ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-814-03.04.2024-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-814-03.04.2024-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք շտկել «Հանրակրթության մասին» օրենքի ընդունման ամսաթվում առկա վրիպակը՝ «23-ի» թիվը փոխարինել «10-ի» թվով:

Առաջարկում ենք նաեւ «16.1-րդ» գրելաձեւը փոխարինել «16.1-ին» գրելաձեւով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը:

2. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

3. Նախագծի «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» վերտառությամբ  3-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է Նախագծից բխող այլ իրավական ակտերի ընդունման  ժամկետները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը սահմանում է. «(…) օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»: Հաշվի առնելով վերոգրյալը Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «այլ իրավական ակտերն ընդունվում են» ձեւակերպումը փոխարինել «այլ ենթաօրենսդրական նորմատիվ  իրավական ակտերն ընդունվում են» ձեւակերպմամբ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

15.04.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

15.04.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահել ՀՀ կառավարությանը: Ներկայումս «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետի համաձայն՝ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որի արդյունքում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի կողմից հաստատվում են մի շարք հրամաններ, որոնք հանգեցնում են բյուջետային գործընթացներում քննարկված եւ հաստատված բյուջետային հատկացումների չափաքանակների գերազանցմանը, ֆիսկալ ռիսկերի առաջացմանը եւ պետական բյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնմանը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

08.04.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Հանրակրթության մասին» օրենքում կատարել լրացում եւ փոփոխություն: 

Գործող կարգավորումներով հանրակրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, ինչի արդյունքում, Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի կողմից միակողմանի ընդունվում են պետական բյուջեի վրա ուղղակի ազդեցություն ունեցող եւ լրացուցիչ ծախսեր առաջացնող իրավական ակտեր:

Պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունը ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով, Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է հանրակրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ինչպես նաեւ ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահել Կառավարությանը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է խուսափել պետական բյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնումից:

Նախագիծը սոցիալ, կրթական,  առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

08.04.2024թ.