ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-756-10.01.2024-ՏՀ-011/0) եւ  «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7561 -10.01.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-756-10.01.2024-ՏՀ-011/0) եւ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7561 -10.01.2024-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»: Մասնավորապես՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «2011 թվականի մայիսի 25-ի» բառերը շարադրել «օրենքի» բառից առաջ, ինչպես նաեւ նշել Օրենքի հերթական համարը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբախմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կիրառվող հասկացությունները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Օրենքում կիրառվում է «Կառավարություն» բառը: Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներից:

3. Նախագծի 3-րդ հոդվածի վրենագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «(…) Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (…)»:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով որպես Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2024 թվականի հունվարի 1-ը, մինչդեռ Նախագիծը շրջանառության մեջ է դրվել 2024 թվականի հունվարի 10-ին: Առաջարկում ենք սահմանել Նախագծի ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

19.01.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

19.01.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) առաջարկվում է Հարկային օրենսգրքում եւ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում կատարել այնպիսի փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը եւ շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը:

Մասնավորապես, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում նախատեսվում են ընդլայնել գործող կարգավորումներով ազատ տնտեսական գոտիներում թույլատրված գործունեության տեսակները, նախտեսվում է նաեւ ամրագրել, որ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման եւ դադարեցման, ինչպես նաեւ շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական եւ հերթական հայտարարագրերի հաստատման եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը եւ այլն: Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ փոփոխություններ է առաջարկվում կատարել նաեւ Հարկային օրենսգրքում, մասնավորապես՝ նախատեսվում է հստակեցնել շահութահարկի վճարումից ազատվելու պայմանները` ամրագրելով, որ շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից Հայաստանի Հանրապետության աղբյուրներից կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների մասով, ինչպես նաեւ հստակեցվում է վերահսկվող գործարքների շրջանակը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն անհրաժեշետ է հստակեցնել Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը (դրանով սահմանվում է, որ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:», այն դեպքում, երբ այդ ժամկետն արդեն անցել է):

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն որոշ հստակեցման անհրաժեշտություն է զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

15.01.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ հարակից՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը եւ շահույթի տեղափոխումը (այսուհետ՝ BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (այսուհետ՝ ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ:

Հայաստանի Հանրապետությունում գործող ԱՏԳ շահագործողներին շահութահարկից ազատման արտոնությունները, BEPS ծրագրի կողմից, որակվել են որպես «վնասակար» հարկային ռեժիմներ, քանի որ՝

- ՀՀ օրենսդրությամբ գործում է շահութահարկից (ուղղակի հարկերից) ազատման արտոնություն,

- արտոնյալ ռեժիմը կիրառելի է նաեւ աշխարհագրորեն հեշտ տեղափոխվող գործունեության տեսակներից (geographically mobile activities) ստացվող եկամուտների նկատմամբ,

- շահութահարկից ազատված եկամուտները ստացվում են ոչ ռեզիդենտներից կամ արտասահմանյան աղբյուրներից կամ առնվազն ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված չէ, որ այդ արտոնությունը կիրառելի է նաեւ հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների նկատմամբ,

- չկան կարգավորումներ, ըստ որոնց արտոնությունը կկիրառվի միայն ՀՀ տարածքում փաստացի ստեղծվող եկամուտների նկատմամբ կամ կբացառեն այլ երկրներում ձեւավորված եւ այդ երկրներում հարկվող եկամուտները արհեստականորեն Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ այս արտոնության շրջանակներում չհարկելու կարգավորումները (Substantial activity requirement):

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունմամբ հեղինակն ակնկալում է, որ հնարավոր կդառնա լուծել BEPS ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

19.01.2024թ.