ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-748-20.12.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-748-20.12.2023-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:

2. Առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝  նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի կետերի համարակալման համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին, համաձայն որի՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով»:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում առաջարկում ենք «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով»:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում նախատեսված է համամարդկային նշանակության  հուշարձանների վերաբերյալ իրավակարգավորում, որի համաձայն՝ համամարդկային նշանակության հուշարձանի կարգին են դասվում հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի այն բարձրարժեք հուշարձանները, որոնք իրենց բացառիկությամբ համընդգրկուն քաղաքակրթական արժեք ունեն եւ ընդգրկված են կամ սահմանված կարգով կարող են ընդգրկվել համաշխարհային ժառանգության ցանկում:

 Օրենքի 1.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված են Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որի 22-րդ կետով նախատեսված  «համամարդկային նշանակության հուշարձան» հասկացության սահմանումը նույնությամբ կրկնում է Նախագծով լրացվող համանուն հասկացության բովանդակությունը: 

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը, կարող ենք փաստել, որ նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը նույնությամբ կրկնում է համամարդկային նշանակության հուշարձանի հասկացությունը: Հետեւաբար, անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք Օրենքի 1.1-ին հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը հանել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Օրենքի հիմնական հասկացություններում բացակայում են ըստ արժեքավորման չափանիշի տարանջատված հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների հասկացությունների սահմանումները:

Նշենք, որ այս առաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներից: Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով նշված է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները (...)»:

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում ստացվում է, որ արգելք է նախատեսվում հուշարձանների՝ քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական, ազգային խտրականության նպատակներով միայն օգտագործման համար, բայց ոչ նաեւ՝ պահպանության: Մինչդեռ նշենք, որ Օրենքի 44-րդ հոդվածը եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում ոչ միայն հուշարձանների օգտագործման այլեւ պահպանության կանոնների խախտման համար: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում, ստացվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական, ազգային խտրականության կամ ռազմական նպատակներով հուշարձանների պահպանությունն այլեւս արգելված գործողություն չէ եւ պատասխանատվություն չի կարող նախատեսվել այդ նպատակներով հուշարձանների պահպանության համար: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հիմնավորել նշված փոփոխության նպատակը կամ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ հոդվածում լրացնել նաեւ պահպանության մասին կարգավորում:

6. Օրենքի 44-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված  հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, հետախուզության եւ հնագիտական պեղումների, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման` օրենսդրությամբ սահմանված կարգը չպահպանելու համար: Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում Կառավարությանը վերապահվում է անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը հաստատելուց զատ հաստատել նաեւ հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման կարգը, որի խախտման համար պատասխանատվության մասին նախատեսված չէ Օրենքի 44-րդ հոդվածում: Կարգավորումների հստակությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք Օրենքի 44-րդ հոդվածում «վերանորոգման» բառից հետո եւս լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերը եւ կետադրական նշանները:

7. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է՝ Օրենքի 41-րդ հոդվածի վերնագրում եւ ամբողջ հոդվածում «զբոսաշրջիկություն» բառը փոխարինել «զբոսաշրջություն» բառով (առանց հոլովաձեւի մասին նշում կատարելու), մինչդեռ  Օրենքի 41-րդ հոդվածի վերնագրում եւ ամբողջ հոդվածում գործածվում է «զբոսաշրջիկության» եւ «զբոսաշրջիկային» բառերը, ուստի առաջարկում ենք վերախմբագրել Նախագծով կատարվող փոփոխությունը՝ նախատեսվող փոփոխության ինկորպորացումն ապահովելու նպատակով: Սույն առաջարկությունը բխում է նաեւ «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքով սահմանված կարգավորումներից, որում կիրառված է «զբոսաշրջիկային կազմակերպություններ» ձեւակերպումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենքի, «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

05.01.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

05.01.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծն ուղղված է մշակութային արժեքների պահպանության գործընթացի շարունակականության ապահովմանը, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործմանը, մշակութային արժեքների պահպանությանն ուղղված հնարավոր ռիսկերի նվազեցմանը եւ կանխարգելմանը: Այդ նպատակով առաջարկվում է հուշարձաններն ըստ արժեւորման չափանիշների դասակարգել համամարդկային, հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների, արգելել հուշարձանների օգտագործումը քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական, ազգային խտրականության եւ ռազմական նպատակներով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

22.12.2023թ.

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում (այսուհետ` Օրենք):

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է  Օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, ինչպես նաեւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ օրենսդրական ամրագրում ունենալու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է.

  • Օրենքում կատարել մասնակի խմբագրում եւ ըստ արժեւորման չափանիշի դասակարգման մեջ լրացնել համամարդկային նշանակության հուշարձանների դասակարգումը:
  • արգելել հուշարձանների օգտագործումը քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասսայական ու ազգային խտրականության նպատակներով, ինչպես նաեւ զիված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանների, դրանց անմիջական շրջակայքի եւ պահպանության գոտու օգտագործումն ու վերափոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն՝ այդ կերպ Օրենքը համապատասխանեցնելով «Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պահպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա) եւ նրա արձանագրության դրույթին:
  • Կառավարությանը լիազորել հաստատելու հուշարձանների տեղափոխման, ինչպես նաեւ փոփոխման կարգը եւ այլն:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Օրենքը համապատասխանեցնել Կոնվենցիայի պահանջներին:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

10.01.2024.