ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-722-27.11.2023-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7221 -27.11.2023-ՏՀ-011/0) եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7222 -27.11.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-722-27.11.2023-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն եւ (փաստաթղթային կոդ` Կ-7221 -27.11.2023-ՏՀ-011/0) եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7222 -27.11.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետւթյան հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 8.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «Հարկ վճարողը (հարկային գործակալը) եւ դրա պաշտոնատար անձը պարտավոր է` ( ) հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրել օրենքով նախատեսված հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքերում վճարված գումարը ստանալու, ստացված գումարի վերաբերյալ տեղեկությունը հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրելու եւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրելու գործողությունների՝ օրենքով սահմանված դեպքերում իր կողմից կատարված տեսաձայնագրությունները կամ դրանց կրկնօրինակները: Սույն կետով նախատեսված տեսաձայնագրությունները կամ դրանց կրկնօրինակները (բարենպաստ փաստական հանգամանքներ) չտրամադրելու արդյունքում առաջացած բացասական հետեւանքի ռիսկը կրում է հարկ վճարողը.»: Վերջինս հանդիսանում է հարկ վճարողների համար պարտականություն նախատեսող նորմ, որը սակայն կարող է խնդրահարույց լինել մի շարք պատճառներով: Նախ, նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 8.1-ին կետը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Սահմանադրական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակությանը, իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-1621 որոշման մեջ հայտնել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Սահմանադիրը Սահմանադրության 39-րդ հոդվածի ուժով մարդուն օժտել է գործելու ազատությամբ՝ ազդարարելով, որ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները ու չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Հիշատակված սահմանադրաիրավական դրույթը երաշխավորելու եւ պետական իշխանության կողմից այն անհարկի չսահմանափակելու իրավական երաշխիքներ ստեղծելու նպատակադրմամբ սահմանադիրն ամրագրել է մարդու համար պարտականությունների՝ օրենքով սահմանելու հիմնարար պահանջը: Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված պահանջն առ այն, որ պարտականությունները պետք է սահմանված լինեն օրենքով, ինքնանպատակ չէ, ուստի՝ չի կարող ձեւական բնույթ կրել, ինչը նշանակում է, որ մարդու համար պարտականություն սահմանող օրենքը պետք է բավարարի հստակության, կանխատեսելիության, մատչելիության որակական հատկանիշները, որպեսզի անձը կարողանա ճիշտ կողմնորոշվել օրենքով իրենից ակնկալվող/պահանջվող վարքագծի հարցում: Ընդսմին, հարկ է նշել, որ սահմանադրական պարտականությունները ոչ այլ ինչ են, քան որեւէ հիմնական իրավունքի սահմանափակումներ, որոնք, իրենց հերթին, կանոնակարգվելով օրենքներում եւ դրանց հիման վրա արձակված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում, հենվում են այն ելակետի վրա, որ հիշյալ օրենքները եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է բավարարեն իրավական որոշակիության պահանջը: ( ) Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության: Հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը եւ մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի եւ մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձեւակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության եւ բովանդակության հարցում:»: Տվյալ պարագայում ոչ մատչելի եւ հստակ է ձեւակերպված հարկ վճարողների համար նախատեսվող պարտականության բովանդակության սահմանումը, քանզի Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 8.1-ին կետի իմաստով նման պարտականություն ունեն միայն որոշ հարկ վճարողներ, որոնք «օրենքով սահմանված դեպքերում» են կրում պարտականություն այդ տեսաձայնագրումը կատարելու եւ այն հարկային մարմնին տրամադրելու: Նման դեպք նախատեսվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով հետեւյալ տեսքով՝ «Նախորդ հարկային տարվա ընթացքում 24 միլիոն դրամի շեմը գերազանցող իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը օրենքով նախատեսված հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքերում ապահովում են վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության գումարը ստանալու, ստացված գումարը հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրելու եւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրելու գործողությունների տեսաձայնագրման գործընթացի իրականացումը:»: Այսիքն հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքերում վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության գումարը ստանալու, ստացված գումարը հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրելու եւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրելու գործողությունների տեսաձայնագրման գործընթացի իրականացումը ապահովելու պարտականություն ունեն միայն ախորդ հարկային տարվա ընթացքում 24 միլիոն դրամի շեմը գերազանցող իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնց համար սակայն չի պարզաբանվում ՝ ինչպես պետք է կատարվի այդ «ապահովումը»՝ տեսանկարահանման տեխնիկական ապահովման չափանիշները, տեխնիկական միջոցների տրամադրման ընթացակարգը եւ այլ հարցեր, որոնք պարտականություն կրողի մոտ կարող են ոչ միանշանակ դարձնել, թե օրենսդիրը իր վարքագծի դրսեւորումն է նրա համար ճանաչում պարտադիր: Արդյունքում հարկ վճարողները չեն ունենա բավականաչափ հստակ եւ մատչելի տեղեկատվություն, որը կբացահայտի օրենքով իրենց առաջադրված պարտականության բովանդակությունը: Սույն մասով առաջարկում ենք լրամշակել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 8.1-ին կետը՝ համապատասխանեցնելով այն իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին: «Վարչարարության հիմքունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « ( ) Եթե անձանց կողմից վարչական մարմիններ ներկայացված փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) իրենց մեջ բովանդակային առումով ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակություն, ապա վերջիններս այլեւս չեն կարող պահանջվել լրացուցիչ կամ առանձնացված ձեւով:»: Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 8.1-ին կետը նպատակ ունի ստանալ հարկ վճարողի կողմից գումար ստանալու, ստացված գումարի վերաբերյալ տեղեկությունը հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրելու եւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրելու գործողությունները կատարված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը, որը սակայն արդեն իսկ արտացոլված է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում, ինչը հանդիսանում է գործարքների եւ գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթուղթ: Վերջինս Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով, ի թիվս այլ պահանջների, պարունակում է նաեւ գնվող ապրանքի քանակի, դրա չափման միավորի, կիրառված զեղչի չափի (կիրառվելու դեպքում), վճարման ենթակա գումարները՝ ըստ բաժինների, ընդհանուր վճարված գումարի, (ներառյալ՝ ԱԱՀ-ն, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է եւ գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման) վերաբերյալ տեղեկատվություն: Այսինքն հարկային մարմնի կողմի ակնկալվող ողջ տեղեկատվությունը, որոնք նա կարող է ստանալ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 8.1-ին կետով նախատեսվող տեսաձայնագրումների միջոցով, արտացոլված է ՀԴՄ կտրոններում եւ այդ տեղեկատվությունը հարկ վճարողից եւս մեկ անգամ պահանջելով «սկուտեղը փոխելու» միջոցով, այն է՝ տեսաձայնագրման միջոցով, կհանգեցնի առավելագույնի սկզբունքի խախտման, ինչը վարչարարության հիմնարար սկզբունք է: Ելնելով վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 8.1-ին կետը որպես պարտականության նախատեսող նորմ խնդրահարույց է վարչարարությունում առավելագույնի սկզբունքի պահպանման տեսանկյունից: Առաջարկում ենք կատարված դիտարկումների հիման վրա Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 8.1-ին կետը համապատասխանեցնել առավելագույնի սկզբունքի պահանջներին: 2. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում նոր «ը» ենթակետով լրացում կատարելու միջոցով հարկային մարմնին լիազորել հարկային հսկողության ընթացքում իրականացնելու տեսաձայնագրում: Գտնում ենք, որ այս կարգավորում է կարող է խնդրահարույց լինել մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնարար իրավունքի երաշխավորման տեսանկյունից: Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:» Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաեւ անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով։» Վերոգրյալ նորմ-երաշխիքների վերլուծությունից հետեւում է, որ անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնխելիությունը կարող է սահմանափակվել, երբ այն ուղղակիորեն նախատեսված է օրենքով, անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում եւ ուղղված է երկրի տնտեսական բարեկեցությանը (ի թիվս այլնի): 1992 Նիեմիեթզը ըննդեմ Գերմանիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 1992 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ հայտնել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Կոնվենցիայի 8-րդ հոդվածը անձնական կյանքի հասկացությունը չի սահմանափակում «ներքին տիրույթով», որում անձը կարող է յուրովի վարել իր անձնական կյանքը եւ բացառել արտաքին աշխարհը։ Բացի անձի ֆիզիկական եւ մտավոր գործունեությունից, «անձնական կյանք» հասկացության մեջ ներառվում են նաեւ մարդու մասնագիտական եւ ձեռնարկատիրական բնագավառում գործունեությունը:»: Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները կարող են ներառել ընկերության գրանցված գրասենյակի, դրա մասնաճյուղերի կամ այլ բիզնես տարածքների հարգման իրավունքը («Կոլաս Էսթ ընկերությունն ընդդեմ Ֆրանսիայի», կետ 41): Վերոշարադրյալը միանշանակ է դարձնում այն հանգամանքը, որ անձի ձեռնարկատիրական գործունեությունը կազմում է նրա մասնավոր կյանքի բաղկացուցիչ մասը եւ միջազգային իրավունքում պաշտպանվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով, իսկ ներպետական իրավունքում՝ Սահմանադրության 31-րդ հոդվածով: Այնուամենայիվ այս իրավունքը կարող է սահմանափակվել, ի թիվս այլ նպատակների, նաեւ երկրի տնտեսական բարեկեցությունն ապահովելու նպատակով, սակայն այդ սամանափակման գործընթացին եւս առաջադրվում են որոշակի պահանջներ, որոնց պահպանումը պարտադիր է: Իրավունքների սահմանափակումը իրականացվում է օրենսդրությամբ սահմանված որոշակի չափանիշերի հիման վրա, որոնց ամրագրմամբ եւ պահպանմամբ պետությունը հնարավորինս փորձում է ձեռնպահ մնալ որեւէ իրավունքի եւ ազատության խախտումից: Այսպիսով, հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս, Սահմանադրության 78-րդ, 79-րդ եւ 81-րդ հոդվածների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս վերհանել հետեւյալ հիմնական իրավական չափանիշները.
Վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ հիմնարար իրավունքի սահմանափակումը բացի իրավաչափ նպատակ հետապնդելուց, պետք է լինի այդ իրավաչափ նպատակին հասնելու միակ եւ անհրաժեշտ միջոցը, առանց որի այդ նպատակին հասնելը կլինի անհնար: Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող լրացման կատարման արդյունքում հարկային մարմնին հարկային հսկողության ընթացքում տեսաձայնագրում իրականացնելու հնարավորություն տալը կարող է դիտարկվել որպես անձի մասնավոր յանքի անձեռնխելիության խախտում: Այն որպես մասնավոր կյանքի հիմնարար իրավունքի սահմանափակում դիտարկելը, պայմանավորված երկրի տնտեսական բարեկեցությունն ապահովելու անհրաժեշտությամբ, խնդրահարույց է, քանզի Նախագծի հիմնավորմամբ հարկային հսկողության ժամանակ կատարված տեսաձայնագրումը հետապնդում է հարկային հսկողությանը հաջորդող վարչական եւ դատական վարույթներում ապացուցողական հուսալի բազա ունենալու նպատակ: Գտնում ենք, որ անձի մասնավոր կյանքին կատարվող նման ծավալով միջամտությունը, պետական մարմինների կողմից գաղտնի տեսաձայնագրման միջոցով դրսեւորվող, կարող է դիտարկվել ոչ համաչափ հետապնդվող նպատակին հասնելու համար, քանզի այդ նպատակին հնարավոր է հասնել նաեւ առանց մարդու հիմնարար իրավունքների սահմանափակման՝ այլ վարչական լծակների գործադրմամբ: Ղեկավարվելով վերոգրյալով առաջարկում ենք լրամշակել Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում նոր լրացվող «ը» ենթակետը՝ համապատասխանեցնելով վերջինս Սահմանադրության 31-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներով նախատեսված չափանիներին: Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում նոր լրացվող «ը» ենթակետում «հարկային հսկողության ընթացքում» բառերը ավելորդ են, քանզի նախատեսվող լրացման արդյունքում նախադասությունում կառաջանա «հարկային հսկողության ընթացքում» բառերի հաջորդական կրկնություն: 3. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենսգրքի 335-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի 6-րդ կետից առաջարկում ենք հանել «ՀՀ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 4. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենսգրքի 339-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի 2-րդ կետը վերաբերում է թեմատիկ ստուգումների ընթացքում հսկիչ գնումների կատարման կարգավորումներին, սակայն Օրենսգրքի 339-րդ հոդվածը վերաբերում է հարկային ստուգման հանձնարարագրին: Ուստի գտնում ենք, որ Օրենսգրքի 339-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի 2-րդ կետը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասին «( ) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: ( )»: Օրենսգրքի 339-րդ հոդվածի վերնագիրը ունի «Հարկային ստուգման հանձնարարագիրը» վերտառումը եւ նրանում թեմատիկ ստուգումների ընթացքում հսկիչ գնումների կատարման վերաբերյալ կարգավորումներ նախատեսող մասի լրացումը կհանգեցնի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի խախտման: 5. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 339.1-ին հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 339.1-ին հոդվածի 3-րդ մասը հղում է կատարում Օրենսգրքում նոր լրացվող 339.1-ին հոդվածի 6-րդ մասին, որը, սակայն, Նախագծում բացակայում է: 6. Նախագծի 13-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 352.1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օգտագործվող տեխնիկական միջոցներով ամրագրած տեսաձայնագրությունը հանդիսանում է խախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում՝ առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ:»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:», առաջարկում ենք տալ «անձանց նույնականացնող տվյալների նվազագույն հրապարակում» հասկացության սահմանումը, որպեսզի պետական մարմինների համար հստակ լինի, թե անձանց նույնականացնող տվյալների ինչ սահմանաչափն են լիազորված հրապարակել: 7. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:» «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը պահպանելու նպատակով առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով նախատեսել Նախագծով նախատեսված Կառավարության եւ հարկային մարմնի կողմից ընդունման ենթակա ենթաօրենսդրական ակտերի ժամկետները, ինչպես նաեւ այդ ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ պայմանավորված նորմերի գործողության առանձնահատկությունները: 8. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացնել նոր 31.9-րդ գլուխ, որը վերաբերում է հարկային մարմնի կողմից առգրավված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերով վարույթի կարգավորումներին: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն. «Սույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ( ) վարչական դատարանում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական եւ վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկային մարմնի կողմից օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ դիմումների, ինչպես նաեւ հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու վերաբերյալ դիմումների քննության կարգը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների եւ պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը։»: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն. «Վարչական դատարան կարող են դիմել նաեւ վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք` 1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը. 2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին. 2.1) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-260-Ն) 3) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի` իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով. 4) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի՝ սույն օրենսգրքի 29.2-րդ գլխով նախատեսված դեպքերում:»: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ հարկային մարմնին, որպես վարչական մարմին, վերապահված չէ հարկային մարմնի կողմից առգրավված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերով դատարան դիմելու իրավասություն՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով: Բացի այդ, հարկային մարմնի կողմից առգրավված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերով քննության կարգին վերաբերող հարցերի կարգավորումը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի գործողության ոլորտում կարգավորովող հարցերի շարքում, ինչը նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածով: Ուստի «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացվող նոր 31.9-րդ գլխի կարգավորումները առաջարկում ենք համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 1-ին եւ 3-րդ հոդվածների կարգավորումներին: Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Նախագծով նախատեսվող վարույթային ընթացակարգին վերաբերող կարգավորումները թերի են, քանզի բացակայում են վարույթի նախաձեռնման հիմքի (դիմում ներկայացնող սուբյեկտի, ժամկետների), դիմումը ստանալուց հետո վարույթ ընդունելու ժամկետի եւ այլ ընթացակարգերի վերաբերյալ կարգավորումները: Առանց համապատասխան կարգավորումների նախատեսման կառաջանան նոր նախատեսվող հատուկ վարույթի գործարկման արգելքներ: Ուստի առաջարկում ենք կատարված դիտարկումների հիման վրա լրամշակել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ լիաժեք կարգավորելով վարույթի նախաձեռնման եւ քննության բոլոր ընթացակարգային հարցերը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 6-րդ, 39-րդ, 78-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 18.12.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 18.12.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով, թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու, ինչպես նաեւ ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման եւ անվավեր ճանաչման դեպքերը հնարավորինս բացառելու նպատակով, առաջարկվում է սահմանել հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ: Բացի այդ, առաջարկվում է սահմանել հարկային մարմնի կողմից առգրավված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերի քննության ընթացակարգ, ինչպես նաեւ օրենսդրական հիմքեր սահմանել նախորդ հարկային տարվա ընթացքում 24 միլիոն դրամի շեմը գերազանցող իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից, օրենքով նախատեսված հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքերում, վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության գումարը ստանալու, ստացված գումարը հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրելու եւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրելու գործողությունների տեսաձայնագրման գործընթացի իրականացումն ապահովելու համար: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 07.12.2023թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում» եւ «Առեւտրի եւ ծառայության մասին» օրենքում, ինչն, ըստ էության, պայմանավորված է հարկային վարչարարության հստակեցմամբ եւ կատարելագործմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ ՀԴՄ կտրոն չտրամադրելու, աշխատողների՝ օրենքով սահմանված կարգով ձեւակերպված չլինելու դեպքում փաստացի աշխատանք կատարելու դեպքեր հայտնաբերելիս ապացուցողական բեռը բարդ է, անհրաժեշտություն է առաջացել որպես հարկային հսկողության տեսակ սահմանել հարկային հսկողության ընթացքում տեսաձայնագրումը՝ արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով? Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենքով սահմանված կարգով ձեւակերպելու եւ/կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգման արդյունքում կազմված վարչական ակտերի գերակշիռ մասը դատական կարգով վիճարկման արդյունքում ճանաչվում է անվավեր: Որպես կանոն, անվավեր ճանաչվելու հիմքում չի հիմնավորվում հսկիչ գնում կատարելու կամ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու պայմաններում աշխատողների փաստացի աշխատանք կատարելու փաստը: Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունմամբ կնախատեսվեն հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող նորմեր, կբարձրանա իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաեւ կբացառվեն վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման եւ անվավեր ճանաչման դեպքերը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 07.11.2023թ.
|