ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-759-11.01.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-759-11.01.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: ( ) »։ Առաջարկում ենք սույն պահանջը ապահովել Նախագծի ողջ տեքստում՝ միասնական մոտեցմամբ։ 2. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 17.01.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 17.01.2024թ.
Նախագծով առաջարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով՝ նպատակ ունենալով օրենքը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշմամբ արձանագրված պահանջներին եւ այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին (կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ պետք է լինի որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին, կենսաթոշակի չափը պետք է աշխատավարձի հետ գտնվի ողջամիտ հարաբերակցության մեջ): Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 19.01.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում: Նախագծով առաջարկվող փոփոխությունը, այն է՝ մինչեւ 01.07.2014թ.-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը պետք է հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով, նպատակ ունի օրենքը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշմամբ արձանագրված պահանջներին եւ այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին (կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ պետք է լինի որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին, կենսաթոշակի չափը պետք է աշխատավարձի հետ գտնվի ողջամիտ հարաբերակցության մեջ): Նախագծով նաեւ հետադարձ ուժ է սահմանվում իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է Սահմանադրական դատարանի երկու պաշտոնաթող դատավորի (նաեւ կենսաթոշակի չափի վերահաշվարկ կատարելով) եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով լիազորությունների դադարման դեպքում Սահմանադրական դատարանի մեկ գործող դատավորի վրա: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ միայն վերոնշյալ պաշտոնատար անձինք են 2014 թվականի հուլիսի 1-ի՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նշանակված եղել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանի միայն պաշտոնաթող երկու դատավորի եւ մեկ գործող դատավորի կենսաթոշակի չափն էականորեն նվազ է լինելու Սահմանադրական դատարանի պաշտոնաթող մյուս դատավորների եւ գործող դատավորների (ապագա) կենսաթոշակի չափից: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 25.01.2024թ.
|