ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-731-29.11.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-731-29.11.2023-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրում (այսուհետ՝ համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ համաձայնագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության համաձայն. «(...) Համաձայնագրի 7-րդ բաժնով սահմանվում է, որ Համաձայնագրում իրավասու մարմինների գրավոր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, իսկ այլ բան համաձայնեցված չլինելու դեպքում այդպիսի փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ գրավոր համաձայնության վերջին ստորագրման օրվանից հետո մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը: Հաշվի առնլով այն հանգամանքը, որ Համաձայնագրում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն եւս առանձին միջազգային պայմանագիր է, որին վերաբերելի են միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու հետ կապված դրույթները, Համաձայնագրի վերոնշյալ բաժնի դրույթները հակասում են «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 17-րդ հոդվածին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով եւ պահից:»:

Նշվածի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ միջազգային պայմանագրի փոփոխման ընդհանուր կարգը նախատեսված է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 20-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն. «Միջազգային պայմանագրում փոփոխությունները կատարվում եւ ուժի մեջ են մտնում պայմանագրի կողմերի գրավոր ձեւակերպված համաձայնությամբ այդ պայմանագրով սահմանված կարգով, եթե փոփոխող միջազգային պայմանագրում չեն պարունակվում այնպիսի դրույթներ, որոնք հիմքեր կառաջացնեն սույն օրենքով միջազգային պայմանագրի կնքման եւ ուժի մեջ մտնելու համար սահմանված այլ ընթացակարգեր կիրառելու համար։»: 

Այսպես՝ «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի 7-րդ բաժնում սահմանված դրույթը նախատեսում է իրավասու մարմինների գրավոր համաձայնությամբ ձեռք բերված ընդհանուր համաձայնությամբ համաձայնագրում փոփոխություն կատարելու կարգը, ինչպես նաեւ փոփոխության ուժի մեջ մտնելու պահը:

Հիմք ընունելով վերոգրյալն, կարծում ենք՝ «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր առկա չեն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

07.12.2023թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

07.12.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2016 թվականի հունվարի 27-ին ստորագրված՝ «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի նպատակն է՝ բարձրացնել միջազգային հարկային թափանցիկությունը եւ բարելավել կողմ հանդիսացող պետությունների համապատասխան հարկային մարմինների մատչելիությունը եկամտի գլոբալ բաշխման, վճարված հարկերի եւ հարկային իրավազորությունների շարքում տնտեսական գործունեության տեղակայման որոշակի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությանը:

Համաձայնագրի վավերացումը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի հարկային նպատակներով այլ պետությունների հետ իրականացնել ճշգրիտ եւ գաղտնի տեղեկությունների փոխանակում, ինչն էլ կնպաստի Հայաստանում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրման արդյունքում ռիսկերի գնահատման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը ձեռք բերել հարկային քաղաքականության հարցերում միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր երկրի կարգավիճակ:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ չի պարունակում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

08.12.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2016 թվականի հունվարի 27-ին ստորագրված՝ «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝  միջազգային հարկային թափանցիկության բարձրացման, ինչպես նաեւ կողմ հանդիսացող պետությունների համապատասխան հարկային մարմինների եկամտի գլոբալ բաշխման, վճարված հարկերի եւ հարկային իրավազորությունների շարքում տնտեսական գործունեության տեղակայման որոշակի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության բարելավման նպատակով: 

Համաձայնագրին միանալը Հայաստանին հնարավորություն է ընձեռում հարկային նպատակներով այլ պետությունների հետ ճշգրիտ եւ գաղտնի տեղեկություններ փոխանակել, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրման արդյունքում ռիսկերի գնահատման արդյունավետության բարձրացմանը: Միաժամանակ, Համաձայնագրին միանալը թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը ձեռք բերել հարկային քաղաքականության հարցերում միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր երկրի կարգավիճակ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

12.12.2023թ.