ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-758-11.01.2024-ԱռՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-758-11.01.2024-ԱռՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ` Օրենք)» ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին Նախագծում այլեւս հղում չի կատարվում: 2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական ակտն» բառերը փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթից, այն է. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասում կիրառված «ենթաօրենսդրական ակտն» ձեւակերպմանը: 3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի համաձայն. «3. Օրենքի 47.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջները մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը եւ 9-րդ մասի 2-րդ կետի պահանջները մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը չեն տարածվում մինչեւ Օրենքի 47.1.-ին հոդվածի 2-րդ մասի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելու օրը Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վրա:»: Հարկ ենք համարում նշել, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված անցումային դրույթով նախատեսվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 47.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները որոշակի սուբյեկտների նկատմամբ չտարածելու կանոն՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն «4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր: 5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Այսպիսով՝ նորմատիվ իրավական ակտերի անցումային դրույթներով նախատեսվում են պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս ընդունված եւ ուժի մեջ մտած իրավական ակտերի կարգավորումների անցումային կիրարկումն ապահովել որոշակի ժամանակահատվածում: Հիմք ընդունելով նշվածը՝ կարող ենք եզրակացնել, որ նորմատիվ իրավական ակտերի անցումային կիրարկման նպատակով նախատեսված դրույթները կարող են փոփոխության ենթարկվել մինչեւ նշված դրույթների իրացման համար նախատեսված վերջնաժամկետը: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված անցումային դրույթի իրացման վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 1-ն է: Այսինքն՝ 2024 թվականի հունվարի 1-ից «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 47.1-ին հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը լրիվ գործողության մեջ է դրվել: Մինչդեռ Նախագիծը, այդ թվում՝ անցումային կիրարկման նպատակով նախատեսված դրույթում կատարվող փոփոխությունը, շրջանառության մեջ է դրվել 2024 թվականի հունվարի 11-ին: Հիմք ընդունելով վերոգրյալն կարող ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված փոփոխությունը կատարվում է նշված դրույթի իրացման համար նախատեսված վերջնաժամկետը լրանալուց հետո: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասում արդեն իսկ իրացման վերջնաժամկետը լրացած անցումային դրույթներում կատարվող փոփոխությանը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 19.01.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 19.01.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է երկարաձգել բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման գործունեություն համար լիցենզավորման պահանջի վերաբերյալ սահմանված անցումային շրջանը՝ նպատակ ունենալով բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվողներին տրամադրել լիցենզավորման գործընթացին պատշաճ պատրաստվելու համար ողջամիտ ժամանակահատված: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 16.01.2024թ.
1. Նախագծով առաջարկվում է 2022 թվականի հուլիսի 6-ին ընդունված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում (ՀՕ-304-Ն) կատարել փոփոխություններ: Նախագծի ընդունումը պայմանավորված է բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվողներին լիցենզավորման գործընթացին պատշաճ պատրաստվելու համար ողջամիտ ժամանակահատված տրամադրելու անհրաժեշտությամբ: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման հետաձգումը կրճատել է տնտեսվարող սուբյեկտներին լիցենզավորման գործընթացին պատրաստվելու եւ սահմանված պահանջները կատարելու համար տրված անցումային շրջանը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է վերանայել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով սահմանված անցումային շրջանը եւ սահմանել, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47.1-ին եւ 47.4-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները մինչեւ 2025 թվականի հուվարի 1-ը չեն տարածվի մինչեւ Օրենքի վերը նշված հոդվածների համապատասխան մասերի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրը Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վրա: 2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 23.01.2024թ.
|