ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-774-06.02.2024-ՊԻ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-774.1-06.02.2024-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-774.2-06.02.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-774-06.02.2024-ՊԻ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-774.1-06.02.2024-ՊԻ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-774.2-06.02.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն)  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի համաձայն. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «11. Առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել. 1) սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում՝ օրենքով սահմանված կարգով որպես ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող հաշվառված անհատ ձեռնարկատերերը կամ առեւտրային կազմակերպությունները, 2) բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով ներդրումային ծառայություններ մատուցող անձինք:»: Ի լրումն այս կարգավորման, լրացումներ են նախատեսվել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում՝ 16-րդ հոդվածի 1-ին մասի 1.12-րդ կետի 6.1-ին ենթակետում եւ 20.1-ին հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում: Ցանկանում ենք նշել, որ «Պետական տուրքի մասին» օրենքում նախաձեռնված լրացումները վերաբերում են միայն լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություններում հանրային ծառայողի կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի բաժնեմասի հավատարմագրային կառավարման հանձնումը գրանցելու եւ հավատարմագրային կառավարում իրականացնելու իրավունք ձեռք բերելու համար վճարվող պետական տուրքին: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է նաեւ բաժնետիրական ընկերություններում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ կարգավորում, որի վերաբերյալ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ չեն նախատեսվել: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված դիտարկման հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

20.02.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

20.02.2024թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարումը նույնպես դարձնել ծանուցվող գործունեության տեսակ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում իրականացնելով համապատասխան փոփոխություններ, որի դեպքում, համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումների, հանրային ծառայողի գույքի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել օրենքով սահմանված կարգով որպես ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող հաշվառված անհատ ձեռնարկատերերը կամ առեւտրային կազմակերպությունները,

- սահմանել, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի՝ բաժնետիրական ընկերություններում ունեցած բաժնետոմսերի կառավարումը իրականացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից,

- «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 11-րդ կետում ավելացնել նաեւ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունները, որի արդյունքում լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների համար կսահմանվեն նույնաբովանդակ կարգավորումներ՝ ինչ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար,

- «Պետական տուրքի մասին» օրենքում իրականցնել լրացումներ, որով կսահմանվի պետական տուրք լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու եւ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու համար:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

15.02.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում իրականացված օրենսդրական փոփոխություններից բխող գործնական խնդիրների լուծմամբ, մասնավորապես, նախատեսվում է հստակեցնել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ հստակ սահմանել, թե սահմանափակ եւ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների, ինչպես նաեւ բաժնետիրական ընկերությունների դեպքում ովքեր կարող են հանդես գալ որպես հավատարմագրային կառավարիչներ: Առաջարկվում է նաեւ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կունենան այնպիսի բովանդակություն, ինչպիսին առկա է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար:

Չնայած Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված օրենսդրական փոփոխություններ կատարելու պատճառներին, այդուհանդերձ  կցանկանայինք Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնել հետեւյալ նկատառումները. 

Համաձայն ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի, բաժնետիրական ընկերությունների դեպքում ընկերության կանոնադրական կապիտալում հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել միայն «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով ներդրումային ծառայություններ մատուցող անձինք: Ստացվում է, որ հավատարմագրային կառավարում իրականացնող անձանց շրջանակը, մեղմ ասած, սահմանափակվում է, ինչը կարող է խնդիրներ առաջացնել հանրային ծառայողի համար՝ կապված վերջինիս կողմից պաշտոնն ստանձնելուց կամ ժառանգություն ընդունելոց հետո իրեն պատկանող բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված  մեկամսյա ժամկետը պահպանելու հետ: 

Բացի վերոնշյալից, հավատարմագրային կառավարման ծառայություն մատուցող անձանց շրջանակի սահմանափակումը կարող է հանգեցնել վերջիններիս կողմից հավատարմագրային կառավարման ծառայության մատուցման վճարների չափերի ավելացման:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը վերանայման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                          ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարողներ՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

                             Լ. Սարգսյան  (հեռ.՝ 011-513-270, 12-70)

21.02.2024թ.