ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի   (փաստաթղթային կոդ` Կ-755-27.12.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-755-27.12.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:

2. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, որի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝

ա. պետական տուրքը,

(...)»: 

Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված վճար՝ պետական տուրք, Նախագծում նշված թանկարժեք մետաղների արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար: Այդպիսի դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ Նախագիծը կարող է ուժի մեջ մտնել օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան՝ 2024 թվականին, հաջորդող հարկային տարվա՝ 2025 թվականի սկզբից: Մինչդեռ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում քննարկվող Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանված է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը՝ համապատասխանեցնելով այն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված դրույթների ընդունման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներին:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

12.01.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

12.01.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է թանկարժեք մետաղների արտահանման գործընթացն իրականացնել լիցենզիաների տրամադրման միջոցով եւ սահմանել պետական տուրք ոսկու եւ պլատինի ձուլակտորների, ինչպես նաեւ պալադիումի արտահանման լիցենզիաների տրամադրման համար՝ թանկարժեք մետաղների վերամշակման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագիծը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ. «նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»: Քանի որ Նախագծով նախատեսվում է ոսկու եւ պլատինի ձուլակտորների, ինչպես նաեւ պալադիումի արտահանման լիցենզիաների տրամադրման համար պետական տուրքի սահմանում, ապա այն կարող է ուժի մեջ մտնել միայն դրա ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: Հետեւաբար, այս առումով Նախագիծը հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխանեցման կարիք ունի: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունը հաշվի առնելու տեսանկյունից:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

12.01.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Ներկայումս թանկարժեք մետաղների բորսայական գները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակի վրա, ուստի՝ բիզնեսի համար նպատակահարմար է արտահանել այդ ապրանքներն արտաքին շուկա, քան մշակել տեղում:

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների) արտաքին առեւտուրը, ստեղծել առավել երկար արտադրական շղթաներ, խթանել թանկարժեք մետաղների վերամշակման խորացումը տեղում՝ բարենպաստ պայմաններ ստեղծել արտերկրից ներմուծումը կրճատելու եւ առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքներ արտադրելու եւ արտահանելու համար: Առաջարկվում է նաեւ ներկայացված ապրանքների արտահանման գործընթացն իրականացնել լիցենզիաների տրամադրման միջոցով եւ սահմանել պետական տուրք ոսկու եւ պլատինի ձուլակտորների, ինչպես նաեւ պալադիումի արտահանման լիցենզիաների տրամադրման համար: 

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի համար ռազմավարական համարվող թանկարժեք մետաղների վերամշակման խորացումը՝ ինչը կնպաստի առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

05.01.2024թ.