ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-781-22.02.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-781-22.02.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 29.02.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 29.02.2024թ.
Ներկայացված Նախագծով, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված սկզբունքները (պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի եւ պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը, պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը) պահպանելու նպատակով, առաջարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, թեեւ հարկ է նկատի ունենալ, որ ընթացիկ տարվա պետական բյուջեի ծախսային մասում որոշակի վերաբաշխումների անհրաժեշտություն կարող է առաջանալ՝ կապված նոր (ավելի բարձր) դրույքաչափերով վարձատրոթյան իրականացման հետ: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 27.02.2024թ.
1. Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել լրացումներ եւ փոփոխություններ: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ 2018-2022 թվականներին Օրենքում կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամների համար սահմանվել են հիմնական աշխատավարձի հաշվարկման այլ գործակիցներ, վերանայվել են ինքնավար մարմինների եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ նախագահի տեղակալի համար սահմանված գործակիցները: Օրենքի ներկայիս կարգավորումներով անկախ պետական մարմնի նախագահի եւ անդամի հիմնական աշխատավարձի գործակիցները վերաբերելի են միայն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց, իսկ անկախ պետական մարմնի նախագահի տեղակալի համար սահմանված գործակիցը այլեւս կիրառելի չէ: Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է՝ - Օրենքի 1-ին հավելվածից հանել «Անկախ պետական մարմնի նախագահ», «Անկախ պետական մարմնի նախագահի տեղակալ» եւ «Անկախ պետական մարմնի անդամ» տողերը, - Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան: 2. Նախագծի ընդունումը կոնկրետ շրջանակի անձանց սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից կունենա դրական նշանակություն: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 27.02.2024թ.
|