ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-779-16.02.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-779-16.02.2024-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

20.02.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

20.02.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի (այսուհետ՝ Բանկ) միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով Բանկը համաձայնում է ՀՀ-ի (Վարկառ) տրամադրել 66.1 մլն եվրո գումարի չափով վարկավորում հետեւյալ պայմաններով.

- վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 30.09.2027թ.,

- վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,

- վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6 ամսյա EURIBOR + 0.5% մարժա + 0.3% (մարման հավելավճար): Մարման հավելավճարը կախված է վարկի միջին ժամկետայնությունից եւ ԱԶԲ-ի կողմից զարգացող երկրների դասակարգման եւ աստիճանակարգման քաղաքականության մեթոդաբանության համաձայն դասակարգված երկրի ենթախմբից: 12.12.2023թ. դրությամբ 6 ամսյա EURIBOR-ը կազմել է 3.96%,

- պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,

- վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին,

- վարկի ժամկետ՝ 22 տարի,

- վարկի մարման ժամկետ՝ 7 տարի,

- վարկի արտոնյալ ժամկետ՝ 15 տարի,

- մայր գումարը ենթակա է մարման հետեւյալ ժամանակացույցով՝ 15.01.2039թ.-ից մինչեւ 15.01.2045թ. յուրաքանչյուր մարման մասնաբաժինը՝ 7.142857%, իսկ 15.07.2045 թվականի վերջին մարումը՝ 7.142859%:

Վարկառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին՝ խնդրելով կատարել վարկավորման պայմանների հետեւյալ փոփոխությունները՝

1. փոխարկել ամբողջությամբ կամ մասնակիորեն վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ չմասհանված գումարի արժույթը՝ Բանկի համար ընդունելի մեկ այլ արժույթի,

2. փոխարկել վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի եւ հակառակը:

Ծրագրի հիմնական եւ առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը եւ շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաեւ ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում եւ 15 մասնագետների վերապատրաստում, շինարարության բնագավառում աշխատող 100 մասնագետի վերապատրաստում՝ սեյսմակայուն շինարարության բնագավառի վերաբերյալ եւ այլ գործառույթներ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343) 

23.02.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր)   լրացուցիչ ֆինանսավորման նպատակով:

Ծրագիրն իրականացնելու նպատակով ԱԶԲ-ն համաձայնել է իր սովորական կապիտալ միջոցներից Հայաստանին տրամադրել վաթսունվեց միլիոն հարյուր հազար եվրոյի (66,100,000) չափով վարկ:

Ծրագրի հիմնական եւ առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը եւ շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաեւ ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում եւ 15 մասնագետների վերապատրաստում, շինարարության բնագավառում աշխատող 100 մասնագետի վերապատրաստում՝ սեյսմակայուն շինարարության բնագավառի վերաբերյալ եւ այլ գործառույթներ:

Ծրագրի շրջանակներում ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն եւ ստանան վկայական 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով:

Պետք է նշել նաեւ, որ Ծրագիրն օժանդակում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրին, որը հանդիսանում է Աղետների ռիսկի նվազեցման Հայաստանի ազգային ռազմավարության հիմնական ուղենիշերից մեկը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

26.02.2024թ.