ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-780-20.02.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-780-20.02.2024-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվող պայմանագիրը ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին տեղեկատվությունը բացակայում է:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ անհրաժեշտ է Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

29.02.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին ազատում է ուղղակի հարկերից, որոնք Հայաստանի Հանրապետությունում ենթակա են վճարման՝ կապված 1-ին հոդվածի 1-ին պարբերությունում նշված ծրագրերի կամ 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պայմանագրերի կնքման եւ իրականացման հետ:»:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է. «Հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով, (…)»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ կարծում ենք՝ Վերականգնման վարկերի բանկին տրամադրվող ուղղակի հարկերից ազատման վերաբերյալ արտոնությունն անհրաժեշտ է սահմանել օրենքով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր:»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ:»:

Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

29.02.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի օգոստոսի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով նախատեսվում է մինչեւ 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակություն (վարկ) տրամադրել «Վերականգնվող էներգիայի ընդլայնում եւ էներգախնայողություն. փուլ III» ծրագրի իրականացման համար: Համաձայնագիրը հանդիսանում է շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է կնքել առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագիր:

Համաձայն ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկանքի՝ հաշվի առնելով Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերը (եթե վարկառուն կամ ֆինանսական օժանդակություն ստացողը Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, ապա Վերականգնման վարկերի բանկին տալիս է երաշխիք կնքվելիք պայմանագրերից բխող պարտավորությունների համար), հիշյալ պայմանների ի հայտ գալը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343) 

28.02.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել  2023 թվականի օգոստոսի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի նպատակն է գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով ամրապնդել եւ խորացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական, տնտեսական եւ շրջակա միջավայրի պահանջներին համապատասխանող զարգացմանը:

Համաձայնագիրը կազմված է նախաբանից եւ չորս հոդվածներից:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է մասնավորապես հետեւյալ պարտավորությունները.

  • Օգտագործել Վերականգնման վարկերի բանկից (այսուհետ՝ ՎՎԲ) ստացվելիք մինչեւ 12,000,000 (տասներկու միլիոն) եվրոյի չափով վարկը, որը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասանելի է դարձել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից, «Վերականգնվող էներգիայի ընդլայնում եւ էներգախնայողություն. փուլ III» ծրագրի իրականացման համար,
  • Երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ վարկառու չհանդիսանալու դեպքում ՎՎԲ-ի օգտին վճարումնները կատարվեն եվրոյով,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ֆինանանսական օժանդակություններ ստացող չհանդիսանալու դեպքում ՎՎԲ-ին տալ երաշխիք առ այն, որ կկատարվեն հետվճարման այն պահանջները, որոնք կարող են ծագել Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն կնքվելիք ֆինանանսական օժանդակությունների պայմանագրերից (հոդված 2, 4-րդ պարբերություն),
  • ՎՎԲ-ին ազատել ուղղակի հարկերից, որոնք Հայաստանի Հանրապետությունում ենթակա են վճարման՝ կապված Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունում նշված ծրագրերի կամ 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պայմանագրերի կնքման եւ իրականացման հետ (հոդված 3):

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

29.02.2024թ.