվել հարկային պարտավորության կատարումից՝ գտնում ենք, որ այդ պարտավորությունը անձին կարող է առաջադրվել միայն պատշաճ վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտով: Նման դիրքորոշում ունի նաեւ Վճռաբեկ դատարանը՝ իր  2022 թվականի 07.02.2020 թվականի որոշմամբ, որի համաձայն. « (…) վարչական մարմինների համար պետք է կանխատեսելի լինի, որ իրենց գործողություններում թերանալու եւ վարչական ակտը, օրենքի խախտմամբ (այդ թվում ընթացակարգային) ընդունված լինելու հիմքով, վարչական կամ դատական կարգով վերացվելու պարագայում իրենք այլեւս զրկված են լինելու նույն անձի նկատմամբ նույնաբովանդակ ակտ ընդունելու հնարավորությունից:»:

Ղեկավարվելով վերոգրյալով ցանկանում ենք արձանագրել, որ հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում հարկային մարմնի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով պետք է հարուցվի չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, կատարվի պատշաճ եւ օրենքով սահմանված կարգով վարչարարություն, կայացվի իրավաչափ եւ օրինական վարչական ակտ: Միայն այս պայմանների միաժամանակյա առկայությամբ է հնարավոր հարկ վճարողին Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների վճարման պարտականություն առաջադրել: Հակառակ պարագայում գործընթացի նկատմամբ կիրառելի չեն լինի «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված սկզբունքները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի հարկ վճարողների իրավունքների երաշխավորմանն ուղղված նորմերի խախտման:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենսգրքի 398-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի 1-ին պարաբերության համատեքստում անհասկանելի է դառնում Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենսգրքի 398-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի 2-րդ պարաբերության հետեւյալ միտքը. « (…)  Ներկայացված առարկությունները հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում վարույթը համարվում է կարճված, ինչի մասին Օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում է հարկ վճարողը:»: Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենսգրքի 398-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի տրամաբանությունը վարչական վարույթի հարուցում չնախատեսելն է հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, ինչը սակայն տրամաբանական հակասություն է առաջացնում  Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենսգրքի 398-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի 2-րդ պարաբերությունում «վարույթը համարվում է կարճված» մտքի հետ, քանզի անհասկանալի է դառնում՝ ինչ վարույթ է ընթացքի մեջ մինչ կարճվելը:

Ուստի առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենսգրքի 398-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի կարգավորումները համապատասխանեցնել Օրենսգրքի եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի կարգավորումներին եւ տրամաբանությանը։

2. Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ առկա է հակասություն Նախագծով նախատեսվող կարգավորումների եւ Նախագծի հիմնավորման միջեւ։ Մասնավորապես Նախագծի հիմնավորմամբ առաջ է քաշվել այն մոտեցումը, որ այն դեպքում, երբ հարկ վճարողը հայտարարագրել է իր հարկային պարտավորությունը եւ վերջինս ընդունվել է հարկային մարմնի կողմից, հաշվառվել է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում, հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հայտարարագրած հարկային պարտավորությունները գանձելու վարչական վարույթը կրում է ձեւական բնույթ, քանի որ բացակայում է Սահմանադրության 50-րդ հոդվածով ամրագրված՝ վարչական մարմնի կողմից անձին լսելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձն ինքն է հայտարարագրել իր հարկային պարտավորությունները ինքնուրույն, իր կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկով: Սակայն Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենսգրքի 398-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի 1-ին պարբերության համաձայն. «(…) Օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվում է հիշեցում եւ առաջարկվում է հիշեցումն ուժի մեջ մտնելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում իր լսված լինելու իրավունքի ապահովման նպատակով առկայության դեպքում հարկային մարմին ներկայացնել գրավոր առարկություններ:»: Այս առումով ցանկանում ենք նշել, որ Նախագծի հիմնավորումը չի համապատասխանում Նախագծով նախատեսվող  կարգավորմանը։

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենսգրքի 398-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսվում է «արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում» կայացնելու հարկային մարմնի լիազորությունը։ Սակայն Օրենսգրքի մի շարք հոդվածներում, ինչպես օրինակ 431-րդ հոդվածի 8-րդ մասում օգտագործվում է «արգելանք դնելու մասին որոշում» արտահայտությունը։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:» : Ելնելով այս պահանջից առաջարկում ենք Նախագծով նախատեսվող եւ Օրենսգրքում կիրառվող միեւնույն միտքը անվանել միեւնույն արտահայտությամբ։

4. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 5-րդ կետը առաջարկում ենք սկսել «եթե » բառով՝ «Հարկ» բառը դարձնելով փոքրատառ՝ հոդվածի մյուս մասերին համապատասխանեցնելու եւ նախադասության ճիշտ շարադասությունը պահպանելու նպատակով։

5. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 1-ին հոդվածում նախատեսվող լրացումը առաջարկում ենք հանել, քանզի վերջինս իր էությամբ ներառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ պարբերությունում՝ հանդիսանալով հանրային դրամական պահանջ՝ վարչական վարույթի ընթացքում ներկայացվող։

6. Նախագծի 61-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» օրենքոմ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

7. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր «գ» կետ։ Սակայն ցանկանում ենք նշել, որ Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասում արդեն իսկ առկա է «գ» կետ։ 

Ուստի անհրաժեշտ է նախատեսել նոր կետ կամ գոյություն ունեցողը շարադրել նոր խմբագրությամբ։


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը միմյանց, Նախագծերի փաթեթի հիմնավորմանը, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

18.12.2023 թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

18.12.2023 թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի Փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) նախատեսվում է չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում նշված պարտավորությունների գանձման նպատակով արգելանք կիրառելու ընթացակարգ: Մասնավորապես, հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ չվճարված հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ, հարկ վճարողին ուղարկվում է հիշեցում: Սահմանված ժամկետից հետո չկատարված հարկային պարտավորությունը չդադարելու կամ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունելու վերաբերյալ պատճառաբանված եզրակացության կայացման դեպքում հարկային մարմնի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից ընդունվում է չվճարված հարկային պարտավորությունները գանձելու եւ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

06.12.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում նշված պարտավորությունների գանձման նպատակով արգելանք կիրառելու ընթացակարգ, մասնավորապես, հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց հետո 30-օրյա ժամկետում հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը համապատախսան որոշումը եւ չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով կներկայացնի ԴԱՀԿ՝ հարկադիր կատարման նպատակով՝ բարձրացնելով հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը, նվազեցնելով դրա վրա ծախսվող ռեսուրսները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

15.12.2023թ.