ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-798-15.03.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-798-15.03.2024-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել մի քանի լրացում: Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 1.2-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 22-րդ եւ 23-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ. 

«22. Բյուջետային ծրագրի գնահատումը ծրագրերի եւ միջոցառումների համակարգված, օբյեկտիվ եւ բազմակողմանի վերլուծությունն է՝ վերջիններիս արդյունավետությունն ու արդյունքայնությունը բացահայտելու նպատակով:

23. Արդյունքայնությունը ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու միջոցառումները որքանով են ապահովել նախատեսված նպատակները եւ վերջնական արդյունքները»:

Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ «բյուջետային ծրագրի գնահատում» հասկացության բացահայտման համար կարեւոր է հասկանալ, թե Օրենքում ինչ իմաստով են կիրառվում «արդյուանվետություն» եւ «արդյունքայնություն» բառերը: Ինչպես արդեն նշվեց, Նախագծով լրացվում է «արդյունքայնություն» բառի սահմանումը, մինչդեռ «արդյուանվետություն» բառի սահմանում թե՛ Օրենքում, թե՛ Նախագծում առկա չէ: 

Այս համատեքստում հարկ է անդրադառնալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշենք, որ միայն «արդյունքայնություն» հասկացության սահմանված լինելու պարագայում «արդյուանվետություն» հասկացությունը Օրենքում պետք է կիրառվի իր հանրածանոթ իմաստով: Հարկ է նկատել, որ «արդյուանվետություն» բառի հանրածանոթ հասկացությունն իր իմաստով նման է Նախագծով սահմանված «արդյունքայնություն» հասկացությանը: Հետեւաբար՝ «արդյուանվետություն» եւ «արդյունքայնություն» բառերի միաժամանակյա կիրառման ժամանակ իրավական շփոթից խուսափելու նպատակով անհրաժեշտ է սահմանել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 1.2-րդ հոդվածի 23-րդ մասով սահմանվող «արդյունքայնություն» հասկացությունից տարբերվող «արդյուանվետություն» հասկացության սահմանում: 

Միաժամանակ առաջարկում ենք վերացնել Նախագծի 1-ին հոդվածում առկա վրիպակը՝ «1.2» ձեւակերպումը փոխարինելով «1.2-րդ» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւը ապահովելու նպատակով:

3. Նախագծի տարբեր հոդվածներում տարբեր հոլովաձեւերով միաժամանակ կիրառվում են «բյուջետային ծրագրի գնահատում», «պետական բյուջեի գնահատում» եւ «պետական բյուջեի ծրագրերի գնահատում» արտահայտությունները, որոնք նույն իմաստն են արտահայտում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծում նույն միտքն արտահայտող վերոնշյալ 3 արտահայտությունների փոխարեն կիրառել միայն մեկը: 

4. Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 24-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասով սահմանվում է, որ պետական բյուջետային ծրագրերի գնահատումը կառավարության անունից իրականացնում է լիազոր մարմինը: Օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Օրենքում «լիազոր մարմին» հասկացությունը կիրառվում է տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմին իմաստով, ինչից բխում է, որ պետական բյուջետային ծրագրերի գնահատումը վերապահվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: Մինչդեռ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի «Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները» վերտառությամբ հավելվածի 14-րդ եւ 17-րդ կետերից բխում է, որ պետական բյուջետային ծրագրերի գնահատումը գտնվում է ոչ թե տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, այլ ֆինանսների նախարարության գործունեության տիրույթում: 

5. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

29.03.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

29.03.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է հանրապետությունում իրավական հիմքեր ձեւավորել բյուջետային ծրագրերի գնահատման կառուցակարգերի ներդրման համար:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի 1-ին հոդվածով բյուջետային ծրագրի գնահատումը սահմանվում է որպես ծրագրերի եւ միջոցառումների համակարգված, օբյեկտիվ եւ բազմակողմանի վերլուծություն՝ վերջիններիս արդյունավետությունն ու արդյունքայնությունը բացահայտելու նպատակով: Այսինքն, այդ համատեքստում արդյունքայնությունը վերաբերում է բյուջետային ծրագրերին եւ միջոցառումներին եւ ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու միջոցառումները որքանո՞վ են ապահովել նախատեսված նպատակները եւ վերջնական արդյունքները: Միաժամանակ, Նախագծով չի տրվում բյուջետային ծրագրերի եւ միջոցառումների արդյունավետության սահմանումը, ինչը գնահատման գործընթացում կարող է առաջացնել անորոշություն: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Նախագծով սահմանվող արդյունավետությունը վերաբերում է բյուջետային ծրագրերին եւ միջոցառումներին, այլ ոչ թե բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությանը: Վերջինս որպես բյուջետային համակարգի հիմքում դրվող սկզբունք սահմանվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով եւ նշանակում է, որ բյուջեների կազմման եւ կատարման ժամանակ պետք է ելնել նախատեսված արդյունքի բյուջետային միջոցների նվազագույն ծավալի օգտագործմամբ կամ բյուջեով նախատեսված միջոցների ծավալով լավագույն արդյունքի հասնելու անհրաժեշտությունից: Կարծում ենք, բյուջետային ծրագրերի եւ միջոցառումների արդյունքայնության հետ զուգահեռ պետք է տրվի նաեւ բյուջետային ծրագրերի եւ միջոցառումների արդյունավետության սահմանումը: Հակառակ պարագայում, ոչ միայն հնարավոր չի լինի հիմնավորված կերպով միմյանցից տարբերակել բյուջետային ծրագրերի եւ միջոցառումների արդյունքայնությունն ու արդյունավետությունը, այլեւ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ բուն գնահատման գործընթացում:

2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ2» կետի համաձայն պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է պետական մարմինների կողմից պետական լիազորված մարմին ներկայացված տարեկան հաշվետվությունների համապատասխան տեղեկություններն այդ մարմինների գծով հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի եւ ծրագրերի միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշների կատարման վերաբերյալ: Կարծում ենք, ցանկալի կլինի, որ նշվածից բացի, բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառի նաեւ Նախագծով առաջարկվող բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքները:

3. Բյուջետային ծրագրերի եւ միջոցառումների ինչպես արդյունքայնության, այնպես էլ արդյունավետության գնահատումը պահանջում է որոշակի մեթոդաբանություն (առավել եւս այս դեպքում, երբ նկատի է առնվում որակական գնահատումը): Հակառակ դեպքում, գնահատման գործընթացում զգալիորեն կբարձրանա սուբյեկտիվիզմի աստիճանը: Կարծում ենք, Նախագծում պետք է ներկայացվեին նաեւ գնահատման հիմնարար չափորոշիչները, որոնք հնարավորություն կտային պատկերացում կազմել ինչպես գնահատման օբյեկտիվության, այնպես էլ դրա արդյունքների արժանահավատության վերաբերյալ:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

28.03.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրով Բյուջետային Ծրագրերի արդյունավետության եւ օգտավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով, որ Գնահատման համակարգի ներդրման նպատակով մշակվել եւ հաստատվել են «Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման հայեցակարգը» եւ «Բյուջետային ծրագրերի գնահատման մեթոդական ուղեցույցը», իսկ բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթացներ ներդրված չեն, դրանով պայմանավորված՝ սահմանափակվում է բյուջետային ծրագրերի արդյունավետությունը գնահատելու ՀՀ կառավարության հնարավորությունը: 

Ըստ այդմ, Նախագծով առաջարկվող փոփոխությամբ եւ լրացմամբ, նախատեսվում է ներդնել բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց, ակնկալելով, որ կբարձրանա Ծրագրերի արդյունավետությունն ու արդյունքայնությունը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծով առաջարկվող փոփոխության եւ լրացման ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    Լ. Մարկոսյան

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

27.03.2024թ.