ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-816-15.04.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-816-15.04.2024-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 4-րդ մաս, որով սահմանվում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար ծանուցման չորս միջոց՝ փաստաթղթային կամ փոստային կապի կամ անհատական կամ հրապարակային ծանուցման միջոցով: Օրենքի գործող կարգավորումներով զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար նախատեսված է ծանուցման միայն երկու տարբերակ՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային: Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով կատարվում են փոփոխություններ, որոնք միտված են վերացնելու Օրենքի որոշ դրույթներում նշված ծանուցման երկու միջոցների վերաբերյալ կարգավորումները՝ դրանք փոխարինելով Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասում նշված ծանուցման չորս միջոցներով: Այնուահնդերձ, որեւէ փոփոխություն չի կատարվում Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ նշված է. «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով համապատասխան զինվորական կոմիսարիատը ( ) քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում են զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին ( )»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք ապահովել Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման միջոցների համապատասխանությունը Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասով սահմանված ծանուցման միջոցներին: 2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում նշված է. «Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն քաղաքացուն ծանուցումն առաջնային իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով՝ պաշտոնային էլեկտրոնային փոստի առկայության դեպքում»: Այսպես՝ վերը մեջբերված հատվածում միաժամանակ կիրառվում են նույն իմաստն արտահայտող «պաշտոնական էլեկտրոնային փոստ» եւ «պաշտոնային էլեկտրոնային փոստ» հասկացությունները: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ առաջարկում ենք քննարկվող նորմում «պաշտոնային էլեկտրոնային փոստ» հասկացությունը փոխարինել «պաշտոնական էլեկտրոնային փոստ» հասկացությամբ: 3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում նշված է. «( ) Ընդ որում, քաղաքացու համաձայնության պարագայում՝ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքերում քաղաքացու ծանուցումը կարող է իրականացվել բացառապես նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագրի միջոցով, որի դեպքում եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից ( )»: Վերը մեջբերվածից բխում է, որ քաղաքացու համաձայնության պարագայում, եթե նույնիսկ բացակայում է էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից: Հատկանշական է, որ Նախագծով սահմանված կարգավորումներից հստակ չէ, թե ինչ եղանակով եւ կարգով է քաղաքացին տալիս վերոնշյալ համաձայնությունը: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ առաջարկում ենք հստակեցնել քաղաքացու կողմից տրվող համաձայնությանը վերաբերող կարգավորումները: 4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում նշված է. «Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման (եթե առկա չէ սույն մասում նշված համաձայնությունը) բացակայության դեպքերում, քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացուն ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով»: Այսպես՝ վերը մեջբերված նորմով կարգավորվում է համաձայնության բացակայության պարագայում պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքերում հաջորդիվ գործողությունների իրականացման հարցը, մասնավորապես՝ ծանուցման այլ միջոցների կիրառումը: Դրանից բխում է, որ չի բացառվում, որ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը կարող է ընդհանրապես բացակայել: Այնուամենայնիվ, Նախագծով կարգավորված են միայն քաղաքացու կողմից համապատասխան համաձայնություն չտալու դեպքում իրականացվող հաջորդիվ գորոծողությունները: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասի 2-րդ նախադասությանը, որով սահմանված է, որ համաձայնության առկայության դեպքում քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից: Այսինքն՝ համաձայնության առկայության դեպքում պաշտոնական էլեկտրոնային փաստին ծանուցում ստանալու փաստը վճռորոշ է պատշաճ ծանուցված համարվելու համար: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ Նախագծով համապատասխան կարգավորումների բացակայության պարագայում իրավական բացի խնդիր է առաջանում համաձայնության առկայության դեպքում ծանուցագիրը ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքում, քանի որ հասկանալի չէ, թե այդ դեպքում հաջորդիվ ինչ գործողություններ են ձեռնարկվում: Բացի այդ՝ քննարկվող նորմի հետ կապված նշենք, որ կարծում ենք՝ վերոնշյալ դրույթն ունի հստակեցման կարիք, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքում քանի օրվա ընթացքում պետք է ծանուցագիրը պաշտոնական էլեկտրոնային փոստով ուղարկելու փոխարեն այն քաղաքացուն հանձնել առձեռն կամ փոստային պատվիրված նամակով: Առաջարկում ենք նշել հստակ ժամկետ, որի ավարտին քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքում, հնարավոր է ծանուցումն իրականացնել այլ միջոցներով, որպեսզի հնարավորություն ընձեռնվի հասցեատեր սուբյեկտներին իրենց վարքագիծը համապատասխանեցնել սահմանված պահանջներին: 5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում նշված է. «Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքերում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ հրապարակային ծանուցման դեպքում դրա կարգը սահմանվում է Կառավարության կողմից: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 1-ին հոդվածին, որով սահմանված է. «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակային եւ անհատական ծանուցման` ինտերնետով իրականացման կարգն ու պայմանները»: Դրանից բխում է, որ համացանցով կատարվող հրապարակային ծանուցման կարգը սահմանվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով, այլ ոչ Կառավարության կողմից սահմանվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: Հատկանշական է, որ Նախագծով սահմանվում են նաեւ անհատական ծանուցման վերաբերյալ կարգավորումներ, որոնք կրկնում են «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհատական կամ հրապարակային ծանուցման մասին կարգավորումները սահմանված են «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով, ինչպես նաեւ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի եւ 17-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի եւ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի համապատասխանությունը միմյանց: 6. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվող փոփոխության արդյունքում սահմանվում է. «Քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տրված ծանուցման համաձայն»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ծանուցման տրման վերաբերյալ կարեւոր նշանակություն ունեցող կարգավարումներ սահմանվում են ոչ միայն Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ, այլեւ՝ 5-րդ եւ 6-րդ մասերով՝ առաջարկում ենք շտկել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով կատարվող հղումը: Նշենք, որ սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասից: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծ 3-րդ հոդվածում նշված հղմանը: 7. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «( ) Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի ( )»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 22.04.2024թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 22.04.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 16.04.2024թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ: Օրենքով սահմանվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կամ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձեւաչափերը, ինչի կապակցությամբ քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց պատասխանատվության հետ կապված հարցերը: Նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դրանց ստացումը հավաստող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 22.04.2024թ.
|