ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-737-01.12.2023-ՊԱ-011/0), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7371 -01.12.2023-ՊԱ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7372 -01.12.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-737-01.12.2023-ՊԱ-011/0), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7371 -01.12.2023-ՊԱ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7372 -01.12.2023-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք հանել «թիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածներում առկա «թիվ» բառերին: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանվում է. «Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` պետական լիազոր մարմին)»: Հարկ է նկատել, որ այս դրույթը ուժը կորցնելու արդյունքում այլեւս հստակ չէ, թե «պետական լիազոր մարմին» բառերը կոնկրետ որ մարմնին են վերաբերում, քանի որ «պետական լիազոր մարմին» բառերի առաջին կիրառելիությունը կատարվում է Նախագծով ուժը կորցրած ճանաչվող դրույթում: Միաժամանակ նշենք, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչելու արդյունքում հարկավոր է Օրենքում կատարել մի քանի փոփոխություն: Մասնավորապես՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով հղում է կատարվում Նախագծով արդեն ուժը կորցրած ճանաչված 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, իսկ Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությամբ սահմանվում է կարգավորում ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոնների վերաբերյալ: 3. «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4.1-ին հոդվածի համարից առաջ առաջարկում ենք լրացնել «Հոդված» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը»: 4. «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի գործող 4.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված են պաշտոնի նշանակման առաջարկության բովանդակությանը եւ դրա ներկայացման կարգին վերաբերող կարգավորումներ: Հատկանշական է, որ նման կարգավորումներ սահմանված չեն «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4.1-ին հոդվածով: Հետեւաբար կարծում ենք, որ վերոնշյալ նախագծի 1-ին հոդվածով «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4.1-ին հոդվածի 4-րդ մասում նշված առաջարկության վերաբերյալ նույնպես անհրաժեշտ է սահմանել կարգավորումներ առաջարկության բովանդակությանը եւ դրա ներկայացման կարգին վերաբերյալ: 5. «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «կետով» բառն առաջարկում ենք փոխարինել «մասով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 14-րդ հոդվածի կարգավորումները: Միաժամանակ առաջարկում ենք այդ մասում նշված «4.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «4.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով: 6. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասում «, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ տեղակալները» բառերը լրացնելուց հետո այդ մասն ունենում է հետեւյալ բովանդակությունը. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ տեղակալները սույն օրենքով նախատեսված կարգապահական իրավունքը կիրառում են ամբողջ ծավալով»: Դրանից բխում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով փորձ է կատարվում Ազգային անվտանգության ծառայության տնօրենին շնորհել կարգապահական իրավունք, այն է՝ իրեն ենթակա կամ ստորադաս զինծառայողի նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի տեսակներ կիրառելու իրավունքը: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաեւ նույն հոդվածի 11-րդ մասին, որով սահմանված է. «Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների նկատմամբ կարգապահական իրավունքի կիրառման եւ կարգավորիչ ակտեր ընդունելու մասով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին վերապահված լիազորություններից օգտվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան պետական լիազոր մարմինների ղեկավարները` այլ զորքերի մասով»: Վերը մեջբերված դրույթից բխում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը իրեն ենթակա զինծառայողների նկատմամբ կարգապահական իրավունքի կիրառման եւ կարգավորիչ ակտեր ընդունելու իրավասություն արդեն իսկ ունի՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի գործող կարգավորումների: Միաժամանակ նշենք, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասում լրացվող բառերի շարքում նշված «եւ տեղակալները» բառերի կիրառությունից հստակ չէ, թե արդյոք ում տեղակալների մասին է խոսքը: Առաջարկում ենք այդ տեսանկյունից հստակեցնել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծերի փաթեթը հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնը՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 19.12.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծերի փաթեթի ընդունմամբ կարծում ենք առաջանալու է անհրաժեշտություն այլ օրենքում փոփոխություն կատարելու: Մասնավորապես՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝ ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող բոլոր դրույթները ենթակա են փոփոխության՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ դրույթները պարունակում են նշում ազգային անվտանգության մարմիններում բարձրագույն խմբի պաշտոնների վերաբերյալ կամ վերաբերում են ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին (այսինքն՝ ազգային անվտանգության ծառայության տնօրենին եւ նրա տեղակալներին այդ կարգավորումները չեն վերաբերում, քանի որ վերջիններս այլեւս չեն համարվում զինվորական պաշտոններ): Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 19.12.2023թ.
Նախագծերի Փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է վերանայել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ նրա տեղակալների ինչպես նշանակման եւ ազատման, այնպես էլ կարգավիճակի հետ կապված դրույթները, որպիսի պայմաններում հնարավոր կլինի ապահովել համապատասխանությունը «Հանրային ծառայության մասին», ինչպես նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքների կարգավորումներին: Մասնավորապես, գործող կարգավորումների համաձայն Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տնօրենի եւ տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Հաշվի առնելով այն, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Ծառայությունը Վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ Ծառայության տնօրենը եւ տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում են Նախագահի կողմից, անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի եւ պաշտոնից ազատի Վարչապետը՝ նկատի ունենալով Ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը: Միաժամանակ, հաշվի առնելով, որ նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը եւ տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք, Ազգային անվտանգության ծառայության առաքելության, գործառույթների եւ նպատակների պատշաճ կյանքի կոչումն ապահովելու համար անհրաժեշտ է հստակեցնել նաեւ ԱԱԾ տնօրենի կողմից զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական իրավունքների կիրառման հնարավորությունը՝ համապատասխան լրացում կատարելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 05.12.2023թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարելով հարակից օրենքներում: Ներկայիս կարգավորումներով Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ղեկավարի (տնօրենի) եւ ղեկավարի (տնօրենի) տեղակալների պաշտոնները համարվում են զինվորական ծառայության պաշտոններ: Վերջիններիս պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել Ծառայության ղեկավարի (տնօրենի) եւ ղեկավարի (տնօրենի) տեղակալների նշանակման եւ ազատման կարգը, ինչպես նաեւ վերջիններիս կարգավիճակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների արդյունքում Ծառայության ղեկավարը (տնօրենին) եւ ղեկավարի (տնօրենի) տեղակալները կհանդիսանան հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ կնշանակվեն վարչապետի կողմից: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 11.12.2023թ.
|