ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-784-27.02.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-784-27.02.2024-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: 2. Նախագծի 1-ին հոդվածով «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացվող նոր 31.1-ին հոդվածում կիրառվում է «ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն» ձեւակերպումը: Հարկ ենք համարում նշել, որ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն» երկար արտահայտության համար սահմանվել է կիրառելիության կրճատ տարբերակ, այն է. «ժամանակավոր տեղավորման կենտրոն»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացվող նոր 31.1-ին հոդվածում կիրառել նույն օրենքում «ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն» երկար արտահայտության համար սահմնաված կրճատ տարբերակը: 3. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 07.03.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 07.03.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել հասարակական դիտորդների խմբի կազմավորման իրավական հիմքեր: Նման կարգավորումը, ըստ Նախագծի հեղինակի, ուղղված է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը, ինչպես նաեւ դրանով իսկ հասարակական կազմակերպությունների եւ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության համագործակցության ամրապնդմանը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 29.02.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում: Նախագծի ընդունումը պայմանավորված է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար իրավական հիմքեր սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվում է, որ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողությունն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հասարակական դիտորդների խմբի միջոցով: Նույն մարմնի ղեկավարը սահմանում է նաեւ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացման կարգը, խմբի կազմը եւ իրավասությունների շրջանակը: Այսինքն՝ Նախագծի ընդունման արդյունքում պետք է ընդունվի ՀՀ ներքին գործերի նախարարի հրաման, որով մանրամասն կսահմանվեն դիտորդների խմբի կազմավորման եւ գործունեության համար անհրաժեշտ կարգավորումները: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Հեղինակն ակնկալում է, որ Նախագծի ընդունմամբ կամրապնդվի հասարակական կազմակերպությունների եւ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության համագործակցությունը եւ հնարավորություն կստեղծվի ապահովելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկությունը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 11.03.2024թ.
|