ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-746-18.12.2023-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7461 -18.12.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7462 -18.12.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-746-18.12.2023-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7461 -18.12.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7462 -18.12.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 7-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգրքի) նոր խմբագրությամբ շարադրվող 37.1-ին հոդվածի 7-9-րդ հոդվածներով սահմանվում են կարգավորումներ հորատանցքերի վերաբացման, այդ թվում նաեւ՝ հորատանցքերի վերաբացման հետ կապված պատասխանատվության վերաբերյալ: Մինչդեռ հարկ է նկատել, որ Օրենսգրքի գործող դրույթներով առկա չէ որեւէ կարգավորում հորատանքերի վերաբացման վերաբերյալ, հետեւաբար հասկանալի չէ, թե ինչ է այն իրենից ներկայացնում, որ դեպքերում է հնարավոր իրականացնել հորատանքերի վերաբացում, ում կողմից, երբ եւ ինչ ժամկետում ու ընթացակարգով: Հետեւաբար կարծում ենք՝ անհրաժեշտ է Օրենսգրքով սահմանել հորատանցքերի վերաբացման հետ կապված առնվազն նվազագույն կարգավորումներ՝ Նախագծով սահմանվող կարգավորումները հստակեցնելու եւ դրանց հասցեատերերի համար ավելի հասկանալի դարձնելու նպատակով:

2. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 37.1-ին հոդվածի 13-րդ մասով սահմանված է. «Արարատյան դաշտի՝ Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի կողմից սահմանած Արարատի եւ Արմավիրի մարզերի համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաեւ գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ»: 

2.1. Այսպես՝ վերը մեջբերվածից բխում է, որ ըստ Նախագծի, նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաեւ գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չլինելու դեպքում արգելվում է միայն Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի կողմից սահմանած Արարատի եւ Արմավիրի մարզերի համայնքներում: 

Օրենսգրքի գործող 37.1-ին հոդվածի 11-րդ պարբերությամբ նշված է, որ Արարատի եւ Արմավիրի մարզերի ողջ տարածքում ընդհանրապես արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաեւ գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը:

Ստացվում է, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 37.1-ին հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում վերջինիս 13-րդ մասով փորձ է արվում Օրենսգրքի՝ հորատանցքերի հետ կապված գործող ավելի խիստ կարգավորումների փոխարեն սահմանել ավելի մեղմ կարգավորումներ Արարատի եւ Արմավիրի մարզերի համար, ինչը չի բխում Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումից (այսուհետ՝ Հիմնավորում): 

Մասնավորապես՝ Հիմնավորմամբ նշված է. «(…) Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը հանդիսանում են Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը: Գոգավորությունը շրջափակող լեռնալանջերի նշանակալի ծախսով բոլոր բնաղբյուրները կապտաժավորված են եւ օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար (…) Արարատյան դաշտի 2016 թվականի ջրատնտեսական հաշվեկշռի տարրերի հաշվարկային արժեքները ցույց են տալիս, որ մարդու գործունեության հետեւանքով Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի զգալի դեֆիցիտ (…) Հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ չնայած Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, շարունակում է ստորերկրյա ջրերի վիճակի վատթարացումը (…) Ավելի քան երկու անգամ պակասել է շատրվանող գոտու մակերեսը, բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել (…) Դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների եւ ճնշումների իջեցումները, ինչը վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի (…) Վերոնշյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով եւ մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում?Արարատյան դաշտում եւ նրա ջրահավաք ավազանում ապօրինի ջրօգտագործման կարգավորումներ (…)»: 

Վերը մեջբերվածից բխում է, որ Արարատյան արտեզյանի ավազանում առկա ջրային պաշարները չափազանց արագ են սպառվում, ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական աղետի: Այս դեպքում նշենք, որ հասկանալի չէ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 37.1-ին հոդվածի 13-րդ մասով կատարվող փոփոխությունը, որի արդյունքում հորատանցքերի հետ կապված կարգավորումները Արմավիրի եւ Արարատի մարզում մեղմացվում են. որոշ բնակավայրերում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաեւ գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը արգելելու կամ թույլատրելու իրավասությունը վերապահելով Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարին:

2.2. Քննարկվող նորմի հետ կապված նշենք, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 37.1-ին հոդվածի 13-րդ մասով սահմանված է, որ Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի կողմից պետք է սահմանվեն Արարատի եւ Արմավիրի մարզերի այն համայնքները, որտեղ արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաեւ գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չլինելու դեպքում: Այնուամենյանիվ Նախագծով սահմանված չէ որեւէ անցումային դրույթ Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի կողմից ընդունվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է. 

«Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

3.  Նախագծի 12-րդ հոդվածով սահմանված է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենսգրքի 37.1-ին հոդվածի 5-րդ մասի դրույթի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից»: Վերոգրյալից բխում է, որ որպես Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 37.1-ին հոդվածի 5-րդ մասի ուժի մեջ մտնելու ժամկետ՝ սահմանվում է 2024 թվականի հունվարի 1-ը, որը վրա է հասնելու Նախագծի ընդունումից առաջ: Այս կապակցությամբ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո? անմիջապես»: Հետեւաբար առաջարկում ենք 2024 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել Նախագծի պաշտոնական հրապարակման օրվանից ուշ ժամկետ:

4.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63.2-րդ հոդվածում լրացնել 1.1-ին եւ 1.2-րդ մասեր: Առաջարկում ենք այդ մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջին, այն է. «(...) Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով (...)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետով լրացվող 2.1-ին մասի, 4-րդ հոդվածի 1-ին կետով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասի համարակալումներին:

Միաժամանակ առաջարկում ենք շտկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասում առկա վրիպակը՝ «1.1» ձեւակերպումը փոխարինելով «1.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

04.01.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

04.01.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով ամրագրել հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ, հստակեցնել կոնսերվացված հորատանցքի վերաբացմամբ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը, նախատեսել արգելք լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության նաեւ կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար, ինչպես նաեւ խստացնել պատասխանատվության միջոցները:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

21.12.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Հաշվի առնելով Արարատյան դաշտի ջրհավաք ավազանում կլիմայի փոփոխության ազդեցությունը, ինչպես նաեւ մարդու տնտեսական գործունեության (այդ թվում ապօրինի) արդյունքում Արարատյան արտեզյան ավազանի աղետալի վիճակը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագծերի փաթեթը: Վերլուծությունից պարզ է դառնում, որ հասցված վնասի չափը հիմնականում գերազանցում է իրավախախտման համար կիրառված տույժի գումարի չափին, ինչը մեղմվել է տուգանքների բարձրացումից հետո՝ ավելացնելով պետբյուջե մուտքերը, որոնք կարող են ուղղվել ջրային ռեսուրսների պահպանությանը: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել կոնսերվացված հորատանցքի վերաբացմամբ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը, նախատեսել արգելք լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության` նաեւ կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար, ինչպես նաեւ խստացնել պատասխանատվության միջոցները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

26.12.2023թ.