ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-765-22.01.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-765-22.01.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. « ( ) Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծում օգտագործել «Հոդված» ձեւակերպումը: 2. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: 3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենգրքի 98-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Իրեղեն ապացույցների պահպանումը, պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնումը, տնօրինումը եւ տվյալների հրապարակումը »: Գտնում ենք, որ նախատեսվող վերնագիրը լրամշակման կարիք ունի, քանզի Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող կարգավորումները վերաբերում են ոչ թե պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման ընթացակարգին, այլ այդ ընթացակարգի իրականացման համար վճարվող դրամական միջոցների վճարման, կառավարման, տվյալների հրապարակման ընթացակարգերին: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջով առ այն՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»՝ առաջարկում ենք լրամշակել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվող Օրենսգրքի 98-րդ հոդվածի վերնագիրը: 4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն Օրենսգրքի 98-րդ հոդվածում նախատեսվում են կարգավորումներ, որոնք վերաբերում են հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանն ուղղված դրամական միջոցների վճարման, այդ միջոցների կառավարման, տվյալների հրապարակման ընթացակարգերին: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Օրենսգրքի 98-րդ հոդվածը ներառված է Օրենսգրքի 11-րդ գլխում, որը վերնագրված է «ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախագծով նախատեսվող փոփոխությունները հանգեցնում են 11-րդ գլխում ընդգրկվող հոդվածի բովանդակության փոփոխման եւ իմաստային ընդլայնման՝ առաջարկում ենք Նախագծի 11-րդ գլխի վերնագիրը համապատասխանեցնել իրենում ընդգրկված 98-րդ հոդվածի նոր նախատեսվող բովանդակությանը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված պահանջից, այն է. «Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 09.02.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 09.02.2024թ.
Նախագծով առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ՝ սահմանելու քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման եւ հաշվառման, ինչպես նաեւ որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների եւ արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 01.02.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում», որի անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ հաշվառելու, ինչպես նաեւ ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ վերահսկողական գործառույթներ իրականացնելու ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով: Վերոհիշյալ խնդիրները լուծելու նպատակով, ՀՀ վարչապետի՝ 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 40-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պետությանը եւ համայնքին պատճառված վնասի վերականգնման ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք որոշակի խոչընդոտներ են ստեղծում վերականգնված գումարները տնօրինելիս եւ հաշվառելիս: Մասնավորապես, աշխատանքային խմբի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ իրավասու մարմիններում քննվող քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնվում է ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման եւ ՊԵԿ միասնական հաշվեհամարներին: Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը, իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական գործով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվեհամարին: Վերը թվարկված խնդիրներով պայմանավորված, Նախագծով ներկայացվող փոփոխություններով եւ լրացումներով, հեղինակն առաջարկում է ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ՝ սահմանելու քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման եւ հաշվառման, ինչպես նաեւ որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների եւ արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը: Ըստ այդմ, Նախագծի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ օրենսդրական հիմք կստեղծվի պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 26.01.2024թ.
|