ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-761-15.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-761.1-15.01.2024-ՊԻ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-761.2-15.01.2024-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-761.3-15.01.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-761-15.01.2024-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-761.1-15.01.2024-ՊԻ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-761.2-15.01.2024-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-761.3-15.01.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածով նախատեսվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 224-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը քննում է սույն օրենսգրքի 41.5-րդ, 41.7-41.8-րդ, 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին), 10-12-րդ մասերով, 44.1-ին, 442-րդ, 47.14-րդ, 52.1-ին, 53-րդ, 53.2-53.6-րդ, 95-րդ, 1101-ին, 110.2-րդ, 111-րդ, 123-123.4-րդ (բացառությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.5-րդ (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 134-րդ, 135.1-ին, 135.2-րդ, 139-րդ, 140-րդ, 153-րդ, 160-րդ, 169.23-րդ, 169.30-րդ, 172.2-րդ, 172.3-րդ, 173-րդ, 173.2-րդ, 175-րդ, 177-րդ, 178-րդ, 178.1-ին, 178.2-րդ, 179.1-ին, 180-րդ (բացառությամբ հինգերորդ եւ վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 1801 -րդ, 181-րդ, 182-րդ 182.3-րդ հոդվածներով, 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի եւ սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) եւ 10-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-10-րդ (բացառությամբ սույն օրենսգրքի 223.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների), 12-14-րդ մասերով, 183-րդ, 183.2-րդ, 184-րդ, 186-րդ (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության՝ ձերբակալվածներին պահելու վայրերում), 189.8-րդ, 190-193-րդ, 199-րդ, 200-րդ, 204.2-րդ եւ 206.16 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:»:

Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ, ի տարբերություն գործող խմբագրության, Օրենսգրքի 88.1-ին հոդվածով նախատեսվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործով քննության ենթակայության հարցը դուրս է մնացել Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասությունից:

2. Նախագծի 9-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 

3. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 8-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»: Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող կարգավորումները խստացնում են որոշ իրավախախտումների համար կիրառվող տույժերը, եւ իրենց բնույթով անձի իրավական վիճակը վատթարացնող են։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:»։ Գտնում ենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի պահպանման տեսանկյունից անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածը ուժի մեջ մտնելու ավելի երկար ժամկետ նախատեսել։ 

4. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերով նախատեսվում են անցումային դրույթներ, որոնք իրենց բնույթով կապված են Նախագծի 8-րդ հոդվածի գործողության հետ։ Սակայն Նախագծի 9-րդ հոդվածով այդ անցումային դրույթների գործողության ժամկետները կապված են Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի հետ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նախագիծը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից, մինչդեռ Նախագծի 8-րդ հոդվածը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Ուստի առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերով նախատեսվող անցումային դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները կապել հենց Նախագծի 8-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու ժամկետին։

5. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 1.2-րդ մասից առաջարկում ենք հանել «եւ դրա մարմինների» արտահայտությունը, քանզի «Պետական կառավարման մարմինների մասին» օրենքով չի նախատեսվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության այլ մարմիններ։

Առաջարկում ենք նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 1.2-րդ մասում հղում կատարել Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասին, քանզի Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ նախատեսվում են այն վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերը, որոնք կարող են բողոքարկվել վարչական դատարանում միայն վերադասության կարգով բողոքարկվելուց հետո։ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության եւ դրա մարմինների վարչական ակտերը» բավական լայն արտահայտություն է եւ իրենում պարունակում է նաեւ  այնպիսի գործերով վարչական ակտեր, որոնք դուրս են Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի գործողության դաշտից։ 

6. Առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը, քանի որ օրենսգրքին այլեւս անդրադարձ չի կատարվում:

7. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է տուրքի նոր տեսակներ նախատեսել այն հայցադիմումների համար, որոնք հարուցվում են ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ դրա մարմինների։ Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսվում է պետական տուրքի վճարում այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց։ Այս համատեքստում միայն մեկ վարչական մարմնի դեմ ներկայացված հայցադիմումների համար առանձին տուրքի չափեր նախատեսելը ունի լրացուցիչ հիմնավորման կարիք, քանզի նման մոտեցումը կարող է նախադեպ հանդիսանալ այլ վարչական մարմինների դեմ ներկայացվող հայցադիմումների համար եւս առանձին տուրքի չափեր սահմանելու համար։  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող մոտեցումը ոչ միայն կարող է ընկալվել որպես Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայացրած վարչական ակտերի դատական վիճարկման իրավունքի «խոչընդոտ» (նախատեսվող տուրքերի չափերը առավել բարձր են, քան այլ վարչական մարմինների վարչական ակտերի վիճարկման համար սահմանված չափերը), այլեւ  պարունակում է օրենսդրության անտեղի ուռճացման վտանգ։ Ուստի առաջարկում ենք վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածը։

8. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք չօգտագործել «ՀՀ ՆԳՆ» ձեւակերպումները՝ հիմք ընդունել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, առ այն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

9. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում սահմանված է «Պետական տուրքի մասին» լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, որի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝

ա. պետական տուրքը,

(...)»: 

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված վճար՝ պետական տուրք, այն վարչական ակտերի վիճարկման համար, որոնցով հայցը հարուցվում է ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ դրա մարմինների եւ կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց։ Այդպիսի դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ քննարկվող նախագիծը կարող է ուժի մեջ մտնել օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան՝ 2024 թվականին, հաջորդող հարկային տարվա՝ 2025 թվականի սկզբից: Մինչդեռ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանված է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված ժամկետը՝ համապատասխանեցնելով այն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված դրույթների ընդունման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Պետական կառավարման մարմինների մասին» օրենքի, «Պետական տուրքի մասին» օրենքի, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

22.01.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

22.01.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է` 

- սահմանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված վարչական ակտերի եւ դրսեւորած գործողությունների եւ անգործության վերադասության կարգով բողոքարկման (գանգատարկման) պահանջ (արտադատական ընթացակարգ), նախքան դատական կարգով դիմելը,

- բացառել վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հայցի հարուցումը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համար սահմանելով համապատասխան արձանագրության հիման վրա համապատասխան վարչական ակտի կայացման իրավական հնարավորություն,

- վերանայել ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափը, 

- սահմանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ընդունած վարչական ակտերի դատական կարգով վիճարկման գրավոր դատաքննության ընթացակարգ՝ միաժամանակ նախատեսելով որոշակի բացառություններ,

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 70 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտականությունը համարել պատշաճ կատարված (ընդ որում, օրենքում նախատեսվում է բացառություն այն դեպքերում, երբ տուգանք նշանակելու մասին որոշումը բողոքարկվում է):

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

17.01.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» կատարել փոփոխություններ եւ լրացումներ, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից օրենքներում:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը որոշակի չափով նվազեցնելու եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքի վճարման պարտավորության կամովին կատարումը խթանող գործիքակազմ ներդնելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ ներկայիս կարգավորումներով վերադասության կարգով վարչական ակտի, վարչական մարմնի գործողության կամ անգործության բողոքարկման պարտադիրությունը սահմանված է միայն որոշ իրավախախտումների վերաբերյալ գործերով: Ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացրած ոչ բոլոր վարչական ակտերն են, որ ենթադրում են պարտադիր վերադասության կարգով գանգատարկում (բողոքարկում) նախքան դատարանում վիճարկելը, ինչը հանգեցնում է համապատասխան վարչական ակտերի հասցեատերերի կողմից անտեղի եւ չհիմնավորված բողոքարկումների՝ առանց վերադասության կարգով գանգատ (բողոք) ներկայացնելու, ինչն էլ իր հերթին հանդիսանում է վարչական դատարանների ծանրաբեռնվածության պատճառ:

Բացի այդ, օրենսդրությունը չի նախատեսում վարչական տույժի ենթարկված քաղաքացու կողմից տուգանքի վճարման պարտավորությունը ժամանակին եւ պատշաճ կատարելու դեպքում որեւէ խրախուսական նորմ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝  Նախագծերի փաթեթի հեղինակի կողմից առաջարկվում է.

- նախատեսել ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված վարչական ակտերի եւ դրսեւորած գործողությունների եւ անգործության վերադասության կարգով գանգատարկման (բողոքարկման) պահանջ՝ նախքան դատական կարգով դիմելը,

- սահմանել պետական տուրք՝ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով վիճարկելու համար, 

- սահմանել ՆԳՆ ոստիկանության ընդունած վարչական ակտերի դատական կարգով վիճարկման գրավոր դատաքննության ընթացակարգ՝ նախատեսելով որոշ բացառություններ,

- վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտականությունը համարել պատշաճ կատարված՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը գանգատարկվելու (բողոքարկվելու) դեպքի, եթե իրավախախտման համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 70 տոկոսը  վերջիններիս կողմից վճարվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հանձնվելու (ծանուցվելու) օրվան հաջորդող օրվանից 15 օրյա ժամկետում,

- նշանակել սահմանված տուգանքի գումարից 20 տոկոսի չափով պակաս տուգանք, եթե   որոշման հասցեատերը www.roadpolice.am ինտերնետային կայքով դիմել է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերն իր նշած էլեկտրոնային փոստային հասցեին ուղարկելու պահանջով,

- նախատեսել վարչական տույժ տուգանային միավորի ձեւով՝ 0,5 տուգանային միավոր (որպես լրացուցիչ վարչական տույժ), տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի եւ (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքում, իսկ որոշ դեպքերում  նախատեսված 0,5 տուգանային միավորը փոխարինել 1 տուգանային միավորով եւ այլն:

2. Նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

2.1. Նախագծերի փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նաեւ Նախագիծ), ըստ էության, արտոնություն է նախատեսվում իրավախախտում կատարած անձանց համար որոշակի ժամկետում տուգանքը վճարելու եւ www.roadpolice.am ինտերնետային կայքում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերը որոշման հասցեատիրոջ կողմից նշած էլեկտրոնային փոստային հասցեին ուղարկելու պահանջով դիմելու դեպքերում: 

Ավելին, Նախագծով սահմանվում է նաեւ, որ սույն օրենքի գործողությունը կտարածվի նաեւ վարչական տույժ նշանակելու մասին մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված եւ դեռեւս չկատարված, ինչպես նաեւ վարչական տույժ նշանակելու մասին մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված եւ հարկադիր կատարման փուլում գտնվող այն որոշումների վրա, որոնցով նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսն օրենքն ուժի մեջ մտնելու պահին վճարված (գանձված) է եղել կամ կվճարվի սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 3 ամսվա ընթացքում: 

Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում ենք, Նախագծի ընդունումը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից կարող է դրական նշանակություն ունենալ:

2.2. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝  նաեւ Նախագիծ) առաջարկվում է ՆԳՆ ոստիկանության եւ դրա մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով բողոքարկելու համար նախատեսել պետական տուրք:

Հարկ ենք համարում նշել, որ  ի տարբերություն մյուս վարչական մարմինների կողմից կայացված վարչական ակտերի դեմ ներկայացվող հայցադիմումների համար գանձվող պետական տուրքի՝ ՆԳՆ ոստիկանության եւ դրա մարմինների դեմ Վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար Նախագծով սահմանվում է ավելի բարձր չափի պետական տուրք:

Հիմք ընդունելով վերը նշվածը, կարծում ենք, ՆԳՆ ոստիկանության եւ դրա մարմինների դեմ Վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար նախատեսվող պետական տուրքի չափերը վերանայման կաիրք ունեն:

3. Նախագծերի փաթեթում ներառված մյուս օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  ընդունումը, մեր կարծիքով,  դրական կանդրադառնա  վարորդների վճարման պատրաստակամության վրա եւ կարող է ունենալ սոցիալական դրական ազդեցություն վերջիններիս ֆինանսական բեռը թեթեւացնելու տեսանկյունից:

Միաժամանակ, կարծում ենք, որ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը սոցիալական  հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                        ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

22.01.2024թ.