ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-754-26.12.2023-ԱՍ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-754-26.12.2023-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» ձեւակերպումը՝ համապատասխան հոլովաձեւերով, առաջարկում ենք փոխարինել «կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին» ձեւակերպմամբ՝ համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կիրառված հասկացությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված իրավադրույթներից, որոնց համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 2. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 12.01.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 12.01.2024թ.
Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն, մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող` հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում եզրակացության տրամադրման կարգը` գործառույթը վերապահելով Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 11.01.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին եւ 61-րդ հոդվածի 8-րդ մասերում՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն, մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող՝ հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում եզրակացության տրամադրման կարգը՝ գործառույթը վերապահելով Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացության տրամադրման գործառույթը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում) մեջ նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն յուրաքանչյուր դեպքի համար Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որտեղ ներգրավվում են տարբեր բժշկական կազմակերպությունների բժիշկ-մասնագետներ, որոնց զբաղվածությունից ելնելով ոչ միշտ է հաջողվում արագ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները, հետեւաբար առավել արագ արձագանքել քաղաքացու դիմումին: Նշվում է նաեւ, որ Առողջապահության նախարարությունը՝ որպես առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Այնուհետեւ, ներկայացվում են տվյալներ՝ քաղաքացիների կողմից 2015 թվականի հոկտեմբեր ամսից սկսած՝ համապատասխան տարիներին/ժամանակահատվածներում կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով Առողջապահության նախարարությանը ներկայացված եւ Առողջապահության նախարարության կողմից ուսումնասիրված դիմումների քանակի վերաբերյալ՝ ընդգծելով տարեցտարի համապատասխան դիմումների ավելացման միտումը: Հիմնավորման մեջ, սակայն, չեն նշվում հիմքեր, որ մասնագիտական եզրակացության տրամադրման գործառույթն այլ մարմնի կողմից իրականացվելու դեպքում կապահովվի վերոնշյալ գործառույթի իրականացման ավելի բարձր արդյունավետություն՝ բացառելով համապատասխան ռիսկերը եւ ընթացակարգային անհարմարությունները (հարց է առաջանում՝ արդյո?ք Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից եզրակացության տրամադրման դեպքում գործընթացում չեն ներգրավվելու բժշկական կազմակերպությունների բժիշկ-մասնագետներ, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են ունենալ մեծ զբաղվածություն): Եզրահանգում Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք Նախագիծը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 12.01.2024թ.
|