ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-752-22.12.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-752-22.12.2023-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել լրացում եւ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները եթեր հեռարձակել միայն ժամը 24:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում:

Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:»:

Այսինքն, ըստ Օրենքի գործող խմբագրության, հեռարձակման ժամային սահմանափակումը տարածվում է՝ 

1) էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների,

2) սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի,

3) անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների նկատմամբ:

Վերջին կետը որոշակիանում է կարգավորող պետական մարմնի սահմանած չափորոշիչների միջոցով, որոնք առավել հստակ են դարձնում՝ ինչպիսի հաղորդումները կարող են ստանալ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդման կարգավիճակ:

Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կարգավորող պետական մարմինը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն է:»:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 01-ի թիվ 109-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն[1]. « Անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն տեսալսողական հաղորդումները, որոնք՝ (…) նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձեւերի, խոսելաձեւերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների եւ կենսակերպի ռոմանտիզացիային»: «Քրեական ենթամշակույթի քարոզ» հասկացությունը որպես հանրածանոթ հասկացություն, իմաստային առումով նույնական է հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձեւերի, խոսելաձեւերի հասարակության մեջ տարածման, հանցագործ կերպարների եւ կենսակերպի ռոմանտիզացիա հասկացությունների հետ:

Ելնելով վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման սահմանափակումը ժամը 24:00-6:00-ն արդեն իսկ նախատեսված է Օրենքով, քանզի վերջիններս նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձեւերի, խոսելաձեւերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների եւ կենսակերպի ռոմանտիզացիային: Ուստի Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համակարգային մեկնաբանման արդյունքում, հանդիսանալով անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող, նման ֆիլմերը եւ տեսալսողական հաղորդումները արդեն իսկ պետք է եթեր հեռարձակվեն միայն ժամը 24:00-6:00-ն:

Ղեկավարվելով վերոգրյալով առաջարկում ենք Նախագծով նախատեսվող կարգավորումները համապատասխանեցնել Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող կարգավորումներին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

05.01.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

05.01.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է արգելել 6:00-ից 00:00-ն ընկած ժամանակահատվածում քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրումը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ          Գ. Սաֆարյան 

(հեռ.՝ 011 513-603) 

03.01.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է լրացումներ կատարել «Տեղալսողական մեդիայի մասին» օրենքում, որով առաջարկվում է արգելք սահմանել 6:00-ից 00:00-ն ընկած ժամանակահատվածում քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրման համար, որոնք, ըստ հեղինակների, բացասական ազդեցություն են ունենում հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման վրա:

Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից, Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Նախագծով առաջարկվող լրացումը, մեր կարծիքով, սոցիալական առումով, միանշանակ, դրական ազդեցություն կունենա հասարակության, առավելապես դեռահասների վրա, եւ առաջարկվող լրացումը թույլ կտա խուսափել հանցավոր վարքագիծը փառաբանելուց եւ վնասակար գործողությունների խրախուսումից:

Քրեական ենթամշակույթ պարունակող եւ խրախուսող հաղորդումների ու ֆիլմերի ցուցադրությունը ներառում է նուրբ հավասարակշռություն խոսքի ազատության եւ հանրային անվտանգության ու հասարակական արժեքների պաշտպանության անհրաժեշտության միջեւ: Դրանց ցուցադրությունն, ինչ խոսք, բարդ եւ բազմակողմանի խնդիր է, որը միաժամանակ ներառում է խոսքի ազատության, մշակութային ազդեցության եւ հասարակության համար հնարավոր վնասների բաղադրիչներ: Մյուս կողմից, դեռահասների մոտ խթանում է հանցավոր վարքագիծ եւ հրապուրում անօրինական գործողությունների դրսեւորման:

Բազմաթիվ եվրոպական երկրներ պահպանում են խոսքի ազատության սկզբունքը՝ որպես հիմնարար իրավունք: Դա նշանակում է, որ անհատները եւ ստեղծագործողները (ֆիլմ արտադրողները) իրավունք ունեն արտահայտելու իրենց գաղափարները, նույնիսկ եթե դրանք հակասական են կամ վիճարկում են հասարակական որոշ նորմեր:

Սրա հետ կապված, մի շարք երկրներում շարունակական հետազոտություններ են իրականացվում մարդկանց վարքի վրա լրատվամիջոցների ու ֆիլմերի ազդեցության վերաբերյալ, ներառյալ որոշակի բովանդակության ազդեցության եւ իրական գործողությունների միջեւ հնարավոր կապը: Այնուամենայնիվ, լրատվամիջոցների եւ մարդկանց վարքագծի միջեւ կապը բարդ է եւ պատճառահետեւանքային միանշանակ եզրակացություններ հնարավոր չէ անել:

Մյուս կողմից, Նախագծով առաջարկվող լրացումներով նմանաբովանդակ ֆիլմերի եւ հաղորդումների ցուցադրության ժամային արգելքը 06:00-00:00 ընկած ժամանակահատվածում, կարծում ենք, վերահսկելու տեսանկյունից, բավարար չէ, այն առումով, որ ներկայում Հայաստանում ինտերնետ եւ հեռուստահաղորդումներ սփռող ընկերությունները (UCOM, ROSTELECOM, TEAM եւ այլն) հետադարձ վերացուցադրման (Catch-up) գործողություն իրականացնելու հնարավորություն են տրամադրում բաժանորդներին, որը թույլ է տալիս ցանկացած հաղորդում կամ ֆիլմ դիտել իրենց համար ավելի հարմար ժամանակ:

Այս առումով, կարծում ենք, Նախագծով հետապնդվող խնդրի լուծումը մեծապես պայմանավորված կլինի այդ ուղղությամբ լիազորված մարմնի կողմից լրացուցիչ  վերահսկողական մեխանիզմների ներդրմամբ:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական եւ կրթական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

09.01.2024թ. 

--------------------------------------------------------------------------------

[1]https://tvradio.am/wp-content/uploads/2021/06/109-21.pdf