ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-800-18.03.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-800-18.03.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.9-րդ հոդվածի վերնագրում կատարել լրացում՝ համապատասխանեցնելով վերջինս այդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասին, սակայն ցանկանում ենք նշել, որ անգամ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող լրացման կատարման արդյունքում Օրենքի 19.9-րդ հոդվածի վերնագիրը լինելու է առավել «նեղ» բովանդակությամբ, քան հոդվածի բովանդակությունն է՝ ամբողջ ծավալով չընդգրկելով հոդվածով նախատեսվող կարգավորումները: Բացի այդ վերնագրում կշարունակի մնալ « հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման» արտահայտությունը, մինչդեռ Նախագծով նախատեսվող խմբագրությամբ հիշատակված գործառնության իրականացման համար պետական տուրք չի գանձվելու: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետը լրամշակել՝ Օրենքի 19.9-րդ հոդվածում պահպանելով «Նորմատիվ իրավկան ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջն առ այն՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:» Միաժամանակ առաջարկում ենք նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի հիման վրա փոփոխություն նախաձեռնել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածում՝ վերջինիս վերնագիրը եւ 1-ին մասը համապատասխանեցնել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող խմբագրությանը: 2. Նախագծի 4-րդ հոդվածում սահմանված է Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, որի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ից:»: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են` 1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝ ա. պետական տուրքը, (...)»: Նախագծով առաջարկվում է ինչպես գործող պետական տուրքերի դրույքաչափերի վերանայում, այնպես էլ պետական տուրքի նոր դրույքաչափերի սահմանում՝ մաքսային մարմինների կողմից նախատեսվող գործառնությունների իրականացման համար: Սահմանելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի իմաստով պետական վճար՝ այդպիսի դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ Նախագիծը կարող է ուժի մեջ մտնել օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան՝ 2024 թվականին, հաջորդող հարկային տարվա՝ 2025 թվականից: Մինչդեռ Նախագծի 4-րդ հոդվածում ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանված է պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ը, որը միանշանակ չէ, որ կարող է հանդիսանալ 2025 թվականը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված ժամկետը՝ համապատասխանեցնելով այն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսվող համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելու վերաբերյալ ընդունելի ժամկետներին: Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 19.9-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի 2-րդ կետը արդեն իսկ «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-17-Ն օրենքով ուժի մեջ է մտնելու 2024 թվականի օգոստոսի 1-ին: Ուստի կարծում ենք, որ առկա է արդեն իսկ ընդունված օրենքի եւ Նախագծով նախատեսվող կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետների համպատասխանեցման անհրաժեշտություն: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 05.04.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Հիմք ընդունելով Եզրակացության 1-ին կետում կատարված դիտարկումը՝ առաջարկում ենք փոփոխություններ կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածում: Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 05.04.2024թ.
Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված՝ մաքսային գործառնությունների հետ կապված պետական տուրքի տեսակները համապատասխանեցնել մաքսային օրենսդրության գործող կարգավորումներին, ինչի արդյունքում առաջանում են դրանց տարաբնույթ մեկնաբանման խնդիրներ՝ հաշվի առնելով այն, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված մաքսային գործառնությունների շրջանակը ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով ներկայումս սահմանված՝ պետական տուրքի տեսակները: Նախագծով առաջարկվում է ինչպես գործող դրույքաչափերի վերանայում, այնպես էլ պետական տուրքի նոր դրույքաչափերի սահմանում՝ մաքսային մարմինների կողմից նախատեսվող գործառնությունների իրականացման համար, նախատեսվում է նաեւ պետական տուրքի արտոնությունների շրջանակի որոշակի ընդլայնում: Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է՝ 1) մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների (2015թ.-ից կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները` 4 տեսակի մաքսային հայտարարագրեր՝ նախկին օրենսդրությամբ կիրառվող մաքսային փաստաթղթերի փոխարեն), 2) տեղորոշող սարքերով տրանսպորտային միջոցների երթուղու դիտարկման համար պետական տուրքի սահմանում (հաշվի առնելով տվյալ ծառայության մատուցման համար հետագայում նախատեսվող ծախսը), 3) պետական տուրքի վճարման ժամկետների սահմանում՝ պետական տուրքի յուրաքանչյուր տեսակի համար, 4) պետական տուրքի դրույքաչափերի սահմանում մաքսային փորձաքննությունների իրականացման համար, 5) պետական տուրքից ազատման արտոնության սահմանում՝ տարանցման հայտարարագրի լրացման համար բավարար կազմով նախնական տեղեկատվություն ներկայացրած անձանց համար: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 26.03.2024թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, ինչը պայմանավորված է պետական տուրքի դրույքաչափերի գործող համակարգի կիրառման արդյունքում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Ներկայում պետական տուրքի գործող դրույքաչափերը եւ մաքսային մարմինների կողմից մատուցվող ծառայության տեսակները նախատեսվել են դեռեւս 2000թ. ՀՀ մաքսային օրենսգրքի շրջանակներում, որոնք, ըստ էության, փոփոխությունների չեն ենթարկվել եւ 2020թ.-ից վերափոխվել են պետական տուրքի` միեւնույն տեսակներով (անվանումներով) եւ դրույքաչափերով: Մինչդեռ, գործող դրույքաչափերը չեն համապատասխանեցվել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգավորումներին, մասնավորապես՝ օրենսգրքի 47-րդ հոդվածով ամրագրված սկզբունքին` մաքսավճարների չափը չի կարող գերազանցել մաքսային մարմինների՝ այն գործողությունների իրականացման ծախսերի մոտավոր արժեքը, որոնց համար սահմանվել է այդպիսի վճարը : Ըստ այդմ, ներկայիս գործող դրույքաչափերի կիրառման արդյունքում, առաջանում են պետական տուրքի հաշվարկման խնդիրներ (դրանք համապատասխանեցված չեն մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին), արդյունքում՝ առաջանում են տարաբնույթ մեկնաբանման խնդիրներ՝ հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված մաքսային գործառնությունների շրջանակը ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով ներկայումս սահմանված՝ պետական տուրքի տեսակները: Ներկայացված Նախագծով հեղինակն առաջարկում է գործող իրավակարգավորման 19.9 հոդվածում կատարել որոշ փոփոխություններ եւ լրացումներ, ըստ որոնց կվերանայվեն գործող դրույքաչափերը, կսահմանվեն պետական տուրքի նոր դրույքաչափեր, ինչպես նաեւ կընդլայնվի պետական տուրքի արտոնությունների շրջանակը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 26.03.2024թ.
|