ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-790-04.03.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-790-04.03.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 58-րդ հոդվածի 2-րդ մասում լրացում կատարելու արդյունքում վերջինս ունենում է հետեւյալ բովանդակությունը. «Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե` 1) բռնագանձվում է ալիմենտ. 2) հատուցվում է առողջությանը, ինչպես նաեւ կերակրողի մահվամբ պատճառված վնասը. 3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը: Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից»: Այսպես՝ հարկ է նկատել, որ Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին նախադասության մեջ կիրառվող «Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը» բառերը վերաբերում են նույն հոդվածի 1-ին մասում նշված՝ պահումների համար սահմանված տոկոսային սահմանափակմանը: Այսինքն՝ Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը կիրառվում է՝ հստակեցնելու այն փաստը, որ նույն հոդվածի 1-ին մասում նշված տոկոսային սահմանափակումները չեն վերաբերում Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերին: Հատկանշական է այն հանգամանքը, որ Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ արդեն իսկ սահմանված է նույն մասով նշված դեպքերի համար առանձին տոկոսային սահմանափակում, որը չի համընկնում Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում նշված տոկոսային սահմանափակումների հետ: Դրանից բխում է, որ նույնիսկ Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության մեջ նշված «Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը» բառերի բացակայության դեպքում Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը միեւնույն է չի տարածվում նույն հոդվածի 2-րդ մասով նշված դեպքերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ արդեն իսկ սահմանված է միայն վերոնշյալ դեպքերին վերաբերող տոկոսային սահմանափակում: Հետեւաբար՝ Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության առկայության պարագայում նույն մասի 1-ին նախադասության մեջ նշված «Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը» բառերի կիրառությունը հանգեցնում է բովանդակային առումով անհարկի կրկնության: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը» բառերը հանել՝ համապատասխան ձեւով խմբագրելով Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը: 2. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կարգավորումները: Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 15.03.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 15.03.2024թ.
Նախագծով նախատեսվում է հնարավորություն, պահանջատիրոջ համաձայնության դեպքում անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, բռնագանձումը նախ տարածել վերջինիս եկամուտների վրա, օրինակ, եթե չկան բռնագանձման ենթակա դրամական միջոցներ եւ պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար: Նշված կարգավորումը, չանտեսելով կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման կարեւորությունը, լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական դրության պաշտապանության համար, քանի որ եկամուտների վրա բռնագանձում տարածելն արդեն իսկ հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար: Նախագծով առաջարկվում է նաեւ որ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանի օրենքի տվյալ գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, ինչպես նաեւ որ պարտապանի ամուսնու՝ նույն գլխով նախատեսված եկամուտները, այսինքն՝ աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունը, կրթաթոշակը եւ կենսաթոշակը բռնագանձման ենթակա չեն: Միաժամանակ, կարեւորելով պահանջատիրոջ օրինական շահերը՝ Նախագծով սահմանվել է, որ դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում պարտապանի` աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա կարող է բռնագանձում տարածվել պահանջատիրոջ համաձայնությամբ, եթե պարտապանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 12.03.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում (այսուhետ՝ Օրենք): Նախագծի ընդունումը պայմանավորված է կատարողական վարույթի շրջանակներում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց համար լրացուցիչ սոցիալական երաշխիքների նախատեսման, ինչպես նաեւ կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծով՝ - նախատեսվում է հնարավորություն, պահանջատիրոջ համաձայնության դեպքում անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, բռնագանձումը նախ տարածել վերջինիս եկամուտների վրա, օրինակ, եթե չկան բռնագանձման ենթակա դրամական միջոցներ, եւ պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար. - առաջարկվում է, որ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ Օրենքի տվյալ գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, քանի որ ներկայումս պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն, որոշ դեպքերում նաեւ յոթանասունհինգ տոկոս, եւ արդյունքում՝ պարտապանը կարող է զրկվել կենսաապահովման նվազագույն միջոցներից. - նախատեսվում է, որ պարտապանի ամուսնու՝ Օրենքի համապատասխան գլխով նախատեսված եկամուտները, այսինքն՝ աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունը, կրթաթոշակը եւ կենսաթոշակը բռնագանձման ենթակա չեն եւ այլն: Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունը՝ Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության մեջ կատարվելիք լրացման համաձայն՝ կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարների լրիվ մարումը, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից: 58-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության մեջ կատարվելիք լրացման համաձայն՝ ալիմենտի բռնագանձման, առողջությանը, ինչպես նաեւ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից: Վերոնշյալ բարելավող կարգավորումից բխում է, որ եթե խոսքը գնում է աշխատանք ունեցող քաղաքացու մասին, ապա բռնագանձում տարածելուց հետո վերջինիս եկամուտները նվազագույն ամսական աշխատավարձի չափից չեն պակասի կամ եթե անձը ստանում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով աշխատավարձ, ապա առհասարակ աշխատավարձի վրա բռնագանձում չի տարածվի, մինչդեռ, Օրենքի 58-րդ հոդվածի 3.1 մասում կատարվելիք լրացման համաձայն՝ կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարների լրիվ մարումը, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո վճարման ենթակա գումարը պակաս չլինի ՀՀ կառավարության կողմից սահմանված սոցիալական նպաստի չափից (18 000 ՀՀ դրամ): Առաջարկում ենք Օրենքի 58-րդ հոդվածի 3.1 մասում կատարվելիք լրացումը համապատասխանեցնել 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության մեջ եւ նույն՝ 58-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվելիք լրացման տրամաբանությանը` սահմանելով, որ՝ կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարների լրիվ մարումը, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո վճարման ենթակա գումարը պակաս չլինի ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն կենսաթոշակի չափից (36 000 ՀՀ դրամ), այլ ոչ թե, ինչպես Նախագծով է նախատեսվում, ՀՀ կառավարության կողմից սահմանված սոցիալական նպաստի չափից (18 000 ՀՀ դրամ): Եզրահանգում Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունը՝ կարծում ենք, որ Նախագիծը լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 25.03.2024թ.
|