ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրոդ փուլ» ֆինանասական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-801-18.03.2024-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրոդ փուլ» ֆինանասական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-801-18.03.2024-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրոդ փուլ» ֆինանասական պայմանագրի 12.3-րդ հոդվածում սահմանված է, որ նշված հոդվածը ուժի մեջ է մտնում պայմանագրի ստորագրման ամսաթվից: Մինչդեռ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով եւ պահից։»: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ նշենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրոդ փուլ» ֆինանասական պայմանագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ կարգավորումը հակասում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 17-րդ հոդվածին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

22.03.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

22.03.2024թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), որով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 25 մլն. եվրո գումարի չափով վարկ՝ աջակցելու կայուն էներգաարդյունավետության բարելավմանը՝ ուղղված Երեւանի հանրային շենքերին, մասնավորապես՝ մանկապարտեզներին եւ պոլիկլինիկաներին: Վարկը տրամադրվում է հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

- վարկի ստացման եւ սպասարկման արժույթ՝ եվրո,

- վարկի մասհանման ժամկետ՝ պայմանագրի ուժի մեջ մտնելուն հաջորդող 5 տարի,

- վարկի մասհանումների քանակը, գումարը եւ ընթացակարգերը՝ առավելագույնը 20 մասնաբաժին՝ յուրաքանչյուրը առնվազն 1,000,000 եվրո. հերթական մասնաբաժնի մասհանման նպատակով Վարկառուի խնդրանքով Վարկատուն ներկայացնում է մասհանման առաջարկ, որտեղ ներկայացվում են մասհանման պայմանները (մասնաբաժնի գումար, մասհանման նախատեսված ամսաթիվ, մասնաբաժնի տոկոսադրույքի տեսակ, սպասարկման վճարումների հաճախականություն, վճարումների ամսաթվեր եւ առաջին վճարման ամսաթիվ, մայր գումարի մարման պայմաններ եւ առաջին ու վերջին վճարումների ամսաթվեր, ֆիքսված տոկոսադրույքով մասնաբաժնի համար՝ ֆիքսված տոկոսադրույք, լողացող տոկոսադրույքով մասնաբաժնի համար՝ ֆիքսված մարժա), իսկ ներկայացված պայմանները ընդունելի լինելու դեպքում Վարկառուն սահմանված ժամկետում Վարկատուին է ներկայացնում մասհանման ընդունման փաստաթուղթը: Վարկատուի կողմից տրամադրված մասհանման առաջարկի չընդունման կամ ամրագրված մասհանման օրվա հետաձգման դեպքում Վարկառուն պետք է վճարի «Հետաձգման վճար», որը հավասար է 0.125% գումարած չընդունված մասնաբաժնի համար սահմանված տոկոսավճարի եւ մեկամսյա Euribor տոկոսադրույքի ու 0.125%-ի տարբերությունը (վերջինս բացասական լինելու դեպքում սահմանվում է 0%),

- վարկի տոկոսադրույք՝ ֆիքսված կամ լողացող. տոկոսադրույքն ամրագրվելու է առանձին յուրաքանչյուր մասնաբաժնի համար: Լողացող տոկոսադրույքը հավասար է լինելու վեցամսյա Euribor տոկոսադրույքի եւ ֆիքսված մարժայի գումարին. մարժաները ֆիքսվելու են Վարկատուի կողմից եւ տեղեկացվելու են Վարկառուին մասհանման առաջարկներով,

- վարկի սպասարկման (տոկոսավճարների) գծով վճարումների իրականացում՝ ֆիքսված տոկոսադրույքով մասնաբաժնի դեպքում՝ եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան կտրվածքով, լողացող տոկոսադրույքով մասնաբաժնի դեպքում՝ եռամսյակային կամ կիսամյակային կտրվածքով,

- վարկի մայր գումարի մարում՝ ֆիքսված տոկոսադրույքով մասնաբաժինների դեպքում՝ հավասարաչափ եռամսյակային, կիսամյակային, տարեկան կամ անուիտետային գրաֆիկով վճարումներ, լողացող տոկոսադրույքով մասնաբաժինների դեպքում՝ հավասարաչափ եռամսյակային, կիսամյակային, տարեկան վճարումներ,

- մարման ժամկետ՝ առանձին ժամանակացույց  յուրաքանչյուր մասնաբաժնի համար. մայր գումարի մարման գծով առաջին վճարումը կարող է կատարվել համապատասխան մասնաբաժնի մասհանման օրվանից սկսած 30-րդ օրվան հաջորդող վճարման օրը, բայց ոչ ուշ, քան մասհանման օրվա 5-րդ տարվան անմիջապես հաջորդող վճարման օրը, իսկ վերջին վճարումը՝ մասհանման օրվա 4-րդ տարվան հաջորդող վճարման օրը, բայց ոչ ուշ, քան մասհանման օրվա 22-րդ տարվան անմիջապես հաջորդող վճարման օրը (մարման փաստացի ժամկետը՝ 4-22 տարի, արտոնյալ ժամկետը՝ 1 ամսից մինչեւ 5 տարի),

- ժամկետանց վճարումների համար հաշվարկվող տույժ՝ ֆիքսված տոկոսադրույքով մասնաբաժինների դեպքում՝ մասնաբաժինների համար ֆիքսված տոկոսադրույք՝ գումարած 2% կամ համապատասխան ժամանակահատվածի Euribor՝ գումարած 2% դրույքաչափերի առավելագույնը, լողացող տոկոսադրույքով մասնաբաժինների դեպքում՝ համապատասխան ժամանակահատվածի լողացող տոկոսադրույք՝ գումարած 2%,

- միանվագ կոմիսիոն վճար՝ 50,000 եվրո. գանձվում է առաջին մասնաբաժնի գումարից (եթե մասհանում չի կատարվում, Վարկառուն վճարում է կոմիսիոն վճարը մասհանման վերջնաժամկետի օրը):

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343) 

27.03.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել նոյեմբերի 29-ին ստորագրված՝ ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր):

Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 25 մլն. եվրո գումարի չափով վարկ՝ աջակցելու կայուն էներգաարդյունավետության բարելավմանը, որն ուղղված է Երեւանի հանրային շենքերին, մասնավորապես՝ մանկապարտեզներին եւ պոլիկլինիկաներին:

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ»-ի (այսուհետ՝ Ծրագիր) համաֆինանսավորման նպատակով կներգրավվի 10.1 մլն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհ ԵՄ հարեւանության ներդրումային հարթակից: Ծրագիրը հանդիսանում է ԵՆԲ ֆինանսավորմամբ ներկայում իրականացվող ծրագրի շարունակությունը:

Ծրագրի նպատակն է՝ նվազեցնել Երեւան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը եւ աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների եւ մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա եւ 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                 ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

26.03.2024թ.