ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Կ-736-01.12.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Կ-7361 -01.12.2023-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7362 -01.12.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-736-01.12.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7361 -01.12.2023-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7362 -01.12.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, ըստ որի՝ «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը:» 2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը, քանզի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին այլեւս հղում չի կատարվում: 3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Ելնելով այս կարգավորումից՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) նոր լրացվող 119.2-րդ հոդվածի 1-ին մասի առաջին կետում «Էլեկտրոնային համակարգը» արտահայտության փոխարեն օգտագործել «Համակարգը» բառը, քանզի վերջինս, որպես կրճատ տարբերակ արդեն իսկ նախատեսված է Օրենսգրքում նոր լրացվող 119.1-ին հոդվածի 1-ին մասով: 4. Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 11.1-ին գլխով մի շարք դատավարական գործողությունների կատարված լինելու պահը կապվում է անձի կողմից այդ տեղեկատվությանը «հասանելի դառնալու պահի հետ»: Նման ձեւակերպումը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղի տալ՝ հանգեցնելով ոչ միատեսակ կիրառության, եւ խնդրահարույց իրավիճակներ առաջացնել դատական պրակտիկայում: Նմանատիպ խնդիրներից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք սահմանել միասնական կիրառման ենթակա չափանիշներ, ըստ որի հնարավոր կլինի միատեսակ գնահատական տալ՝ արդյոք անձի մոտ առկա է եղել տեղեկատվությանը հասանելիություն, թե ոչ՝ դրանով իսկ ապահովելով օգտագործվող հասկացության հստակությունն ու միանշանակ ընկալումը: 5. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 119.4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրա կից փաստաթղթերը համարում են դատարանի կողմից ստացված՝ իրեն հասանելի դառնալու պահից:»: Օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները համապատասխանաբար հանձնվել են փոստ, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչեւ դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:»: Վկայակոչված իրավանորմի եւ Նախագծով նախատեսվող կարգավորման համադրման արդյունքում կարող ենք եզրակացնել, որ գործող Օրենսգիրքը դատավարական գործողությունը համարում է կատարված սահմանված ժամկետում փաստաթուղթը դատարան ներկայացնելու պարտականություն ունեցող կողմի կողմից համապատասխան գործողությունը կատարելու պահից եւ այն կախման մեջ չի դնում դատարանում այդ փաստաթուղթը ստանալու հանգամանքից: Ուստի առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 119.4-րդ հոդվածի 4-րդ մասը լրամշակել՝ այն համապատասխանեցնել Օրենսգրքի ընդհանուր տրամաբանությանը: 6. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 119.5-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղարկվող կատարողական թերթերը եւ այլ փաստաթղթերն ուղարկվում են Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:»: Ցանկանում ենք նշել, որ դատարանների կողմից գրություններ, դիմումներ եւ տեղեկացումներ են ուղարկվում նաեւ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ, Բարձրագույն դատական խորհուրդ: Ուստի առաջարկում ենք այս մարմինների միջեւ փաստաթղթաշրջանառությանը վերաբերող կարգավորումներ եւս սահմանել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 119.5-րդ հոդվածի 8-րդ մասում: Նույն դիտարկումը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում նոր լրացվող 64.6-րդ հոդվածին, որտեղ բացակայում է Բարձրագույն դատական խորհրդի վերաբերյալ կարգավորումը: 7. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում նոր լրացվող 64.4-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք հղում կատարել ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 119.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» պարբերությանը, այլ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: 8. Նախագծի 3-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 2-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախգծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծերի փաթեթը հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնները՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 19.12.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 19.12.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան օրենքներում կատարել այնպիսի փոփոխություններ եւ լրացումներ, որոնք նպատակ են հետապնդում թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների եւ դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական ու վարչական գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 04.12.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, փոփոխություն եւ լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերում: Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումները պայմանավորված են դատարանների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը նպաստելու, դատարանների եւ դատավարության մասնակիցների ռեսուրսները խնայելու, քաղաքացիական ու վարչական գործերի քննությունը ողջամիտ ժամկետում ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել եւ ներդնել դատական միասնական կառավարման համակարգ, որը կապահովի մի դատարանից մեկ այլ դատարան եւ միեւնույն ատյանի դատարանի նստավայրերի միջեւ գործի նյութերի էլեկտրոնային եղանակով փոխանցումը, ինչպես նաեւ կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ եւ դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 20.12.2023թ.
|