ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության  (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-783-26.02.2024-ԵԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության  (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-783-26.02.2024-ԵԻ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

06.03.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք՝ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ այլ օրենքի ընդունման անհրաժեշտություն: Օրինակ՝

1. «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության  (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված է, որ պաշտոնական պարտականությունների իրականացման ընթացքում ճանապարհորդելիս ՀԵՄԱ-ի անձնակազմը իրավասու է օգտվել հանրային ճանապարհներից, կամուրջներից եւ օդանավակայաններից՝ առանց տուրքերի, վճարների, ճանապարհավճարների, հարկերի կամ այլ վճարումների: (…):

Միաժամանակ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է, որ ՀԵՄԱ-ին ազատել իր նպատակների իրագործման համար ներմուծվող ապրանքների, մատուցվող ծառայությունների եւ օգտագործվող օբյեկտների մասով, բոլոր պետական, տեղական եւ համայնքային տուրքերից, հարկերից եւ վճարներից՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ կարգավորումներին համապատասխան:

Նույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ կարգավորումներին համապատասխան թույլատրել ՀԵՄԱ-ի նպատակների իրագործման համար անհրաժեշտ ապրանքների մուտքը եւ երաշխավորել, որ այդ ապրանքները կազատվեն բոլոր  մաքսատուրքերից, վճարներից, ճանապարհավճարներից, հարկերից եւ համանման վճարներից՝ բացառությամբ պահեստավորման, փոխադրման եւ պահանջվող ու մատուցվող այլ ծառայությունների մասով վճարների: Իսկ Համաձայնագրի 6-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ՀԵՄԱ-ի անձնակազմի կողմից ներքին շուկայում ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերումն ազատել ԱԱՀ-ից եւ հարկերից՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան: 

Մեջբերված դրույթների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Մաքսային կարգավորումների մասին» օրենքի 36-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ «Մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի եւ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի վճարման արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության  հարկային օրենսգրքով եւ օրենքով»:

Նույն օրենքի 36-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ «Մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գծով արտոնությունները սահմանվում են օրենքով»:

Նույն օրենքի 36-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ « Մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքի գծով արտոնությունները սահմանվում են օրենքով»: Այսպես՝ «Մաքսային կարգավորումների մասին» օրենքի վերը նշված նորմերով սահմանված են, որ մաքսային մարմիններին վճարվող հարկերի,  վճարման ենթակա այլ վճարների գծով արտոնությունները եւ մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքի գծով արտոնությունները սահմանվում են օրենքով: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է՝ «Հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով:»: Հիմք ընդունելով մեջբերված իրավադրույթները՝ նշենք, որ հարկային արտոնությունները եւ մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի վճարման արտոնությունները կարող են սահմանվել միայն Հայաստանի Հանրապետության  համապատասխան օրենսգրքով կամ օրենքներով: 

2. Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված է. «1.ՀԵՄԱ-ի անձնակազմը չի կարող որեւէ կերպ ձերբակալվել կամ կալանավորվել: 

(…)

3. ՀԵՄԱ-ի անձնակազմը բոլոր հանգամանքներում Հայաստանի Հանրապետությունում ունի քրեական հետապնդումից անձեռնմխելիություն»: (…)»:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 432-րդ հոդվածում նշված անձինք չեն կարող ձերբակալվել կամ կալանավորվել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է նրանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարման համար» (…): Իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 432-րդ հոդվածում նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են քրեական հետապնդման անձեռնմխելիությունից: Այդպիսի անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծվում է դիվանագիտական ճանապարհով»:

Վերոգրյալից հետեւում է, որ  Համաձայնագրով սահմանված կարգավորումներով ՀԵՄԱ-ի անձնակազմը ոչ մի դեպքում չի կարող ձերբակալվել կամ կալանավորվել, մյուս կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է բացառություն, մասնավորապես դեպք, որի առկայությամբ դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք կարող են ձերբակալվել կամ կալանավորվել: 

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

06.03.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով նախատեսվում է ստեղծել բացառապես Հայաստանի համար նախատեսված ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով, տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովման նպատակով: 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 9-րդ հոդվածով սահմանվում է, որ ընդունող պետությունը ստանձնում է ՀԵՄԱ-ի անձնակազմի անվտանգությունը սեփական միջոցներով ապահովելու ամբողջ պատասխանատվությունը: Նշված դրույթը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեով նախատեսվող ծախսերի ավելացման: Բացի այդ, Համաձայնագրի 15-րդ հոդվածով սահմանվում է գույքին հասցված վնասի կամ կորստի հետ կապված պահանջների կարգավորման մեխանիզմները, մասնավորապես մինչեւ 40.0 հազար եվրոյին համարժեք պահանջ ներառող եւ այդ գումարը գերազանցող պահանջների դեպքում վեճերի լուծման ճանապարհները: Նշված դեպքերը անկանխատեսելի են, այնուամենայնիվ, ըստ անհրաժեշտության, ընդունող երկրի նկատմամբ վնասի հատուցման պահանջի հաստատման դեպքում, դրա կատարումը եւս ենթադրում է ՀՀ պետական բյուջեով չնախատեսված լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով, ինչպես նաեւ 6-րդ հոդվածի 8-11-րդ կետերով ՀԵՄԱ-ի եւ ՀԵՄԱ-ի անձնակազմի համար սահմանված են մի շարք հարկային եւ մաքսային արտոնություններ, որոնք սահմանված չեն ՀՀ օրենսդրությամբ՝ Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն՝ հարկային ծախսերի աճի տեսքով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343) 

04.03.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 20-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (այսուհետ՝ ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով՝ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման ու կայունության ապահովման նպատակով:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

06.03.2024թ.